|
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ռազմական դրության իրավական ռեժիմը
Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ եւ թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների եւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում: Հոդված 2. Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերը
Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաեւ ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը: Հոդված 3. Ռազմական դրություն հայտարարելու նպատակը
Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաեւ ապահովել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում: ԳԼՈՒԽ 2 ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքները
1. Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրանով պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, եւ այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու: 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներ են` ա) այլ պետության զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, նման ներխուժման հետեւանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի բռնազավթումը. բ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը. գ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբահարումը. դ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը`անկախ վերջիններիս տեղակայման վայրից. ե) այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իր տարածքն օգտագործել Հայստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում իրականացնելու համար. զ) այլ պետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ուղարկված կամ նրա անունից գործող զինված խմբերի, ապակայունացնող ուժերի կամ վարձկանների զինված ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում կարող են համարվել նաեւ այլ պետության զինված ուժերի կողմից ցանկացած այլ գործողությունները կամ դրանց նախապատրաստությունը, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կամ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի խախտմամբ իրականացված այլ գործողությունները, որոնք իրական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար, ներառյալ` Հայաստանի Հանրապետությանը պատերազմ հայտարարելը: Հոդված 5. Ռազմական դրություն հայտարարելը
1. Ռազմական դրություն հայտարարում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում: 2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ: Հոդված 6. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը
Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրում պետք է սահմանվեն` ա) ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները. բ) ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը. գ) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրություն. դ) ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը. ե) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների եւ ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը. զ) ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները եւ նրանց իրավասությունների շրջանակները. է) ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք. ը) քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնական միջոցառումների իրականացման մասին. թ) ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը: Ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ կամ դրանից հետո Հանրապետության Նախագահը կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, ինչպես նաեւ որոշում ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օգտագործման մասին: 2. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ մամուլով: Հոդված 7. Ռազմական դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները
Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չի կարող արձակվել: Հանրապետության Նախագահը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իրենց լիազորություններն իրականացնում են ռազմական դրության գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:
|