|
Բնակչության բարոյահոգեբանական նախապատրաստումը` արտակարգ իրավիճակներում գործելու կարեւոր պայման
Արտակարգ իրավիճակները, որոնցում կարող է հայտնվել ցանկացած մարդ, որպես կանոն, նրա մեջ առաջացնում են հոգեբանական ու հուզական լարվածություն։ Ոմանց մեջ դա ուղեկցվում է ներքին կենսական պաշարների մոբիլիզացումով, մյուսների՝ աշխատունակության նվազումով կամ նույնիսկ խախտումով, առողջության վատթարացումով, ֆիզիոլոգիական ու հոգեբանական սթրեսային երեւույթներով։ Դա կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, աշխատանքի ու դաստիարակության պայմաններից, տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկությունից եւ վտանգի աստիճանը հասկանալուց։ Բոլոր դժվար իրավիճակներում վճռական դեր են խաղում մարդու բարոյական կոփվածությունն ու հոգեկան վիճակը։ Որեւէ ճգնաժամային պահի սրանք են որոշում գիտակցված, վստահ ու շրջահայաց գործողություններին պատրաստ լինելը։
Հոգեբանական պատրաստություն
Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել նման ճնշված կացությունից խուսափելու համար
Խուճապի կանխումը
Ի՞նչ է հարկավոր հակադրել խուճապին
Հոգեբանական պատրաստություն
Տարերային աղետները, խոշոր վթարներն ու համաղետները (կատաստրոֆաները), դրանց ողբերգական հետեւանքները մարդկանց մեջ առաջացնում են մեծ հուզական գրգռվածություն, պահանջում բարձր բարոյահոգեբանական դիմացկունություն, տոկունություն ու վճռականություն, տուժածներին օգնություն ցույց տալու, ոչնչացող նյութական արժեքները փրկելու պատրաստություն։ Ավերածությունների եւ ամայացման ծանր պատկերը, կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգը բացասաբար են ներգործում մարդու հոգեկան կացության վրա։ Որոշ դեպքերում կարող են խախտել կանոնավոր մտածելու ընթացքը, թուլացնել կամ լրիվ բացառել ինքնավերահսկումը, ինչը հանգեցնում է անհիմն ու անկանխատեսելի գործողությունների։ Վթարների հետեւանքների վերացման փորձը վկայում է, որ արտակարգ իրավիճակները կարող են մարդուն դրդել այնպիսի գործողությունների ու արարքների, որոնք սովորական պայմաններում նա չէր համարձակվի կատարել։ Հոգեբանորեն անպատրաստ, չկոփված մարդկանց մեջ երեւան են գալիս երկյուղի զգացում եւ վտանգավոր տեղից փախչելու ձգտում, մյուսների մեջ՝ մկանների անզգայացումով, թմրությամբ ուղեկցվող հոգեբանական շոկ, խանգարում։ Այդ պահին խախտվում է կանոնավոր մտածողության կարողությունը, թուլանում կամ լրիվ կորչում է զգացմունքներն ու կամքը վերահսկելու գիտակցությունը։ Նյարդային գործընթացները (գրգռվածություն կամ արգելակում) տարբեր կերպ են դրսեւորվում։ Ոմանց բիբերը լայնանում են, խախտվում է շնչառությունը, սրտխփոցը սկսում է արագանալ, ծայրանդամների արյունատար անոթների կծկում է առաջանում, հայտնվում է սառը քրտինք, թուլանում են մկանները, փոխվում է ձայնի տեմբրը, իսկ երբեմն էլ կորչում է խոսելու