|

Ամփոփեցին 2009 թվականը
Փետրվարի 2-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն ամփոփեց անցած 2009 թվականը, արձանագրեց հաջողություններն ու թերացումները։ Կատարված աշխատանքները շատ էին, դրանք մանրամասն ներկայացրեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ‚ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։
Այսպիսով, 2009 թվականին Հայաստանում գրանցվել է 7035 արտակարգ դեպք, զոհվել է 462 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել` 5787-ը։ Գրանցված դեպքերից 3675-ը տեխնածին բնույթ են ունեցել, 397-ը` տարերային, 2963-ը` սոցիալ-կենցաղային։ Անցյալ տարի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներն իրականացրել են 7354 ելք, որից 2450-ը` հրդեհների մարման նպատակով։ Հատուկ-փրկարարական ստորաբաժանումներն արձագանքել են 1508 կանչի։
2009-ին Հայաստանում ջրահեղձումից մահացել է 23 մարդ, փրկվել` 20-ը։
Անցյալ տարի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստմանն ուղղված միջոցառումներից խոշորագույնը INSARAG-ի շրջանակներում անցկացված «Քաղաքային որոնողափրկարարական խմբերի գործողություններն ուժեղ երկրաշարժի ժամանակ» թեմայով «Արմենիա 2009» միջազգային փրկարարական ուսումնավարժությունն էր, որից հետո ծառայության 2 աշխատակիցներ ընգրկվեցին INSARAG (ԻՆՍԱՐԱԳ) կազմակերպության խորհրդում։
- INSARAG-ի ուսումնավարժության ժամանակ 28 երկրից մասնակից-գործընկերներ էին եկել Հայաստան։ Նրանք տեսան, որ մենք արդեն կայացած եւ ուժեղ փրկարար ծառայություն ունենք։ Մեզ համար շատ կարեւոր է նման հեղինակավոր կառույցում մեր ներկայացուցիչներն ունենալը,- ասաց ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը։
2009 թվականն արդյունավետ էր նաեւ միջազգային համագործակցության տեսանկյունից։ Շարունակվել են աշխատանքները «Քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների զարգացումը Հայաստանում» թեմայով հայ-շվեդ-էստոնական եռակողմ համաձայնագրի իրականացման ուղղությամբ։
Շարունակվել են աշխատանքները Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հետ համատեղ իրականացվելիք «Արձագանք» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում Հայաստանի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատները հագեցվել են փրկարարական սարքավորումներով եւ գույքով։
Շարունակվում է սերտ համագործակցությունը նաեւ ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Քիմիական զենքերի արգելման կազմակերպության, Կանզասի ազգային գվարդիայի, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ միջազգային կառույցների հետ։
- Անցյալ տարին բարեհաջող էր նաեւ տեխնիկական աջակցություն ստանալու տեսանկյունից։ Ճապոնիայի կառավարության հետ կնքած դրամաշնորհային ծրագրի շնորհիվ արդեն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին կստանանք 8 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ հրշեջ մեքենաներ,- տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ նախարար Մհեր Շահգելդյանը։
2009-ին Հայաստանում եղան եւ տեխնածին, եւ բնական աղետներ։ Ամենախոշոր արտակարգ իրավիճակը մայիսի 14-ին «Նաիրիտում» բռնկված հրդեհն էր, որի հետեւանքով այրվեց 1500 քմ տարածք, զոհվեց 4 մարդ, վիրավորվեց` 6-ը։ Հայ փրկարարները տեղայնացրեցին եւ վերացրեցին վտանգը` թույլ չտալով, որ աղետը մասշտաբային դառնա։
Անցյալ տարի զերծ չմնացինք նաեւ ավիավթարից։ Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում, Կազվին քաղաքի մոտ վթարի ենթարկվեց Կասպյան ավիաուղիների ՏՈՒ-154 ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Երեւան թռիչքը։ Բոլոր 168 ուղեւորները զոհվեցին։
2009-ին Հայաստանում նաեւ զգալի երկրաշարժ եղավ։ Հունիսի 18-ին Գառնի գյուղի մոտ տեղի ունեցավ 3.6 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնում այն 5 բալ ուժգնություն ուներ։ Երկրաշարժը զգացին Երեւանում եւ մոտակա բնակավայրերում։
Բացի երկրաշարժից ու ավիավթարից‚ անցյալ տարվա ամռանը մեզ պատուհասեց նաեւ ուժեղ քամին։ Հուլիսի 5-ին այն Երեւանում պոկեց տանիքներ, տապալեց ծառեր, սյուներ ու գովազդային վահանակներ։
Ամփոփելով 2009-ը` ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունում եկան եզրակացության, որ արվածն ավելի շատ է, քան չարվածը։ Եւ՛ ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանը, եւ՛ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը հատկապես կարեւորեցին այն փաստը, որ այս տարի զգալի չափով կրճատվել է տեխնածին աղետների եւ դրանց հետեւանքով զոհվածների թիվը, ինչը ծառայության կողմից կատարված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության մասին է խոսում։ Այսպիսով, անցյալ տարին ապացուցեց, որ 2010-ին շեշտը պիտի դրվի հենց նմանատիպ միջոցառումների անցկացման վրա, ինչի ուղղությամբ այս տարվա սկզբից արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում։
|