«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am


ՈՒշադրություն

ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալությունը առաջարկում է ուղղակի վաճառքի ձևով ներքոհիշյալ առողջապահական նշանակության ապրանքները:
Ապրանքների ուղղակի վաճառքի ձևով իրացվում են առաջին դիմողին:
Դիմումները ներկայացնել ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալություն:
Հասցեն՝  Պուշկինի 25, պետական  պահուստի ձևավորման բաժին, հեռ. 536827։


Մեր փորձագետները միջազգային կառույցներում PDF  | Տպել |

Սպիտակի երկաշարժից հետո, երբ աշխարհի շատ երկրներ օգնություն էին ուղարկում այն տարիներին դեռեւս Խորհրդային միության կազմում գտնվող Հայաստանին, պարզվեց, որ երկիր հասնող մարդասիրական օգնության տրամադրումը տուժածներին արդյունավետ չի կազմակերպվում։

Դոնոր երկրներն ու կազմակերպությունները տեղեկատվություն չունեին մեր երկրի կարիքների ու հնարավորությունների մասին։ Հենց այս փորձն էլ առիթ եղավ, որ 1993 թ. ՄԱԿ-ի հովանու ներքո մի կառույց ստեղծվի, որը պետք է աղետյալ երկրին հասցված մարդկային ու տնտեսական վնասների չափերի եւ երկրի կարիքների գնահատում իրականացնի։ 2009 թ. այդ կառույցում ընդգրկվեցին նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ` Արտավազդ Դավթյանն ու Բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ, գնդապետ` Հովհաննես Եմիշյանը։

Փրկարար ծառայության տնօրեն, ԱԻ նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը պատմում է.
- 2009 թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցան ԻՆՍԱՐԱԳ (INSARAG)-ի ուսումնավարժությունները, որին մասնակցում էին 28 երկրներից ժամանած փորձագետներ ու փրկարարներ։ Նրանք տեսան, որ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունը կայացած կառույց է, ունենք պրոֆեսիոնալ մասնագետներ։ Մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն էլ ավելի զարգացնելու նպատակով նրանք ընտրեցին մեր երկու ծառայողներին ու սեպտեմբեր ամսին հրավիրեցին Շվեյցարիա։

ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծված կառույցը կոչվում է ՅՈՒՆԴԱԿ (UNDAC)։ Միջազգային այս կազմակերպության անդամ դառնալու առաջին պայմանը մասնագետների կրթությունը, կարողություններն ու մասնագիտական հմտություններն են։ Դրանք պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի սահմանած չափանիշներին։ Բացի այդ, ՄԱԿ-ը կարեւորում է նաեւ փորձագետների անցած մասնագիտական ուղին, լեզուների իմացությունը։ Հաջորդ կարեւոր գործոնը անձնական անվտանգության պահպանման հնարավորություններն են։  Սա արդեն  պարզվում է  առցանց ռեժիմով հարց ու պատասխանի միջոցով։ ԱԻՆ ՀՓԾ աշխատակիցներ Ա. Դավթյանի եւ Հ. Եմիշյանի դեպքում առցանց ռեժիմով հարցազրույցը տեւել է մոտ  վեց ժամ։ Սա նրանց առաջին քննությունն է եղել,  որի ժամանակ ստուգվել են  տարբեր իրավիճակներից անվնաս դուրս գալու  նրանց կարողությունները։  Այս փուլը հաջողությամբ հաղթահարելուց հետո, անցել են որակավորման դասընթաց։ Վերջնական, եզրափակիչ ու որոշիչ փուլը երկրաշարժի սցենարն էր, որին պետք է մասնակցեին խմբի անդամները։  Մասնակիցները նախ պետք է լուծեին փաստաթղթային հարցեր, մեկնեին ՅՈՒՆԴԱԿ խմբի հավաքատեղի, ստանային հանձնարարականը, կատարեին իրենց առաքելությունը, հանձնեին հաշվետվությունը եւ վերադառնային իրենց երկիր։

- Մենք մեր հեռախոսների վրա ստացանք հաղորդագրություն, թե պատրա՞ստ ենք, արդյոք, մեկնել այդ երկիր։ Մենք հաստատեցինք։ Նշանակվեց ժամ։  Հյուրանոցը, որտեղ բնակվում էինք, խաղարկվեց որպես օդանավակայան, որտեղից պետք է մեկնեինք աղետյալ երկիր, - պատմում է Ա.Դավթյանը։

Աղետյալ երկիրը Ջուլիանդիան էր։ Մինչ կփորձեք մտաբերել, թե Ջուլիանդիան որ աշխարհամասում է գտնվում, շտապենք տեղեկացնել, որ այն վիրտուալ երկիր է, բայց այս պահին` իրական խնդիրներով։

- Այսպես ասած, օդանավակայանում պարզվեց, որ մեկը մոռացել է անձնագիրը, մեկի տոմսը չի համապատասխանում։ Եվ նրանք դուրս մնացին «խաղից»։ Այսպես թիմերը գնալով փոքրացան, - հիշում է Հ. Եմիշյանը։

«Հասնելով» Ջուլիանդիա` հարկավոր էր ամեն գնով հատել սահմանը։ Սակայն հենց սահմանային կետում նրանց տեղեկացնում են, որ աղետյալ երկրում խիստ սանիտարահիգիենիկ նորմեր են գործում։

- Մեզ պարտադրեցին հանել մեր կոշիկները, նախապես լվալ ոտքերը, նոր միայն մտնել երկիր, - ասում է Հ. Եմիշյանը։ - Ոտքերը լվալը տեւում էր 10 րոպե, սառը ջրով, գիշերվա ժամը 4-ին` լուսադեմին։ Հոլանդիայի ներկայացուցիչը նույնիսկ կաշառք առաջարկեց, որ անցնի սահմանը, - շարունակում է Ա.Դավթյանը։

Սահմանային անցակետում նույնիսկ մասնակիցներից մեկի լուսանկարն են բերել եւ հայտարարել են, որ նա միջազգային հետախուզման մեջ է գտնվում եւ նրան պետք է անհապաղ ձերբակալեն։

- Դրանք կյանքից վերցված դասեր են,- ասում է Ա.Դավթյանը։

Կյանքից վերցված դասերից են ձեւավորվել ՄԱԿ-ի կանոնակարգերը եւ այն դասընթացները, որին 2009 թվականին մասնակցեցին ԱԻՆ ՀՓԾ ԱԻ օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ` Արտավազդ Դավթյանն ու Բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ, գնդապետ` Հովհաննես Եմիշյանը։  Այս ամենն արդեն ետեւում է։

 

2009 թ. վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած 40-ից ավելի մասնագետներ։ Սակայն նրանցից միայն 5-ն ընտրվեց ՅՈՒՆԴԱԿ խմբի անդամ, որից երկուսը` Հայաստանից։

- Այդ ամենը հեշտությամբ չի ստացվում։ Դրան պիտի պատրաստ լինել ե՛ւ ընդունակություններով, ե՛ւ մասնագիտական գիտելիքներով, որպեսզի ընգրկվեն։ Ես ասեմ, որ Ռուսաստանն` այդ խոշոր, անծայրածիր երկիրն, ընդամենը 5 այդպիսի փորձագետ ունի,- ասում է ՀՓԾ տնօրեն, ԱԻ նախարարի առաջին տեղակալ` Էդիկ Բարսեղյանը։     

Որպես ՅՈՒՆԴԱԿ խմբի անդամներ Ա. Դավթյանը եւ Հ. Եմիշյանը Հայաստանում առաջինն իմացան Հայիթիի ավերիչ երկրաշարժի մասին։  Մինչ  լրատվական ծառայությունները կսկսեին տեղեկացնել մարդկանց ու երկրին հասցված հսկայական վնասների չափի մասին, ՀՓԾ տնօրեն, ԱԻ նախարարի առաջին տեղակալ  Էդիկ Բարսեղյանը  նեղ կազմով շտապ խորհրդակցություն հրավիրեց։

Քննարկվեցին մեր փրկարարական ծառայության հնարավորությունները։ Րոպեներ անց 50 հայ փրկարարներ  պատրաստ էին մեկնել աղետի գոտի, սակայն Հայիթիի կառավարությունը տեխնիկական խնդիրների պատճառով պատրաստ չի եղել ընդունել այդ օգնությունը։  Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ քննարկեց նաեւ Հայիթիին նյութական օժանդակություն ցուցաբերելու հարցը, բայց, ինչպես նշեց վարչապետը, այդտեղ կան խնդիրներ` կապված օգնության ֆիզիկական ծավալների տեղափոխման հետ։ Այդ պատճառով ընդունվեց որոշում` ցուցաբերել ֆինանսական օգնություն։ Հայաստանի կառավարությունը 100 հազար դոլար հատկացրեց Հայիթիի` երկրաշարժի հետեւանքով տուժածներին օգնելու նպատակով։

Հայ փրկարարներն առաջին անգամը չէ, որ օգնության ձեռք են մեկնում երկրաշարժից տուժած երկրներին։ 1993-ի դեկտեմբերին նրանք եղան Իրանի Բամ քաղաքում, իսկ` 1999-ի օգոստոսին` Թուրքիայում` Իզմիթում, որտեղ ստորգետնյա ցնցման ուժգնությունը հասել էր 7.7 մագնիտուդի։

ՅՈՒՆԴԱԿ խմբի անդամը պետք է տեղյակ լինի նաեւ աղետյալ երկրի ազգային սովորույթներին։

- ՅՈՒՆԴԱԿ անդամը, մեկնելով երկիր,  հանձնարարություն է կատարում։ Տվյալ երկիրը կարող է զարգացած լինել, կամ` շատ հետամնաց։ Պարտավոր ենք նաեւ այդ երկրի ավանդույթներն իմանալ. ասենք` որտե՞ղ չի կարելի դիմել կնոջն ինչ-որ հարցով, կամ` նույն փրկարարական աշխատանքներն ինչպե՞ս պետք է կազմակերպել, - ասում է Հովհաննես Եմիշյանը։

Տարեցտարի  ընդլայնվում են ԱԻՆ ՀՓԾ գործունեության հնարավորություններն ու ծավալները։ Մեծանում է նաեւ պատասխանատվության չափը։ Իսկ միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն ունենալը  ենթադրում է որակյալ մասնագետների պատրաստում ու անընդհատ վերապատրաստում։

 

"ԱՐՏԱԿԱՐԳ ԱԼԻՔ" ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ

"Շանթ" հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 23։50-ին։ Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 10։55-ին և կիրակի, ժամը 12։25-ին։

Երեխաների համար