ունակությունը։ Հայտնի են նույնիսկ մահվան դեպքեր՝ սրտանոթային համակարգի աշխատանքի կտրուկ խախտման հետեւանքով՝ հանկարծակի ուժեղ վախից։ Այսպիսի վիճակը բավական երկար է տեւում՝ մի քանի ժամից մինչեւ մի քանի օր։ Երկրաշարժերի ու վթարների հետեւանքները վերացնելիս երբեմն տեսնում ենք այնպիսի մարդկանց, որոնք գտնվում են հոգեկան ծանր վիճակում, կարող են երկար ժամանակ աննպատակ թափառել բնակավայրի ավերակներում։ Նման վարքի պատճառներն են վտանգի առաջացման անսպասելիությունը, տարերային աղետի կամ վթարի բնույթի ու հնարավոր հետեւանքների, այդ իրավիճակում վարքի կանոնների չիմացությունը, տարերքի դեմ պայքարի փորձի եւ հմտությունների բացակայությունը, թույլ բարոյահոգեբանական պատրաստվածությունը։
Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել նման ճնշված կացությունից խուսափելու համար
Առաջին, պետք է հաշվի առնել, որ ծանր հոգեկան ցնցում ապրած մարդն ավելի արագ է վերականգնում հոգեկան հավասարակշռությունը, եթե նրան ընդգրկում են որեւէ ֆիզիկական աշխատանքի մեջ, այն էլ` ոչ մենակ, այլ խմբի կազմում։
Երկրորդ, մարդու վրա բացասական ներգործությունը թուլացնելու համար անհրաժեշտ են արտակարգ իրավիճակներում գործելու մշտական պատրաստութուն, հոգեկան կայունության ձեւավորում, կամքի դաստիարակում։ Ահա ինչու հոգեբանական պատրաստության հիմնական բովանդակությունը անհրաժեշտ հոգեբանական հատկանիշների մշակումն ու ամրապնդումն է։ Այստեղ գլխավորն ուսուցման առավելագույն մերձեցումն է իրական այնպիսի պայմաններին, որոնք կարող են ստեղծվել կոնկրետ տարածաշրջանում, բնակավայրում կամ օբյեկտում։ Հատկապես կարեւոր է ինքնատիրապետում, սառնասրտություն, բարդ ու վտանգավոր իրավիճակում սթափ մտածելու կարողություն դաստիարակելը։ Այս հատկությունները մարդկանց մեջ սոսկ խոսքով մշակելն անհնար է։ Միայն պրակտիկան ու կրկին պրակտիկան կօգնի ձեռք բերել հուզակամային փորձ, անհրաժեշտ հմտություններ եւ հոգեբանական կայունություն։ Ահա թե ինչու բնակչության հետ, առավել եւս կազմավորումների (ստորաբաժանումների) անձնակազմերի հետ պարապմունքներ անցկացնելիս պետք է տալ անհրաժեշտ գործողությունների ոչ միայն բանավոր նկարագրությունը, չսահմանափակվել կինո եւ տեսաֆիլմերի ցուցադրությամբ, այլեւ նրանց մեջ պարտադիր մշակել այն փրկարարական աշխատանքների հնարներն ու եղանակները, որոնց, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի հանդիպել տվյալ տեղանքում։ Ցանկացած հմտության մշակման հիմքում ընկած են կոնկրետ գործողությունների բազմակի գիտակցական կրկնությունը, անհրաժեշտ վարժությունների կատարումը։
Երրորդ, հատուկ նշանակություն է ստանում կոլեկտիվների՝ ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ հիմնարկությունների բոլոր աշխատակիցների տոկունության, հոգեբանական լարվածության, ինքնատիրապետման, առաջադրված խնդիրների կատարմանն անշեղ ձգտման, փոխօգնության ու փոխգործողության բարձրացման պատրաստումը։ Այսպիսի պատրաստումը պետք է իրականացնել շերտավորված կերպով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կազմավորման դերակատարումը եւ այն իրադրությունը, որին կարող է բախվել տվյալ կոլեկտիվը։ Եվ դա պետք է կատարել ուսումնավարժությունների ժամանակ։ Ողբերգական իրադարձությունների վերացման փորձը, որոնցում կենտրոնացվել են հասարակության հսկայական հոգեւոր, մտավոր եւ նյութական պաշարները, պետք է լայնորեն օգտագործվի արտակարգ իրավիճակներում գործողություններին բնակչությանը նախապատրաստելու պարապմունքներում։ Պետք է հիշել, որ մարդկանց հոգեբանական նախապատրաստման մակարդակը կարեւորագույն գործոններից մեկն է։ Փոքրագույն շփոթվածությունն ու վախի դրսեւորումը, հատկապես վթարի կամ աղետի ամենասկզբում, տարերային աղետի զարգացման պահին կարող են հանգեցնել ծանր, իսկ հաճախ էլ անուղղելի հետեւանքների։ Սա առաջին հերթին վերաբերում է պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են կոլեկտիվը մոբիլիզացնող անհապաղ միջոցներ ձեռք առնել՝ ընդ որում, ցույց տալով անձնական կարգապահություն ու ինքնազսպում։ Հենց իր ուժերին, կոլեկտիվի ուժերին ու հնարավորություններին հավատ չընծայելն է կաթվածահար անում կամքը։ Այսպես, 1985 թ. «Վոստոկ» կայանում (Անտարկտիդա) ձմեռելու ժամանակ արտակարգ պատահար տեղի ունեցավ. այն պահին, երբ դրսում ջերմաստիճանն ընկավ մինչեւ 70 աստիճան սառնամանիք, այրվեց դիզելէլեկտրակայանը։ Ձմեռողներից պահանջվեց ֆիզիկական, բարոյական եւ մտավոր ուժերի առավել լարվածություն։ Արշավախմբի ղեկավարը շփոթվեց, գլուխը կորցրեց, եւ այստեղ հայտնվեց լիդեր՝ հորատողների բրիգադի վարպետը։ Նա ղեկավարելու հոգսն իր վրա վերցրեց։ Մինչ այս դեպքը սովորական աշխատող էր, ոչնչով չէր առանձնանում։ Միայն արտակարգ իրավիճակը նրա մեջ լուսավորեց կամային, վճռական բնավորությամբ մարդուն, որի հետեւից կոլեկտիվը գնաց։
Խուճապի կանխումը
Խուճապը մարդկանց խմբին համակող երկյուղի զգացում է, որն այնուհետեւ փոխանցվում է շրջապատողներին եւ վերաճում անկառավարելի գործընթացի։ Մարդկանց մեջ կտրուկ բարձրանում է տեղի ունեցածի հուզական ընկալումը, նվազում իրենց արարքների (վարքի) համար պատասխանատվությունը։ Մարդը չի կարողանում բանականորեն գնահատել իր վարքը եւ ճիշտ ըմբռնել ստեղծված իրադրությունը։ Այսպիսի մթնոլորտում բավական է մեկ հոգի աղետի շրջանից փախչելու միտք կամ ցանկություն հայտնի, որ մարդկային զանգվածը սկսի կուրորեն նրան հետեւել։ Խուճապ առաջանալուն նպաստում է ժամանակին տրված ու հավաստի տեղեկատվության բացակայությունը։ Այս բացն անմիջապես լրացվում է շինծու լուրերով, ասեկոսեներով ու «ականատեսների» պատմություններով։ Ինչպես ցույց է տալիս տարերային ու տեխնածին աղետների, խոշոր վթարների հետեւանքների վերացման փորձը՝ դա ոչ միայն մարդկանց անիրազեկության հետեւանք է, այլեւ՝ արտակարգ իրավիճակներում գործելու նրանց ցածր պատրաստության, հոգեբանական կոփվածության բացակայության։ Մարդկանց մեջ միշտ էլ գտնվում է թույլ անձնավորություն՝ խուճապարար (պանիկյոր)։ Նրան նույնիսկ աննշան վտանգը թվում է չափազանցված, վիթխարի։ Երեւակայության պտուղներն իրականությունը դուրս են մղում։ Այդ պատճառով հաճախ ասում են. «Վախեցողի աչքին լուն ուղտ կերեւա»։ Խուճապի առիթ կարող է ծառայել մարդկանց ծայրահեղ հոգնածությունը, երբ նրանք երկար ժամանակ մնում են անգործության, անտեղյակության, լարված սպասումների մեջ։ Ոչ քիչ դեր է խաղում գիտակցական ակտիվության խիստ ցածր տոնուսը (կորովը)։ Այն տագնապալից իրավիճակում անհատին ճիշտ վարք դրսեւորելու անընդունակ է դարձնում։ Իսկ բարձր հուզական գրգռվածությունը եւ երեւակայության ակտիվացումը խթանում են իմպուլսիվ (մղումնային), աննպատակահարմար գործողությունները։ Դա հաճախ պատահում է անսպասելի եւ հանկարծակի վրա հասնող վտանգի ժամանակ։ Վախի եւ խուճապի կարող են հանգեցնել եւ՛ կազմակերպվածության, եւ՛ կարգուկանոնի բացակայությունը, ղեկավարման թուլացումը, կառավարումը կորցնելը, մարդկանց միջեւ անվստահությունը, վատ փոխհարաբերությունները, կոլեկտիվի անջատվածությունը։ Ամեն դեպքում անհատական վախը սկզբնային է, այն խմբային վախի համար նախադրյալ է, հող եւ կախված է հուզական ընկալունակությունից, կայունությունից։ Խուճապով համակված կոլեկտիվն, ըստ էության, դադարում է կոլեկտիվ լինելուց, կորցնում է իր հատկանիշները։
Ի՞նչ է հարկավոր հակադրել խուճապին
Աղետի, վթարի դեպքում բնակչության խուճապային տրամադրությունների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը տեղի ունեցածի մասին հավաստի, համոզիչ ու բավականաչափ լրիվ ինֆորմացիա հաղորդելն է, վարքի կանոնները հիշեցնելը եւ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվությունը։ Ահա մի օրինակ։ 1988 թվականի հունիսի 4ին, ժամը 9.00-ին, Արզամաս-1 կայարանի մոտ տեղի ունեցավ պայթուցիկ նյութեր փոխադրող երկու վագոնների հզոր պայթյուն։ Քաղաքի վրա կախվեց հսկայական սեւ «ամպ»։ Այդ ամենը բնակիչներին ցնցեց։ Բայց ուղիղ 17 րոպե անց քաղաքի քաղպաշտպանության պետի՝ քաղգործկոմի նախագահ Ի. Սկլյարովի կարգադրությամբ տեղական ռադիոյով տեղի ունեցածի մասին հաղորդեցին առաջին տեղեկատվությունը։ Այնուհետեւ հաղորդումները կանոնավորապես կրկնվեցին, մարդկանց պարզաբանեցին իրադրությունը, օգնության համար նրանց դիմեցին։ Խուճապի մի փոքր ակնարկ անգամ ոչ մի տեղ չնկատվեց։ Մի այլ օրինակ։ 1990 թվականի սեպտեմբերի 12-ին Ուստ-Կամենոգորսկի միջուկային վառելիքի գործարանում (բերիլիումի արտադրություն) պայթյուն տեղի ունեցավ։ Սակայն վթարի մասին քաղաքի քաղպաշտպանության շտաբ ոչ ոք չազդարարեց։ Ժամանակն անցնում էր, իսկ բնակչությունն անտեղյակ էր։ Լուրեր եւ ասեկոսեներ տարածվեցին։ Եվ միայն երկուսուկես ժամ հետո ՔՊ շտաբի պետն, իր վրա վերցնելով հետեւանքների պատասխանատվությունը, չսպասելով շփոթված ղեկավարության հրամանին, ռադիոյով հաղորդեց աղետի դեպքում օգտագործելու համար նախօրոք պատրաստած տեքստը։ Բայց այդ տեղեկատվությունը տվյալ իրավիճակին չէր համապատասխանում։ Քաղաքից հարյուր կիլոմետր հեռու կոմբայնավարները, լսելով այդպիսի հաղորդում, թողեցին մեքենաները՝ իբր փրկվելով ռադիոակտիվ ամպից։ Հարկ եղավ նոր տեքստ պատրաստել։ Անցավ եւս մեկ ժամ, այդ ընթացքում ամպի մեջ բերիլիումի խտությունը հարյուր անգամ գերազանցում էր թույլատրելիի սահմանը։ Իսկ երեխաների մի մասը դպրոցից վերադառնում էր, մյուսները գնում էին երկրորդ հերթի դասերի։ Խուճապը կանխելու համար, արտակարգ իրավիճակի հենց սկզբից տեղի ունեցածի մասին պետք է մարդկանց պատմել ամբողջ ճշմարտությունը։ Ինֆորմացիան պետք է պարբերաբար կրկնել։ Անհրաժեշտ է ոչ միայն փրկարարական աշխատանքների ընթացքի մասին պատմել ու պարզաբանումներ տալ, այլեւ պարտադիր դիմել բնակչությանը՝ նրան տարերային աղետի կամ վթարի հետեւանքների ընդհանուր վերացման գործին ներգրավելու խնդրանքով։ Ամեն մարդ պետք է այդ կարեւոր իրադարձություններին իրեն մասնակից զգա։ Իսկ եթե, այդուհանդերձ, խուճապ է առաջացել. ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել։ Հարկավոր է խուճապն անհապաղ, վճռականորեն կանխել։ Եվ ցանկալի է հնարավորինս շուտ, երբ այն դեռ մակերեսային բնույթ ունի, մեծ զանգվածներ չի ընդգրկել ու արագ վերացման ենթակա է։ Դրա համար առաջին հերթին պետք է մարդկանց ուշադրությունը, թեկուզեւ ոչ երկար ժամանակով, շեղել երկյուղի աղբյուրից կամ խուճապի հարուցիչից։ Մարդկանց հնարավորություն տալ, որ մի պահ վախից ուշքի գան եւ փորձեն ամբոխի կառավարումը վերցնել իրենց ձեռքը։ Ջանալ մարդկանց ուշադրությունը խուճապահար «լիդերի» գործողություններից շեղել մի այլ՝ սթափ խորհող, սառնասրտությամբ օժտված մարդու վրա։ Այստեղ պիտի տեղ գտնեն կամային բնավորությունն ընդգծող, իշխող ու բարձրաձայն հրամանները։ Հենց որ այդ ամենն անցնի, պետք է բոլորին անհապաղ ընդգրկել վտանգի դեմ պայքարի մեջ։ Սովորաբար, երբ վախի առաջին զգացումն անցնում է, մարդկանց մեծ մասի մեջ նկատվում է բարձր ակտիվություն, ասես իր մեղքը քավելու ձգտում։ Հենց սա էլ պիտի օգտագործել բոլորին փրկարարական աշխատանքների մեջ ներգրավելու համար՝ յուրաքանչյուրին հանձնարարելով կոնկրետ տեղամաս։ Եթե, այնուամենայնիվ, խուճապը համակել է զգալի թվով մարդկանց, այդ ժամանակ ինչպե՞ս վարվել։ Նման դեպքերում անհրաժեշտ է նրանց բաժանել ավելի փոքր խմբերի, որոնցից յուրաքանչյուրին սանձելը զգալիորեն դյուրին կլինի։ Մի կարեւոր հանգամանք եւս. դա տեղական վարչակազմի (ադմինիստրացիայի) բոլոր կարգի ղեկավարների, պատգամավորների եւ մյուս հայտնի ու հարգարժան մարդկանց շփումն է այն մարզի, համայնքի, քաղաքի բնակչության հետ, որտեղ տեղի է ունեցել տարերային աղետը կամ վթարը։
|