Բնածին PDF  | Տպել |

3. Վտանգավոր ջրաբանական (հիդրոլոգիական) երեւույթներ եւ ընթացքներ

Ջրաբանական (հիդրոլոգիական) ծագում ունեցող իրադարձություն կամ ջրաբանական ընթացքների հետեւանք՝ առաջացած տարբեր բնական կամ ջրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որոնք կարող են ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների, շրջակա բնական միջավայրի վրա։

 

 

3.1. Սելավ
Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք, որը բաղկացած է ջրի եւ փուխր բեկորային ապարների խառնուրդից եւ հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրեւների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաեւ՝ քարակարկառների եւ անցկալների ճեղքման հետեւանքով։
Դասակարգվում է ըստ հզորության (ուժեղ, միջին եւ թույլ հզորությունների)։

3.2. Ձնահյուս
Լեռների զառիվար լանջերով դեպի ներքեւ արագ, հանկարծակի առաջացող ձյան եւ (կամ) սառույցի շարժում, որը սպառնում է մարդկանց կյանքի եւ առողջությանը, պատճառում է նյութական վնասներ։

3.3. Հեղեղում
Տարածքների ջրածածկում, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետեւանքով, ինչպես նաեւ ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։

3.4. Գետավարարում
Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միեւնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետեւանքով եւ բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած եւ տեւական ջրի մակարդակի բարձրացմամբ՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

3.5. Հորդացում
Գետի ջրային ռեժիմի փուլ, որը կարող է բազմիցս կրկնվել տարվա տարբեր եղանակներին, բնութագրվում է ջրի ծախսի եւ մակարդակի կտրուկ ու կարճատեւ բարձրացմամբ եւ առաջանում է անձրեւների եւ ձնհալքի հետեւանքով՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

3.6. Ջրակալում
Գետնաջրերի մակարդակի բարձրացում, որը խախտում է տարածքի բնականոն օգտագործումը, շինարարությունը եւ դրա վրա տեղադրված օբյեկտների շահագործումը։

3.7. Ջրածածկում
Գետավարարման կամ հորդացման ժամանակաշրջանում տարածքների ծածկումը ջրով։

3.8. Ցունամի
Ծովային ալիքներ, որոնք առաջանում են ստորջրյա եւ մերձափնյա երկրաշարժերից։

3.9. Սառցակուտակ
Սառցահոսի ժամանակ գետահունում սառցակտորների կուտակում, որը առաջացնում է ջրային հատվածքի սեղմում եւ դրա հետ կապված՝ ջրի մակարդակի բաձրացում։

3.10. Ցածր նվազամակարդակ
Ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման կառույցների նախագծային նշումներից ցածր կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։



4. Վտանգավոր օդերեւութաբանական երեւույթներ եւ ընթացքներ

Մթնոլորտում առաջացած բնական երեւույթներ եւ ընթացքներ տարբեր բնական գործոնների կամ դրանց միասնական ազդեցությամբ, որոնք ունեն կամ կարող են ունենալ խոցող ներգործություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների եւ շրջակա բնական միջավայրի վրա։

4.1. ՈՒժեղ քամի
Օդի շարժումը երկրի մակերեւույթի նկատմամբ այնպիսի արագությամբ կամ արագության հորիզոնական բաղադրիչով, որը 14մ/վ-ից ավելի է։

4.2. Փոթորկանք
Քամու կտրուկ կարճատեւ ուժգնացում մինչեւ 20-32մ/վ, որն ուղեկցվում է փոխանցական (կոնվեկցիոն) ընթացքների հետ կապված դրա ուղղության փոփոխմամբ։

4.3. Փոթորիկ
Ավերիչ ուժգնությամբ եւ զգալի երկարատեւությամբ քամի, որի արագությունը գերազանցում է 32մ/վ։

4.4. Ցիկլոն
Օդի ցածր ճնշմամբ եւ քամու փոթորկային արագությամբ մթնոլորտային խոտորում, որն առաջանում է արեւադարձային գոտիներում եւ հանգեցնում ավերածությունների եւ մարդկային զոհերի։
Արեւադարձային ցիկլոնի տեղական անվանումը՝ տայֆուն է։

4.5. Մրրիկ
20մ/վ-ից ավելի արագությամբ երկարատեւ շատ ուժեղ քամի, որը առաջացնում է ուժեղ ալեկոծություններ ծովում եւ ավերածություններ ցամաքում։

4.6. Պտտահողմ
Մթնոլորտային գոյացություններ ուղղահայաց կամ թեք առանցքի շուրջ՝ օդի պտտողական շարժումով։

4.7. Մրրկասյուն
Ավերիչ ուժ ունեցող ուժեղ մեծածավալ մթնոլորտային պտտահողմ՝ մոտ 1000մ տրամագծով, որտեղ օդի պտտային արագությունը հասնում է 100մ/վ։

4.8. Տեւական անձրեւ
12-ից 48 ժամվա ընթացքում 70մմ-ից ոչ պակաս հեղուկ տեղումների քանակ, որը կարող է առաջացնել գետերի հորդացումներ, ջրածածկումներ։

4.9. Տեղատարափ
Կարճատեւ մթնոլորտային տեղումներ՝ մեծ ուժգնությամբ, սովորաբար անձրեւի կամ ձյան տեսքով։ Քանակը՝ 30մմ եւ ավելի՝ մինչեւ 1 ժամվա ընթացքում։

4.10. Կարկուտ
Մթնոլորտային տեղումներ, որոնք գալիս են տարվա տաք ժամանակաշրջանում 5մմ մինչեւ 15մմ (20մմ-ից ավելիի դեպքում՝ խոշոր կարկուտ) տրամագծով խիտ սառցամասնիկների տեսքով, սովորաբար տեղատարափի հետ համատեղ ամպրոպի ժամանակ։