«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք PDF  | Տպել |
Ընդունված է 9.06.04թ. ՀՕ-85-Ն

 

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

 

Սույն օրենքը կարգավորում է փրկարար ուժերի ստեղծման եւ գործունեության հիմքերն ու կարգը, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների ու քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները եւ նյութական ապահովության հիմքերը:

 

ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
արտակարգ իրավիճակի վայր` տարածք, օբյեկտ, ուր առաջացել է արտակարգ իրավիճակը.
փրկարար՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձ.
փրկարար ուժեր՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորումներ.
փրկարարական կազմավորումներ` փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով պետական կառավարման մարմինների, համայնքների եւ կազմակերպությունների կազմում ստեղծված մշտական պատրաստության ստորաբաժանումներ, ինչպես նաեւ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ՝ համալրված փրկարարներով, փրկարարների գործունեությունն ապահովող անձանցով եւ փրկարարական միջոցներով.
փրկարարական միջոցներ՝ փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման ու դրանց ղեկավարման համար նախապատրաստված տեխնիկական, գիտատեխնիկական միջոցներ եւ մտավոր գործունեության արդյունքներ, գույք, հանդերձանք, նյութեր, սարքավորումներ (13.08.2005թ. ՀՕ-172-Ն):

 

Հոդված 2. Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի իրավական հիմքերը

Փրկարար ուժերի գործունեության եւ փրկարարի կարգավիճակի իրավական հիմքերն են՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, ինչպես նաեւ այլ իրավական ակտեր:

 

Հոդված 3. Փրկարար ուժերի եւ փրկարարների գործունեության հիմնական սկզբունքները

Փրկարար ուժերի եւ փրկարարների գործունեության հիմնական սկզբունքներն են`
ա) մարդկանց կյանքի փրկության եւ առողջության պահպանման առաջնայնությունը.
բ) փրկարար ուժերի եւ փրկարարների գործունեությունն արդարացված ռիսկի շրջանակներում.
գ) փրկարարական կազմավորումների կենտրոնացված կառավարումը.
դ) փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման եւ ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման համար փրկարար ուժերի մշտական պատրաստականությունը:

 

Հոդված 4. Փրկարարական աշխատանքների տեսակները

Փրկարարական աշխատանքները մարդկանց, կենդանիների, նյութական եւ մշակութային արժեքների փրկության նպատակով իրականացվող միջոցառումների համալիր են:
Փրկարարական աշխատանքների թվին են դասվում որոնողափրկարարական, լեռնափրկարարական, գազափրկարարական, հրդեհաշիջման, բուժսանիտարական, ձյունափրկարարական, ջրափրկարարական եւ այլ բնույթի աշխատանքները: