|
Հրդեհ սահմանային գոտում Հուլիսի 31-ին, ժամը 14.20-ին Վայոց ձորի մարզից ստացված ահազանգի համաձայն` հրդեհ է բռնկվել Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտու խոտածածկ տարածքում, որը սպառնում է Բարձրունի գյուղի ցորենի դաշտերին: Դեպքի վայր է մեկնել Վայքից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը եւ Եղեգնաձորից երեք եւ Ջերմուկից հինգ հրշեջ-փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ մոտակա զորամասից 70 զինվոր եւ Բարձրունի գյուղի 20 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.25-ին: Այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք: Օգոստոսի 1-ին, ժամը 10.24-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում` Բարձրունի գյուղին հարակից չեզոք տարածքի ուղեկալում բռնկված խոտի հրդեհի հետեւանքով տեղի է ունեցել ականի պայթյուն: Տուժածներ չկան, անձնակազմը գտնվում է անվտանգ գոտում: Հրդեհը մարվել է ժամը 23.10-ին: Այրվել է 170 հա արոտավայր: |
|
Մոլորվել են Հուլիսի 26-ին, ժամը 14.08-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենք մոլորվել են Կեչուտի ջրամբարին հարակից տարածքում, և իրենցից մեկին անհրաժեշտ է բժշկական օգնություն։ Ժամը 14.11-ին դեպքի վայր է մեկնել Ջերմուկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 14.30-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին, որոնցից Երևանի բնակիչ, 1934 թ. ծնված Էմիլիա Քոչարյանին պատգարակով տեղափոխել են ավտոմայրուղի և ժամը 15.05-ին հանձնել շտապօգնության աշխատակիցներին։ Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հետագա հոսպիտալացման կարիք չի առաջացել։ |
|
Ավտոպատահար Հուլիսի 18-ին, ժամը 18։50-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է բուժօգնություն։ Դեռեւս չպարզված հանգամանքներում, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 1957 թ. ծնված Հրաչ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` 1957 թ. ծնված Համլետ եւ 1982 թ. ծնված Արման Մարկոսյանները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի “Էրեբունի” բժշկական կենտրոն։ Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է ծանր։ Դեպքի մասին տեղյակ են պահվել Արարատի “1-02” եւ “1-03” ծառայությունները։ |
|
Հրդեհ “Ջերմուկ” հյուրանոցում Հուլիսի 14-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում` Ջերմուկի Շահումյան 28 հասցեում գտնվող “Ջերմուկ” հյուրանոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարար ջոկատը: Քիչ անց օգնության է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.16-ին, մարվել` 12.30-ին: Ամբողջությամբ այրվել է 7, մասնակի` 8 սենյակ, 1 սանհանգույց եւ միջանցքի` 250 քմ մակերեսով գորգը: Ընդհանուր առմամբ` այրվել է 350 քմ տարածք: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ծխապատ գոտուց դուրս են բերվել երկու քաղաքացի` Երեւանի բնակիչներ Հ. Եղիազարյանը եւ Ռ. Վարդանյանը: Զոհեր ու վիրավորներ չկան: |
|
Թունավորում Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, այգեգործական նպատակներով “Ռոդոնիլ գոլդեն” բուժանյութով ծառերը մշակելիս, թունավորվել եւ Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի բնակիչներ` 61-ամյա Միհրանուշ Վարդանյանը եւ 11-ամյա Սուրեն Հովհաննիսյանը: Ավելի ուշ` տուժածները տեղափոխվել են Երեւանի “Արմենիա” բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածների վիճակը բնութագրվել է միջին ծանրության: |
|
Ուժեղ քամի Հունիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում ուժեղ քամին պոկել-տարել է Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի բնակիչ Ա. Մնացականյանին պատկանող տան թիթեղյա ծածկը` 90 քմ. մակերեսով, եւ փայտյա կառուցատարրերի մի մասը: |
|
Հորդառատ անձրեւներ, ուժեղ քամի Հունիսի 20-ին, ժամը 18.45-ի սահմաններում հորդառատ անձրեւի եւ ուժեղ քամու հետեւանքով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում շրջվել է 5 ծառ, ինչի հետեւանքով վնասվել են Մ. Խաչատրյանին պատկանող խանութի (15 քմ.), Վ. Մարտիրոսյանին պատկանող վարսավիրանոցի (12 քմ.), Վ. Խուդավերդյանին պատկանող ծաղկի սրահի (10 քմ.) տանիքները, ինչպես նաեւ վնասվել են հեռախոսակապի եւ էլ.լարերը: Քամու հետեւանքով պոկվել է նաեւ Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի շենքի տանիքը (120 քմ.) եւ ընկել հարեւանությամբ գտնվող`Գ. Խաչատրյանին պատկանող շինության վրա` վնասելով տանիքի 200 քմ. մակերեսով հատվածը: |
|
Թունավորում Հունիսի 18-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին Եղեգնաձորի բուժկենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 74-ամյա Բախշի Հունանյանը. ախտորոշվել է էկզոգեն թունավորում եւ տուժածը տեղափոխվել է Երեւանի “Արմենիա” բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: |
|
|
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 Հաջորդը > Վերջ >>
|
|
Էջ 2 ից 6 |