Բնածին PDF  | Տպել |
Բնական արտակարգ իրավիճակներ (տարերային աղետներ),
նրանց դասակարգումը եւ համառոտ բնութագրերը

 


1. Ընդհանուր հասկացություններ

Բնական արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երեւույթի, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն (էպիֆիտոտիա), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Վտանգավոր բնական երեւույթը դա` բնական ծագումով իրադարձություն կամ բնական երեւույթների եւ ընթացքների գործունեության հետեւանքով առաջացած` բնական միջավայրի տարրերի վիճակ է, որոնք իրենց հաճախականությամբ, տեւողությամբ եւ տարածման չափերով կարող են ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, տնտեսության օբյեկտների եւ շրջակա միջավայրի վրա։

Տարերային աղետը դա (1) բնության ուժերի կամ երեւույթների ազդեցությամբ առաջացած աղետ է։ (2) ավերիչ բնական եւ (կամ) բնական-անտրոպոգեն պրոցես (մարդու գործունեությամբ բնության մեջ առաջացող երեւույթ կամ ընթացք) է, որի հետեւանքով առաջացել կամ կարող է առաջանալ սպառնալիք մարդկանց կյանքին եւ առողջությանը, նյութական արժեքների ավերածություն կամ ոչնչացում, բնակչության գործունեության, կյանքի պայմանների եւ շրջակա միջավայրի անդառնալի փոփոխություններ։ (3) ավերիչ` որպես կանոն անկանխարգելի բնական երեւույթ։

Աղետը դա իրավիճակ է, որի դեպքում կտրուկ խախտվում է կյանքի սկզբնական դրվածքը, մարդիկ ունենում են պաշտպանության, հագուստի բժշկական եւ սոցիալական օգնության կարիք։ Աղետները բաժանվում են երկու խմբի` բնության երեւույթների ազդեցությամբ (տարերային) եւ մարդու գործունեությամբ առաջացած (տեխնածին)։ Վտանգավոր բնական երեւույթները իրենց բնույթով շատ բազմազան են։ Դրա համար, ելնելով նրանց առաջացման պատճառներից (պայմաններից), նրանց բաժանում են հետեւյալ խմբերի` երկրաբանական, օդերեւութաբանական, հիդրոլոգիական (հիդրոօդերեւութաբանական), բնական հրդեհներ, մասսայական հիվանդություններ։

 


2. Վտանգավոր երկրաբանական երեւույթներ եւ ընթացքներ

Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետեւանք՝ առաջացած երկրակեղեւում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների եւ շրջակա բնական միջավայրի վրա։


1. Երկրաշարժ


Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երեւույթ է, որն արտահայտվում է երկրակեղեւի կտրուկ տատանումներով եւ ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տեւողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղեւում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետեւանքով եւ առաձգական (սեյսմիկ) տատանումների ձեւով հաղորդվում է մեծ հեռավորությունների վրա։
Երկրաշարժի ինտենսիվությունը (ուժգնությունը) գնահատվում է 12-բալանոց սեյսմիկ սանղակով (MSK-86), իսկ էներգիան՝ մագնիտուդայով։ Երկրաշարժերը պայմանականորեն ստորաբաժանվում են որպես՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) եւ ավերիչ (8 եւ ավելի բալեր)։

Սպիտակի երկրաշարժը

 

2.2. Հրաբուխ
Երկրագնդի կեղեւի անցքերի եւ ճեղքվածքների վրա առաջացած երկրաբանական գոյացություններ, որոնցով երկրի մակերեւույթի վրա ժայթքում են լավա, մոխիր տաք գազեր, ջրի գոլորշիներ եւ լեռնային ապարների բեկորներ։

2.3. Սողանք
Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ (սահք)՝ սեփական քաշի եւ լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների եւ այլ ընթացքների հետեւանքով։
Դասակարգվում են ըստ հզորության (խոշոր, միջին եւ մանր) եւ ըստ շարժման արագության (շատ արագ, արագ, չափավոր եւ դանդաղ)։

 

2.4. Դարափուլ (քարաթափում)
Լեռների եւ ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումը, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների եւ մակերեւութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետեւանքով։