Միջազգային համագործակցություն PDF  | Տպել |

IAEA Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն


Հայաստանի փրկարար ծառայության հետ համատեղ իրականացվում է միջազգային սեմինարներ, հանդիպումներ, լսարանային դասընթացներ ու վարժանքներ, ինչպես նաեւ գործուղումներ, փորձի փոխանակում։

 

Շվեյցարիայի զարգացման եւ համագործացության գործակալություն

Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունները, ցանկանալով ամրապնդել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերը, պայմանավորվեցին Հայաստանում իրականացնել արտակարգ իրավիճակներին (ԱԻ) արձագանքմանն օժանդակելու ծրագիր։ 2004 թ. ՀՀ կառավարությանն անընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը (այժմ` ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայություն)` ՀՀ կառավարության անունից, եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը` Շվեյցարիայի Համադաշնության կառավարության անունից, ստորագրեցին համաձայնագիր "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ տեխնիկական, ֆինանսական եւ հումանիտար համագործակցության մասին"։ Համաձայնագրի շրջանակներում, սկսած 2004 թվականից, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (ՇԶՀԳ) Հայաստանում իրականացնում է "Արձագանք" ծրագիրը, որի նպատակն է` աջակցել աղետների արձագանքման համակարգին, հզորացնել արձագանքման մարզային համակարգերը` դասընթացներ կազմակերպելու եւ համապատասխան սարքավորումներ տրամադրելու միջոցով։ Ծրագրի շրջանակներում փրկարարական ոլորտի գիտելիքների ամրապնդման եւ տարածման նպատակով տեղական մակարդակով դասընթացներ են կազմակերպվում բազմաթիվ հրշեջ-փրկարարների, ինչպես նաեւ Հայկական կարմիր խաչի ընկերության եւ այլ կազմակերպությունների կամավորների համար։ Ծրագրի ավարտին (2009 թ.) նախատեսվում է սարքավորումներով հագեցնել ՀՓԾ բոլոր` 63 հրշեջ-կայանները (այդ թվում` հատուկ նշանակության 3 ջոկատները), ունենալ ուսուցում ստացած եւ աղետներին արձագանքելուն լիովին պատրաստ ավելի քան 2200 հրշեջ եւ կամավոր։
Ցանկանալով աջակցել հայաստանյան գործընկերներին արձագանքման հավաքական համակարգ ստեղծելու գործում` ՇՀԶԳ-ն մշակել է ինտեգրացված բժշկական կազմավորումների ստեղծման ծրագրի նախագիծ։

Ներկայումս համաձայնեցման փուլում է "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ տեխնիկական եւ ֆինանսական համագործակցության մասին Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ" համաձայնագրի շրջանակներում իրականացվող "Արձագանք-բուժմիավորումներ" ծրագրի առաջին փուլը, որի նպատակն է` ԱԻ ժամանակ ձեւավորել համապատասխան հմտություններով օժտված շրջիկ բուժմիավորումներ, որոնք աղետի գոտում օպերատիվ եւ արհեստավարժ կերպով կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները։ Առաջին փուլը, որի տեւողությունը 7 ամիս է, կանցկացվի հանրապետության հարավային (Վայոց Ձորի մարզ) եւ հյուսիսային (Տավուշի մարզ) տարածքներում։ Կմշակվի բուժմիավորումների անձնակազմի վերապատրաստման ծրագիր, որը հետագայում, անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում, որպես մոդել կծառայի այլ մարզերում եւս ծրագիրն իրականացնելու համար։ Հաջորդ փուլում ՇՀԶԳ-ն կարող է շարունակել ծրագիրը` իրագործելով այն Հայաստանի մյուս մարզերում։
2007 թվականին Շվեյցարիայի Զարգացման գործակալության աջակցությամբ ՀՓԾ "Արտակարգ ալիք" լրատվական կենտրոնի կողմից առաջին անգամ իրականացվեց "Հրշեջները համայնքներում" հանրային իրազեկման պիլոտային ծրագիրը։ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի 12 հրշեջ մասերի 24 հրշեջ-փրկարարներ հանրային իրազեկման դասընթացներ անցան ՀՓԾ "Արտակարգ ալիք" լրատվական կենտրոնում։  Հրշեջները զինվեցին հասարակայնության հետ կապերի, բնակչության եւ ԶԼՄ-ների հետ աշխատանքի վերաբերյալ գիտելիքներով, ձեւերով, մեթոդներով եւ անհրաժեշտ ուսուցողական, խորհրդատվական ու ճանաչողական նյութերով, նրանք համայնքային հիմնական թիրախային լսարաններում՝ համայնքապետարաններում ու դպրոցներում, իրականացրեցին ոչ միայն ընդհանուր կանխարգելման՝ ռիսկերի եւ նրանց նվազեցման ուղիների մասին աշխատանքներ, այլեւ` ապահովեցին նաեւ հասարակության իրազեկումը "Արձագանք" ծրագրի մասին։

Առաջին պիլոտային ծրագրի  արդյունավետ իրականացումը ամուր հիմք հանդիսացավ Հանրապետության մյուս մարզերում եւս "Հրշեջները համայնքներում" հանրային իրազեկման ընդգրկուն ծրագրի իրականացման համար։ 2008 թ․ SDC-ի  հետ ստորագրված համաձայնագրով "Հրշեջները համայնքներում" հանրային իրազեկման ծրագիրն իրականացվելու է մինչեւ 2011 թվականը` ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը եւ Երեւանը։

Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության (SDC) գործակալության աջակցությամբ Շիրակի մարզում կկառուցվի հրշեջ-փրկարարական փորձահրապարակ Ախուրյանի հրշեջ մասի տարածքում։


ՄԱԿ


ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունը (ՀՓԾ) համագործակցում է նաեւ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հետ սկսած 1996թ-ից, երբ տեղի է ունեցել առաջին հանդիպումը ՄԱԿ-ի պատվիրակության հետ Ճգնաճամային կառավարման պետական ակադեմիայիում, որը հիմք հանդիսացավ 1999թ-ին "Աղետների կառավարման արձագանքման" ծրագրի, իսկ 2003թ-ին նույնանուն համաձայնագրի ստորագրման համար։

Մասնավորապես 2007 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանում ՄԱԿ-ի Աղետների կառավարման հանձնախմբի եւ ՀՓԾ միջեւ ստորագրվել է համագործակցության Համաձայնագիր, որի նպատակն է` երկրում աղետների կառավարման աշխատանքերի համակարգված գործարկման ապահովումը։ Համաձայնագիրն ուղղված է` աղետների կառավարման (ներառյալ նախապատրաստական աշխատանքների) մասին տեղեկատվության փոխանակման, ԱԻ ժամանակ համատեղ ջանքերի գործադրման կարգի, ինչպես նաեւ ԱԻ գնահատման, տեղակատվության կառավարման, փոխադարձ կապի եւ այլ գործընթացների համակարգման ապահովմանը։

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի, մասնավորապես` ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում անցկացվեցին երկու խոշոր վարժանքներ։ Առաջինը 2005 թ. հունիսի 11-16-ի` “INSARAG-ARMENIA 2005” վարժանքն էր, որը հնարավորություն տվեց մոտ 20 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի ծանոթանալ տարաբնույթ աղետներին (մասնավորապես երկրաշարժերին) արձագանքելու նոր մեթոդներին եւ իրականացնել փորձի փոխանակում։ 

2009 թ. մարտի 23-26-ը Երեւանում անցկացվեց INSARAG-ի կողմից կազմակերպված` "Աֆրիկայի, Եվրոպայի եւ Միջին Արեւելքի տարածաշրջանում երկրաշարժի խաղարկային վարժանքը", որին մասնակցում էին 22 երկրից մոտ 130 ներկայացուցիչ։ Վարժանքի նպատակն էր` բարձրացնել աղետներին արձագանքող փրկարարների մասնագիտական եւ կազմակերպչական մակարդակը, ծանոթանալ մասնակից-կազմակերպությունների ներքին գործընթացներին, նպաստել տեղեկատվության փոխանակմանը, վերլուծությանը, որոշումների կայացմանն ու համակարգմանը։

Այս տարի ՀՓԾ երկու մասնագետ ներգրավվել են ՄԱԿ-ի Աղետների գնահատման եւ համակարգման (UNDAC) միջազգային թիմի կազմում` պարտավորվելով տարեկան առնվազն մեկ անգամ մասնակցել թիմի հանդիպումներին։ 
ՀՀ ԱԻՆ ՀՓԾ մասնագետները մասնակցում են ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող` ԱԻ ոլորտին առնչվող մի շարք միջոցառումների թե՛ հանրապետության տարածքում եւ թե՛ արտերկրում հանդես գալիս զեկուցումներով եւ նյութերի ներկայացմամբ։


Ֆրանսիա

 

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ-ն Ֆրանսիայի Հանրապետության հետ համագործակցում է հետեւյալ ուղղություններով.

  • 1997 թ. Ֆրանսիայի ՆԳՆ-ն INESC-ի (Համակարգերի եւ համակարգիչների ճարտարագիտական ինստիտուտ) հետ համատեղ նախատեսվել է իրականացնել ուսուցողական ծրագիր։ 1997-2004 թթ. ընթացքում 192 ղեկավար-աշխատողի եւ մասնագետի ուսուցում է իրականացվել, որոնցից 71-ը` Ֆրանսիայում։ Վերոնշյալ ուսուցողական դասընթացներում ընդգրկվել են` մարզպետներ, քաղաքապետեր, վտանգավոր տնտեսական օբյեկտների տնօրեններ եւ ՀՓԾ պաշտոնյաներ։ 1998-1999 թթ. համագործակցության շրջանակում որպես մարդասիրական  օգնություն ՀՓԾ-ին հատկացվել են "ARICO" տիպի շնչառական սարքավորումներ, իսկ 2001 թ.` ծալվող մահճակալներ, գազի սալիկներ, 1 կոմպրեսոր եւ այլն։
  • 2003 թ. ստորագրվել է եռակողմ պայմանագիր` ՃԿՊԱ-ի, INESC-ի եւ REMIFOR-ի (Ռիսկերի կառավարման եվրա-միջերկրական տեղեկատվական եւ ուսուցողական ցանց) միջեւ` ուղղված հեռահար ուսուցման ներդրմանը, համաձայն որի` 2008 թ. նոյեմբերին ֆրանսիական կողմը Հայաստանին` ի դեմս ՃԿՊԱ-ի, տվել է 2 ալեհավաք. փորձարկման նպատակով հեռարձակվել է "Մարսել-Թբիլիսի-Բաթումի-Ստեփանավան-Երեւան" արբանյակային կապը։
  • 2009 թ. մեկնարկել է 2008 թ. դեկտեմբերին ՃԿՊԱ-ի` Լիոն-3 համալսարանի հետ համատեղ իրականացվող համագործակցության ծրագիրը։
  • 2005-2008 թթ. ՀՓԾ-ն Ֆրանսիայից ստացել է օգնություն` 9 միավոր հրշեջ մեքենա, 10 շնչառական սարք, բախիլի, ռետինե ձեռնոցներ, դոզիմետր, մարտկոց, լաբորատոր սարքեր, հեռահար ուսուցման միջոցներ, ընդունիչ-հաղորդիչ, պարան, ճնշման սարք։
  • 2008 թ. հունիսի 19-ին կնքված` "Մարսելի թիվ 13 հրշեջ-փրկարարական ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության միջեւ առաջին բժշկական օգնության գծով հրահանգիչների պատրաստման դասընթացի իրականացման մասին" համաձայնագրի շրջանակներում 2008 թ. աշնանը Հայաստան այցելած ֆրանսիացի մասնագետները եւ 12 հրշեջ-փրկարար անցել են առաջին օգնության դասընթացներ (առաջին փուլ)։ Երկրորդ փուլում 12 հայ հրշեջ-փրկարար գործուղվել են Ֆրանսիա։ Երրորդ փուլը, որն ուղղված կլինի ձեռք բերված փորձից բխող գործընթացների գնահատմանը, նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Փուլերի իրականացման ժամկետները սահմանվում են համատեղ։

2008 թ. հունիսի 19-ին ՀՀ ԱԻՆ ՀՓԾ եւ Ֆրանսիայի "Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների" (ՔՊԱՍ) ասոցիացիայի միջեւ, 3 տարի ժամկետով, կնքվել է "Աղետների կանխարգելման եւ կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ" համաձայնագիր։ Փաստաթղթի շրջանակներում  նախատեսվում է իրականացնել` օպերատիվ կառավարման ոլորտի մասնագետների եւ ճգնաժամային կառավարման գործընթացում որոշում կայացնողների ուսուցում, մասնագիտական բնույթի խորհրդատվության եւ տեղեկատվության փոխանակման իրականացում, նյութական, գիտական  եւ տեխնիկական աջակցության տրամադրում եւ օպերատիվ  միջամտություն։
ՀՓԾ-ն համագործակցում է նաեւ Ֆրանսիայի "Բժիշկներ առանց սահմանների" կազմակերպության եւ Դրագինյան քաղաքի Արտակարգ իրավիճակների վարչության հետ։

Ֆրանսիայի հետ շարունակվելու են առաջին բուժօգնության փրկարարական դասընթացները Մարսելում։

Նախատեսվում են 4 ծրագրեր`

  1. բժշկական սարքավորումների տրամադրում եւ ուսուցում,
  2. շտապ օգնության մեքենաների տրամադրում (նախնական 4 հատ)
  3. շարժական հոսպիտալի տրամադրում
  4. աջակցություն Երեւանում ուսումնական հրշեջ-փրկարարական ջոկատի ստեղծմանը։

 

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն


2007 թ. իրականացվում է համագործակցություն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ։ Մասնավորապես` կազմակերպության կողմից ՀՓԾ-ին ցուցաբերվում է տեխնիկական աջակցություն։ 2009թ. փետրվարի 10-ին ՀՀ եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ կնքված դրամաշնորհային ծրագրի արդյունքում 2010 թ. ՃՄՀԳ-ն ՀՓԾ-ին կտրամադրի 28 միավոր հրշեջ-տեխնիկա։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից 2010թ-ի հունվարին Երեւանում կկազմակերպվի սեմինար "Տարերային աղետների կանխարգելում" թեմայով։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակի (JICA) հետ նախատեսվում են աշխատանքներ մի շարք ուղղություններով`

  1. Երեւան քաղաքի սեյսմիկ վտանգի քարտեզագրում եւ աղետների պատրաստվածության պլանավորում, որի առումով ներկայացվել է ֆինանսավորման հայտ,
  2. ՀՓԾ տեղեկատվական համակարգի նորացում։



Հայ-շվեդ-էստոնական եռակողմ ծրագիր


2006 թ.-ից սերտ համագործակցություն է ծավալվել ՀՓԾ, Էստոնիայի փրկարար ծառայության (ԷՓԾ) եւ Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման գործակալության (MSB) միջեւ։ Այս համագործակցության շրջանակներում 2006 թ. գարնանը մեկնարկել է "Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների զարգացում" ծրագիրը, որի տեւողությունը 3 տարի է։ Ծրագրի աշխատանքներն իրականացվում են աշխատանքային 5 բլոկի միջոցով, հետեւաբար ծրագրից ակնկալվող հինգ արդյունքները հետեւյալներն են`

  • Արձագանքման համակարգերի, ինչպես նաեւ իրավասու անձանց եւ կազմակերպությունների միջեւ կանխարգելման ոլորտում համագործակցության բարելավում.
  • Հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացում.
  • Հաղորդակցային ցանցերի բարելավում.
  • Հայաստանի հրշեջ-փրկարարական կազմավորումների ուսուցման հնարավորությունների բարելավում.
  • Օպերատիվ հրշեջ-փրկարարական կազմավորումների ձեւավորման հնարավորությունների ապահովում։



Բլոկ 1. Համագործակցություն/տեղական ռիսկերի գնահատում եւ նվազեցում

Օրինակ` արդյունք 1 –  Լավագույն գործնական պլան` մշակված հայ հանրության համար, որը կընդգրկի վտանգների դիմակայման համակարգված, արդյունավետ եւ մեթոդական մոտեցումներ (ներառյալ ռիսկերի գնահատման եւ կառավարման պլանները)։

Բլոկ 2. Կանխարգելմանն ուղղված միջոցառումներ երեխաների եւ երիտասարդության շրջանում

Օրինակ` արդյունք 2 – Հայաստանի մանկապարտեզներում եւ դպրոցներում կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման հնարավորությունների բարելավում։

Բլոկ 3. Հաղորդակցության եւ ԱԻ կենտրոնների ստեղծում (112)

Օրինակ` արդյունք 3 – Ներկայացվում են Հայաստանում ստեղծված հաղորդակցության եւ ԱԻ կենտրոնների (112) ստեղծման հեռանկարները։ 

Բլոկ 4. Ուսուցմանն ուղղված  հնարավորությունների եւ հզորությունների մշակում

Օրինակ` արդյունք 4 – Հայաստանի հրշեջ-փրկարարական կազմավորումների ուսուցման հնարավորությունների եւ միջոցների բարելավում։

Բլոկ 5. Օպերատիվ փրկարար ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացում

Օրինակ` արդյունք 5 – Հայաստանի հրշեջ-փրկարարական կազմավորումների աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Եռակողմ ծրագրի շրջանակներում պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ, որոնք հայ, շվեդ եւ էստոնացի մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել փորձի փոխանակում։ Համագործակցության արդյունքում ՀՓԾ-ին տրամադրվել են` "Վոլվո" մակնիշի հրշեջ-փրկարարական 1 ավտոմեքենա, սարքավորումներ, գույք եւ հանդերձանք։ 


1996 թ-ին Շվեդիայի կողմից Հայաստանին տրամադրած գույքի եւ
սարքավորումների մոտավոր ցուցակ

003 ծառայություններին

  • ավտոմեքենա Վոլքս Վագեն -2
  • ավտոմեքենայի կցորդ-2
  • ջրափրկարարական գույք-2 հավաքածու/պլաստմասե նավակներ, ջրափրկարարի հանդերձանք/
  • ռացիաներ-ստացիոնար եւ շարժական
  • հանդերձանք ձմեռային եւ ամառային
  • սաղավարտներ
  • լապտերներ
  • փրկարարական գործիքների հավաքածու/կտրող,ծակող,ձգող,բարձրացնող-մեխանիկական,հիդրավլիկ,էլեկտրական/
  • ներքին այրման շարժիչով էլ.կայան
  • պարաններ
  • առաջին օգնության ուսապարկ-անհրաժեշտ պարագաներով
  • վերանորոգման արկղ
  • լուսավորման սարքեր
  • պատգարակներ հատուկ-2


Փրկարար գնդին

  • փրկարարական գործիքների հավաքածու/կտրող,ծակող,ձգող,բարձրացնող-մեխանիկական,հիդրավլիկ,էլեկտրական,ներքին այրման շարժիչով /մեծ քանակությամբ/
  • Կոմպրեսատորներ-գործիքներով-4
  • վրաններ մեծ
  • ռացիաներ ստացիոնար եւ շարժական
  • լուսավորման սարքեր
  • պատգարակներ
  • հանդերձանք ձմեռային եւ ամառային/մեծ քանակությամբ/
  • ձեռքի լապտերներ
  • սաղավարտներ


ՈՒսումնական կենտրոնին

  • հեռուստացույց
  • նկարահանման խցիկ/վիդեո կամերա/
  • վիդեո...


ԱՄՆ

2005 թ. սկսած համագործակցություն է  իրականացվում ՀՓԾ եւ ԱՄՆ Կանզասի Ազգային Գվարդիայի միջեւ։ Այս համագործակցության շրջանակներում անցկացվել եւ անցկացվում են մի շարք միջոցառումներ` 2005 թ. սեպտեմբերին ՀՓԾ եւ ՀՀ ՊՆ աշխատակիցները ծանուցողական այցով եղան Կանզասում, իսկ 2006 թ. ԱՄՆ Կանզասի Առողջապահական ընկերության կողմից ՀՓԾ ՃԿՊԱ-ում տեղի ունեցավ "Առաջին բուժօգնություն" թեմայով դասընթաց եւ այլն։

Համաձայնեցման փուլում է գտնվում "Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջեւ կենսաբանական զենքի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիաների, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին" համաձայնագրի նախագիծը։ Այս փաստաթղթի համաձայն` ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից անվճար աջակցություն կտրամադրվի ՀՀ ԱԻՆ-ին` հանրապետության տարածքում գործող հիմնարկներում կենսաբանական զենքերի ստեղծման տեխնոլոգիաների, ախտածինների տարածումը կանխարգելելու գործում` կենսաահաբեկչական հարձակումների եւ հնարավոր համաճարակների հայտնաբերման, ախտորոշման եւ դրանց մասին իրազեկման ունակությունները խթանելու եւ կենսաբանական ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ռազմավարական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը դյուրացնելու նպատակով։ Այդ նպատակով ԱՄՆ կառավարությունը Հայաստանին, վերջինիս հայտի հիման վրա, մշտական կամ ժամանակավոր օգտագործման համար կտրամադրի սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, կմատուցի համապատասխան ծառայություններ եւ կիրականացնի անձնակազմի ուսուցում։

ՀՀ-ում վտանգավոր ախտածինների հափշտակման կամ չլիազորված օգտագործման վտանգը նվազեցնելու նպատակով ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի կողմից ՀՀ ԱԻՆ-ին տրամադրված աջակցությունը կարող է ուղղվել կենսաբանական հետազոտությունների համատեղ իրականացմանը, կենսաբանական սպառնալիքի գործոնների հայտնաբեմանը, դրանց հակազդմանը եւ կենսաբանական նյութերի պաշտպանության եւ  վերահսկման գործընթացների բարելավմանը։ Ակնկալվող արդյունքները հետեւյալներն են` միջուկային զենքի եւ դրա հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդում, միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքի եւ այդ զենքի հետ անմիջականորեն կապ ունեցող նյութերի չարտոնված փոխանցման (ներառյալ` տարանցման ու փոխադրման) կանխում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության համագործակցության գրասենյակի կողմից ս.թ. օգոստոսի 10-14-ը Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում կազմակերպվել էր "Աղետների եւ ճգնաժամերի կառավարման ամերիկյան ընթացակարգերին" ուղղված ճանաչողական այց, որին մասնակցում էին նաեւ ՀՓԾ ներկայացուցիչները։ Միջոցառման շրջանակներում մասնակիցներն այցելել են Վաշինգտոն` ֆեդերալ արտակարգ իրավիճակների վարչության (FEMA) կառավարման կենտրոն, ծանոթացել կենտրոնի կառուցվածքին, ուսումնասիրել գործունեության սկզբունքները, դիտարկել շարժական կենտրոնը եւ շարժական կապի կետը, ուսումնասիրել ԱԻ ժամանակ ուժերի ներգրավման ամերիկյան փորձը, հրշեջ-կայանների կառուցվածքը, գործունեության սկզբունքները, տեխնիկական հագեցվածությունը եւ այլն։ Այցելության ընթացքում համեմատություններ են անցկացվել ԱԻ կառավարման ոլորտում երկու երկրներում գործող մեխանիզմների միջեւ, համատեղ քննարկվել եւ ընդգծվել է Հայաստանում ճգնաժամային կառավարման ժամանակակից կենտրոնի ստեղծման կարեւորությունը, ինչպես նաեւ ամերիկյան գործընկերների կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը։


ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն

Համագործակցություն է իրականացվում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ, որի շնորհիվ վերանորոգվել եւ կահավորվել է ՀՓԾ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) վարչական շենքը, տրամադրվել համակարգչային տեխնիկա, մեծացել են վերջինիս հնարավորությունները։ Կառուցվել է առանձին հարկաբաժին ՀՓԾ գործունեությունը լուսաբանող "Արտակարգ ալիք" լրատվական կենտրոնի համար իր հեռուստատաղավարով, բրիֆինգ կենտրոնով եւ աշխատասենյակներով։ Աջակցություն է ցուցաբերվել վերջինիս տեխնիկական հագեցվածության ապահովման եւ ինտերնետային կայքի մշակման հարցերով։ Բոլոր 47 հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվել է գազամատակարարում եւ տրամադրվել են ջեռուցման սարքավորումներ։


ՆԱՏՕ/ԳհԽ

ՀՓԾ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում։
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ճգնաժամային կառավարման կենտրոն` խաղաղ եւ պատերազմական ժամանակաշրջաններում հանրապետության կայուն ու հուսալի կառավարումն ապահովելու նպատակով։

ՀՀ Վարչապետի` 23.04.2007 թ. N 319-Ա որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ` Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ուղիներն ուսումնասիրելու եւ համապատասխան ծրագիր կազմելու նպատակով։ Աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկվել էին ՀՀ տարբեր նախարարությունների եւ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ, ուսումնասիրել էր տարբեր երկրների փորձը եւ, միաժամանակ հաշվի առնելով հանրապետության արդի տնտեսական վիճակը եւ աշխարհաքաղաքական իրողությունները, մշակել կենտրոնի ստեղծման ծրագրի նախագիծ։ Նախագիծը սահմանված կարգով ներկայացվել էր շահագրգիռ ՀՀ պետական մարմինների քննարկմանը,  այնուհետեւ ստացված առաջարկությունների դիտողությունների հիման վրա լրամշակվել էր եւ 2007 թ. հունիսի 21-ին ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության քննարկմանը։

2009 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում` ԱԳԳԾ շրջանակներում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ, ներկայացվել է 2009-10 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը` Հայաստանի մասնակցության մասով, քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ "ՀՀ ՊՆ հանրային իրազեկման հայեցակարգը", ինչպես նաեւ 2010 թ. Հայաստանում անցկացվելիք` ԱԻ հետեւանքների վերացման "Արմենիա 2010" դաշտային վարժանքի նախապատրաստական աշխատանքների պլանը։ Այս առումով 2009թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացվեց "Արմենիա 2010" դաշտային վարժանքի նախնական պլանավորման, 2010թ-ի մարտին Երեւանում կանցկացվի գլխավոր, իսկ հունիս ամսին` վերջնական պլամավորման կոնֆերանս։ Նախատեսվում է Հայաստան-ՆԱՏՕ "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրի շրջանակներում "Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Աղետների արձագանքման համակարգման Եվրաատլանտյան կենտրոնի միջեւ "ԱՐՄԵՆԻԱ-2010" համատեղ վարժանքի անցկացման մասին" Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Ռազմավարական ուսումնասիրությունների Մերձավոր Արեւելքի Հարավային Ասիայի կենտրոնը Մարշալ կենտրոնի հետ համատեղ առաջարկում է 2010թ-ի սեպտեմբերին Երեւանում անցկացնել նաեւ աղետների կառավարման սեմինար/վարժանք "ԼՈՌԻ-2010" թեմայով։


ԳՏՀ

Իրականացվում է համագործակցություն Գերմանական տեխնիկական համագործակցության (GTZ) կազմակերպության հետ, որն իրագործում է  "Հարավային Կովկասում աղետներին նախապատրաստվածություն" ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում ակնկալվում է Լոռու եւ Տավուշի մարզերում առկա գիտական եւ տեխնոլոգիական բազայի վրա ստեղծել վաղ նախազգուշացման համակարգի (ՎՆՀ) եւ հեղեղների ու սողանքների մոնիթորինգային ծառայություններ։ Այս ծառայությունները կոչված են իրականացնել ռիսկերի շարունակական դիտարկում, վերլուծություն եւ դրանց զարգացումների մասին նախազգուշացում։ Մոնիթորինգային ծառայությունները, համաձայն ՄԱԿ-ի աղետների նվազեցման մարտավարության (Hyugo Framework for Action 2005-2015), եւ հիմնվելով ռիսկերի մասին տվյալների վրա, միտված են որոշելու վտանգների կարճաժամկետ փոփոխությունները, տեղանքների խոցելիությունը, կանխատեսելու հնարավոր երկարաժամկետ փոփոխությունները, իրականացնելու` մարզային ռիսկերի քարտեզների եւ տվյալների պարբերական լրամշակում-ճշգրտում, մարզերում ռիսկի եւ խոցելիության ինդիկատորային համակարգի պարբերական զարգացում, դիտարկումների անցկացում, հեղեղների եւ սողանքների հաճախականության ճշգրտում։ Մշակվել եւ ՀՀ կառավարություն է ներկայացվել Լոռու եւ Տավուշի մարզերում վաղ նախազգուշացման եւ մոնիթորինգային համակարգերի ստեղծման տեխնիկական ծրագրի (TETRA) նախագիծը։ Նշված մարզերում այս համակարգերը ներդնելիս հարկավոր է հաշվի առնել դրանց ընդլայնումը` հետագայում հանրապետության ողջ տարածքում ազդարարում եւ  մոնիթորինգ իրականացնելու նպատակով։ Հանրապետական մակարդակի համակարգի ձեւավորման եւ զարգացման համար ենթադրվում է ունենալ TETRA համակարգի 11 տարածք (10-ը` մարզային, 1-ը` Երեւանում)։ Յուրաքանչյուր տարածք պետք է ունենա իր դիսպետչերական կենտրոնը (մարզինը` մարզկենտրոնում, Երեւանինը` դիսպետչերական կենտրոնում եւ ԱԻՆ ՀՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնում)։ Համակարգը հնարավորինս անկախ պետք է լինի հանրապետությունում գործող կապի օպերատորներից, իսկ բազային կայանները պետք է լինեն նվազագույնս սպասարկվող։

GTZ-ի հետ համատեղ իրականացվելու է "Հանրային իրազեկման մարզային կենտրոն"-ի ստեղծման ծրագիր Տավուշի մարզում։

Համաձայն պայմանավորվածության` GTZ-ն ՀՓԾ-ին  պետք է տրամադրի 1 ավտոմեքենա` մոնիթորինգի խմբի աշխատանքներն իրականացնելու համար։


