| Շվեյցարացիները խաղադաշտ են հրավիրում երիտասարդներին | | Տպել | |
|
2008թ. հունիսի 26-ին «Երեւան» հյուրանոցի հանդիպումների սրահում տեղի է ունեցել Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ սեմինարը։ ՇԶՀԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Էռնեստո Մորոսինը նախ հակիրճ ներկայացրեց գործակալության կառույցում սպասվող փոփոխությունները, պլանավորած ծրագրերն ու նոր ուղղությունները։ Պարոն Մորոսինը նշեց, որ ՇԶՀԳ-ի հետաքրքրվածությունը Հարավային Կովկասի եւ մասնավորապես` Հայաստանի նկատմամբ մեծացել է։ Անգամ նախատեսվում է Հայաստանում ապահովել Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչություն։ Պարոն Մորոսինն ավելացրեց, որ հանդիպման նպատակն է ՇԶՀԳ գործընկեր հանդիսացող Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչների, առաջին հերթին` երիտասարդ կադրերի հետ քննարկել հետագա համագործակցության ուղղությունների եւ մեթոդների հետ կապված հարցերը, ինչպես նաեւ պատասխանել մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Հանդես գալով ողջույնի խոսքով ՀՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Արամ Թանանյանը սեմինարի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք։ ՇԶՀԳ գրասենյակի խորհրդատու Հելմուտ Շոյերն ընդգծեց, որ եթե մինչեւ հիմա շվեյցարական կողմն իրականացրել է հրշեջ-փրկարարների ուսուցման, հրահանգիչների պատրաստման, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության ծրագրեր, ապա այսուհետ շեշտ է դրվելու նաեւ կանխարգելման գործընթացների վրա։ Պարոն Շոյերը նշեց, որ կանխարգելումն իր մեջ ընդգրկում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք պահանջում են լուրջ ուսումնասիրություններ եւ մեծ աշխատանք։ Այս ուղղությամբ արդեն իրականացվել եւ այժմ ավելի լայն շրջանակով շարունակում է իրագործվել «Հրշեջները համայնքներում» հանրային իրազեկման ծրագիրը։ Այնուհետեւ պարոն Շոյերը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց իրենց կառույցում հաջողությամբ կիրառվող «ելքի ռազմավարություն» աշխատանքի ընդհանուր պլանավորման մեթոդը։ «Ելքի ռազմավարության» հիմնական գաղափարն է պլանավորել այնպիսի ծրագրեր եւ աշխատանքներ, որոնք ոչ միայն իրագործելի կլինեն դոնորների աջակցությամբ, այլեւ հետագայում հնարավորություն կտան երկրին ապահովել դրանց շարունակականությունը։ Մասնակիցները ծանոթացան մեթոդի ընդհանուր բովանդակությանը, պլանավորման բաղադրիչներին, այնուհետեւ իրենց հարցերը հղեցին Հելմուտ Շոյերին։ Ամփոփելով աշխատանքային հանդիպումը` պարոն Մարոսինը հավաստիացրեց, որ հանդիպումները կլինեն շարունակական, քանի որ ՇԶՀԳ-ն մեծ տեղ է հատկացնում աշխատանքային գործընթացներում գործընկեր կառույցի ներկայացուցիչների եւ առաջին հերթին` երիտասարդների ներգրավմանը։ |