ՀԱՊԿ

ՀՓԾ-ի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցությունն իրականացվում է 2009 թ. ստորագրված` "Արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման համակարգի ձեւավորմանն ուղղված` ՀԱՊԿ անդամ պետությունների մինչեւ 2012 թ. ժամանակաշրջանի համար գործողությունների հիմնական ուղղությունների մասին" ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման շրջանակներում։ Այս համագործակցության նպատակն է` ապահովել փոխգործակցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ` ՔՊ, ԱԻ կառավարման եւ խոշոր աղետների կանխարգելման ուղղությամբ, օժանդակել անդամ պետությունների բարգավաճմանը, դրանց ազգային եւ հավաքական անվտանգության ամրապնդմանը, պետությունների տարածքներում ռազմական կազմավորումների, ՔՊ ստորաբաժանումների, անվտանգության ծառայությունների հատուկ ստորաբաժանումների եւ ներքին գործերի մարմինների համալիր գործողությունները մարդասիրական հարթակ տեղափոխելուն` ԱԻ արձագանքման հավաքական համակարգ ստեղծելու միջոցով։

Այս համակարգի ձեւավորման նպատակն է` ՀԱՊԿ անդամ պետությունների ներուժի վրա հիմնված գործողությունները կենտրոնացնել ԱԻ արձագանքման ուղղությամբ։

Համակարգի գործունեությունից ակնկալվող արդյունքներն են`

  • Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, ՀԱՊԿ անդամ պետությունների արդյունավետ փոխգործակցության գիտա-մեթոդական մոդելի ստեղծում` խոշոր աղետներին դիմակայելու նպատակով.
  • ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում ԱԻ հավաքական արձագանքման համակարգի ձեւավորում, ինչը թույլ կտա աղետների ժամանակ օգտագործել անդամ պետությունների զինված ուժերի պահուստային միջոցները` մարդասիրական գործողություններ ծավալելու նպատակով.
  • Խոշոր ԱԻ դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունների միջպետական համագործակցության տարածաշրջանային ենթահամակարգերի ստեղծում.
  • ՔՊ ոլորտում համագործակցության զարգացում, ատոմային եւ քիմիական զենքի հնարավոր կիրառման դեպքում հետեւանքների վերացմանն ուղղված փոխօգնության վերաբերյալ համաձայնեցված մոտեցումների մշակում.
  • ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի հատուկ մարմինների եւ ծառայությունների համագործակցության զարգացում` հաշվի առնելով վտանգավոր ռազմական եւ քաղաքացիական օբյեկտներում հնարավոր ահաբեկչական գործողությունների պարագայում ազդարարման եւ հետեւանքների վերացման գործում նրանց ներգրավվածության առանձնահատկությունները.
  • ԱԻ ժամանակ ՀԱՊԿ հավաքական արձագանքման համակարգի ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման համալիր մոտեցումների մշակում.
  • Մասնագետների պատրաստման եւ որակավորման բարձրացման համակարգի մշակում.
  • միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում` գործողությունները ԱԻ կանխարգելման եւ վերացման համաշխարհային ընթացակարգերին համապատասխանեցնելու տեսանկյունից։


ԱՊՀ Միջպետական խորհուրդ

ՀՓԾ-ն ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը Տարերային եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհրդում` մասնակցելով նիստերին եւ իրականացնելով ընդունված որոշումները։ Այս համագործակցության շրջանակներում 2006 թ. սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում անցկացվել է խորհրդի 20-րդ նստաշրջանը։


Իտալիա


2008 թ. մայիսի 16-ին Երեւանում ստորագրվել է "Փոխըմբռնման հուշագիր" Իտալիայի ՔՊ հարցերով նախարարների խորհրդի ՔՊ դեպարտամենտի եւ ՀՀ ԱԻՆ ՀՓԾ-ի միջեւ։ Փաստաթղթի նպատակն է`

  • ամրապնդել փոխադարձ  համագործակցությունը.
  • մշակել համատեղ ծրագրեր ՔՊ ազգային համակարգերի, մասնավորապես` ռիսկերի կառավարման ոլորտում.
  • քննարկել եւ վերլուծել ՔՊ ոլորտի ուսումնական հաստատությունների ստեղծման ռազմավարությունը` աղետների կանխարգելման եւ արձագանքման բնագավառում հմտությունների կատարելագործմանն աջակցելու նպատակով.
  • երաշխավորել տեղեկատվության եւ փորձի փոխանակումը.
  • աջակցել ռիսկերի կառավարման, աղետների կանխարգելման ու արձագանքման գործընթացներին ուղղված հետազոտությունների զարգացմանը.
  • ուսումնասիրել համագործակցության եւ փոխաջակցության ռազմավարությունները.
  • ապահովել Իտալիայի ՔՊ նախարարների խորհրդի ՔՊ դեպարտամենտի եւ ՀՓԾ-ի մասնակցությունը աղետներին դիմակայման եւ արձագանքման պատրաստվածության բարձրացման գործընթացներին.
  • նպաստել իրազեկման մեխանիզմների բարելավմանը եւ զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքին։


ԱԱԴ

Մեծ Բրիտանիայի Առեւտրի եւ արդյունաբերության դեպարտամենտի (DTI) հետ իրականացվել է լեզվի ուսուցման եւ սարքավորումների ձեռքբերման ծրագիր։ Կազմակերպության կողմից ՀՓԾ-ին տրամադրվել է արբանյակային ինտերնետային կապ, իսկ 2006-2007 թթ. "NSP 04-A1" ծրագրի շրջանակներում` դոզաչափեր, սարքավորումեր, անհատական պաշտպանության միջոցներ եւ  համակարգչային տեխնիկա։


ՍԾՏՀ

ՀՓԾ-ն համագործակցում է նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների հետ։ 2008 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ՍԾՏՀ` հայաստանյան  նախագահության ժամանակահատվածում, Գյումրիում կազմակերպվել է "Փրկարարական աշխատանքների իրականացումն ուժեղ երկրաշարժի ժամանակ" թեմայով ուսումնական վարժանք, որին հաջորդել է "Սպիտակի երկրաշարժից քաղված դասերը" խորագրով սեմինարը։
ՍԾՏՀ քարտուղարություն է ներկայացվել ՀՀ ԱԻՆ ՀՓԾ միջազգային համագործակցության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արման Ավագյանի թեկնածությունը` որպես կապի սպա։


ՔԶԱԿ


ՀՓԾ համագործակցում է նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հետ։ Այս համագործակցության շրջանակներում ՀՓԾ մասնագետները հնարավորություն ունեն մասնակցելու ՔԶԱԿ-ի կողմից կազմակերպված սեմինարներին եւ դասընթացներին։ 2005 թ. կազմակերպությունը նման դասընթաց է անցկացրել Հայաստանում։
ՔԶԱԿ-ն ՀՓԾ-ին է տրամադրել 1 գազային քրոմատոգրաֆ եւ հակագազի ֆիլտրեր։


ՌԴ ԱԻՆ

Իրականացվում է համագործակցություն նաեւ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Համագործակցության շրջանակներում ՀՓԾ մասնագետները վերապատրաստվում են ՌԴ ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության եւ Հակահրդեհային պետական ծառայության ակադեմիաներում։


ՔՊՄԿ

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ համագործակցում է նաեւ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) հետ։ ՀՓԾ մասնագետները մասնակցում են  կազմակերպության կողմից արտերկրում անցկացվող դասընթացներին, ինչպես նաեւ` ՔՊ ոլորտում ունեցած ավանդի համար շքանշան-կոչումների ներկայացման գործընթացներին` արժանանալով շքանշանների եւ կոչումների։


ԵԱՀԿ

2008 թ․ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ ստորագրված համաձայնագրով  վերսկսվել է "Արտակարգ ալիք" ամենշաբաթյա հեռուստահաղորդաշարի թողարկումը, կազմակերպվել են հասարակայնության հետ կապերի նորագույն ձեւերի ու մեթոդների վերաբերյալ դասընթացներ, ցուցաբերվել է փորձագիտական աջակցություն, իրականացվել են "Արտակարգ ալիքի" դեմքի եւ իմիջի ձեւավորման, տեղեկատվական բոլոր խողովակների պատկերի ու գույնի նույնացման, ներկայացուցչական փաթեթի մշակման աշխատանքներ, աջակցություն է ցուցաբերվել "Արտակարգ թերթ" շաբաթաթերթին։


Միջազգային համաձայնագրեր

1994թ. օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ կնքվել է «Արդյունաբերական վթարների եւ տարերային աղետների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ասպարեզում համագործակցության համաձայնագիր»։

1995թ. հունվարի 13-ին Բրյուսելում կնքվել է «ՀՀ կառավարության եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության միջեւ անվտանգության համաձայնագիր»։

1996թ. ապրիլի 12-ին Մոսկվայում կնքվել է «Վտանգավոր եւ այլ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին համաձայնագիր»։

1998թ. ապրիլի 15-ին Սոչիում ստորագրվել է «Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) մասնակից պետությունների կառավարությունների միջեւ բնական եւ տեխնածին աղետների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում համագործակցության համաձայնագիր»։

1998թ. հուլիսի 9-ի ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ կնքվել է «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում համագործակցության համաձայնագիր»։

2003թ. ապրիլի 10-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայկական գրասենյակի, USAID-ի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության միջեւ ստորագրվել է «Աղետներին նախապատրաստվածության ազգային համակարգին համախմբված աջակցություն» համատեղ ծրագրի փաստաթուղթ։

2005թ. մարտին ստորագրվել է «Արձագանք» համաձայնագիրը Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալության հետ, համաձայն որի ՇՄԶԳ-ն Հայաստանի փրկարար ծառայության մարզային միավորներին կտրամադրի նորագույն փրկարարական տեխնիկա, ինչպես նաեւ համապատասխան որակավորում ունեցող հրահանգիչներ, որոնք կվերապատրաստեն հայ մասնագետներին եւ կսովորեցնեն նորագույն սարքավորումներից ճիշտ օգտվել։