|

«...Հայաստանի բնակչության 30 տոկոսը ենթակա է «հաճախակի» աղետների` աղետներ‚ որոնց հավանականությունը գերազանցում է 5.1 տոկոսը։
Դրանց վնասը գնահատվում է Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 1.5 անգամի չափով։ 20 տոկոս հավանականությունը գերազանցող աղետները կկլանեն Հայաստանի ՀՆԱ-ի մեկ քառորդից ավելին»։
Համաշխարհային բանկի 2009 թ. զեկույցից
Հայասատանի Հանրապետության վարչապետին, նախարարություն-գերատեսչությունների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին դեկտեմբերի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց էր բերել Համաշխարհային բանկի` «Աղետների ռիսկի նվազեցումը եւ արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում» զեկույց-համաժողովը։
Զեկույցի հիմքում Աղետների նվազեցման եւ վերականգնման գլոբալ հիմնադրամի ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված ուսումնասիրությունն է։
- Մեկուկես տարի առաջ սկվեց այս ծրագիրը, որի նպատակն էր եւս մեկ անգամ գնահատել Հայաստանում բնական աղետների ռիսկը, վերանայել ինստիտուցիոնալ համակարգը, որոշել աղետների, ռիսկերի կառավարման ոլորտի մարտահրավերները եւ գործողություններ ու քայլեր առաջարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այս զեկույցում տեղ գտած առաջարկությունները կարող են հիմք ստեղծել տարերային աղետների նվազեցման ծրագրերի համար։ Մի քանի տարի առաջ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի կատարած ուսումնասիրության արդյուն- քում պարզվեց, որ Հայաստանը ա -մենաաղետաշատ երկրների շարքում առաջիններից է` մարդկային եւ տնտեսական կորուստների առումով։
Դա շատ ցավալի է, բայց եւս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առաջին հերթին կանխարգելիչ միջոցառումների վրա։ Հայտնի է որ կանխարգելումը շատ ավելի էժան է, քան` արձագանքումը, - նշեց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանը։
Ըստ զեկույցի, Հայաստանում կան երկրաշարժերի, երաշտների, ջրհեղեղների, սողանքների եւ կարկուտի լուրջ ռիսկեր։ Մեր երկրում ամենաառաջնային վտանգը երկրաշարժն է. մոտ 2.6 մլն մարդ ապրում է սեյսմիկ ակտիվ տարածքներում։ Ըստ ուսումնասիրությունների, Երեւան քաղաքում, որտեղ կենտրոնացած է Հայաստանի բնակչության 40 տոկոսը, 7.0 մագնիտուդով երկրաշարժի դեպքում շենքերի մեծ մասը կարող է քանդվել, իսկ զոհերի թիվը կհասնի 300 000-ի։
Լուրջ խնդիր են նաեւ սողանքներն ու սելավները։ Հայաստանում սողանքային տարածքի ընդհանուր մակերեսը 122 հազար հեկտար է` երկրի ընդհանուր տարածքի 4.1 տոկոսը, ինչը նշանակում է, որ բնակավայրերի 35 տոկոսը սողանքավտանգ վայրերում է։ Իսկ սելավավտանգ է Հայաստանի կեսից ավելին։
Ջրհեղեղավտանգ տարածքների ընդգրկման շառավիղը նունպես մեծ է եւ կազմում է 20-30 տոկոս։
Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի ամենամեծ աղետներից է համարվում կարկտահարությունը, որի հասցրած տարեկան վնասը գնահատվում է 30-40 մլն դոլար։ Շուրջ 368 գյուղեր գտնվում են կարկտավտանգ տարածքներում։ Վերջին տարիներին Հայաստանում կա նաեւ անապատացման խնդիր։
Զեկույցի ընթացքում եւ հետո կոնֆերանսի բոլոր մասնակիցները հատկապես կարեւորեցին նման համապարփակ ու ամբողջական փաստաթուղթ ունենալը, ինչը թույլ կտա ավելի համակարգված աշխատել աղետների ռիսկերի կառավարման համար։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. - Աղետներն իրենց գրեթե բոլոր ձեւերով ու տեսակներով Հայաստանում դրսեւորվում են, եւ հաշվի առնելով այս հանգամանքը` առաջին հերթին մենք պիտի կարողանանք ճշգրիտ գնահատել այն խնդիրների առաջնահերթությունը, որոնք մեր առջեւ կանգնած են։ Մեր ֆինանսական կարողությունները հնարավորություն չեն տալիս, որ մեծածավալ ներդրումներ կատարենք այս ոլորտում, այդ իսկ պատճառով վերլուծական աշխատանքներն այս փուլում կարեւոր են, որպեսզի ծախսեր-եկամուտներ մեթոդով գնահատելով` մենք կարողանանք բացահայտել այն ոլորտները, որտեղ ներդրումներն արդարացված են։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյան. - Այսօրվա միջոցառումը կարեւոր է մի քանի տեսանկյուններից։ Նախ, Համաշխարհային բանկի համապատասխան կառույցն իր ուշադրությունն ուղղեց Հայաստանի վրա, եւ սա միայն բանկի ուշադրությունը չէ. սա կբերի նաեւ դոնորների ուշադրությունը, որոնք կարող են ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին` արտակարգ իրավիճակների կանխարգելման, կանխատեսման, արձագանքման, փրկարարական աշխատանքների, հետեւանքների վերացման ոլորտներում, հատկապես ռիսկերի կառավարման` ռիսկերի հաշվարկ, ուսումնասիրություն, կառավարման մեխանիզմների ձեւավորում։ Այսօր այստեղ մենք ներկայացրեցինք հիմնախնդիրները, որոնք առկա են եւ ներկայացրեցինք ըստ հերթականության ու ռազմավարության` երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ բնույթի։ Մեր նպատակն է ունենալ համակարգ, որը մեր նման փոքր երկրին հնարավորություն կտա առավել արդյունավետ, օպերատիվ կառավարել եւ ռազմավարական մոտեցումներով ղեկավարել ոլորտը։ Բացի այդ, ոլորտը բավականաչափ թանկ է` հատկապես ոչ մեծ երկրների համար, եւ ֆինանսական, տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով անընդհատ աշխատում ենք միջազգային կառույցների հետ։ Սա մեզ համար կարեւորագույն ուղղություն է, ու համոզված ենք, որ մեր ստացած աջակցությունը եւ մշակած մեխանիզմները կարող ենք ի նպաստ բերել բոլոր այն երկրներին, որոնք կբախվեն աղետների հետ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան. - Բավականին մեծ պրոգրես եղել է աղետալի երկրաշարժից հետո ե՛ւ կառույցների ստեղծման, ե՛ւ տեխնիկական հագեցվածության առումով, բայց չենք կարողացել հասնել դրա տեւականությանը։ Բացի այդ‚ չենք կարողացել լավագույն տեխնոլոգիաները ներդնել։ Մինչեւ մեզ համար այդ մեծ պատկերը պարզ չլինի, այսինքն, թե ինչի ենք ուզում հասնել, մեր գործողությունները մշտապես լինելու են կիսատ։ Իսկ այս ոլորտը կարող է նոր հնարավորություններ բերել տնտեսական զարգացման առումով. աղետների ուղղությամբ կարող է գիտությունը զարգանալ, նոր տեխնոլոգիաներ ստեղծվել, որոնք կարող են, ինչու չէ, նաեւ արտահանվել։ Հուսով եմ‚ այսօրվա քննարկումների արդյունքում մի ընդհանուր գաղափարի կհանգենք։
ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյան. - Աղետները պետք է կառավարել, այս մասին է վկայում Սպիտակի երկրաշարժը, ինչի հետ մենք մինչեւ այսօր ապրում ենք։ Ես վստահ եմ, որ այս հանդիպումը, որ շարունակությունն է այն ուսումնասիրության, որ մենք համաշխարհային բանկի եւ այլ նախարարությունների հետ արել ենք, կունենա իր զարգացումը։ Մեր նախարարությունը պատրաստ է համագործակցելու այս թեմայի շրջանակներում։ Մենք մեր ռեսուրսների սահմաններում օգտակար կլինենք մասնավորապես տեղական իշխանությունների, տարածքային իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության տարածքային միավորների մոբիլիզացիայի եւ այս խնդրին ներգրավվելու առումով։
Աղետների նվազեցման եւ վերականգնման գլոբալ հիմնադրամի ղեկավար Սարոժ Կումար Ջհա. - Իմ կարծիքով Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերն է շենքերի ամրության մասին հոգ տանելը, ոչ միայն նոր կառուցվող, այլեւ` հին շենքերի։ Պետք է համոզված լինել, որ դրանք համապատասխանում են անվտանգության ու ամրության միջազգային չափանիշներին։ Եթե ըստ կարեւորության դասակարգենք այս ոլորտը, ես խորհուրդ կտայի առաջին ուշադրությունը դարձնել դպրոցների շենքերին։ Եթե հայ երեխաներն ապահով են, ուրեմն Հայաստանի ապագան էլ է ապահով։
Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիս. - Հայաստանն ունի աղետներին պատրաստ լինելու եւ դիմագրավելու հնարավորություններ ու ցանկություն, այլ հարց է, որ ֆինանսական միջոցներ չունի դա իրականացնելու համար` հատկապես այս տնտեսական ճգնաժամից հետո։ Հարկավոր է պլան մշակել ու որոշել խնդիրներն ըստ կարեւորության ու առաջնահերթության, հետո փորձել դոնոր կազմակերպությունների ու երկրների ուշադրությունը սեւեռել դրանց վրա։
ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աղետների ռիսկերի կառավարման համակարգող Էլիսոն Քեյվ. - Հայատանը աղետների առումով ավելի շատ մարտահրավերներ ունի, քան այլ շատ երկրներ, դրանցից են սեյսմիկ չափազանց ակտիվ գոտում գտնվելը, սողանքների եւ ջրհեղեղների առատությունը, օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները` խիստ ցրտից մինչեւ խիստ շոգ։ 1988-ից հետո այստեղ շատ քայլեր են ձեռնարկվել ինստիտուցիոնալ համակարգերի եւ հնարավորությունների ձեւավորման համար։ Տպավորիչ է տեսնել, թե Հայաստանի կառավարությունը ինչ հաստատուն կերպով է հասկանում խնդիրը եւ այն ուղղությունը, որով պիտի գնա խնդիրները լուծելու համար։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը սովորում է այլ երկրներից, ու շատ երկրներ էլ կարող են Հայաստանից սովորել։ Ռիսկերի կառավարման հարցում շատ եմ կարեւորում նաեւ աղետների մասին հանրային իրազեկվածությունը։ Մարդիկ հաճախ թերագնահատում են ռիսկերը, որովհետեւ աղետների մասին ոչ ոք չի ուզում մտածել։ Բայց մարդկանց տեղեկացնելը, որ նրանք կարող են քայլեր ձեռնարկել մինչեւ աղետի պատահելը, որպեսզի նվազեցնեն ռիսկերը, կարող է պաշտպանվածության եւ բնության ու աղետի նկատմամբ գերակա ուժ ունենալու զգացողություն տալ։
ՀԲ Երեւանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյան. - Ռիսկերի կառավարման համար ամենաարդյունավետ միջոցներից է նաեւ հանրային իրազեկումը։ Այս առումով մեր երկրում շատ կարեւոր դեր է խաղում «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, որը աղետների ու ռիսկերի մասին տեղեկատվությունը տարածում է հաղորդաշարերով, ֆիլմերով, տպագիր նյութերով եւ այլ միջոցներով։
Համաժողովի ընթացքում ցուցադրվեց նաեւ «Հայաստան` ապրելով աղետների հետ» ճանաչողական-վավերագրական ֆիլմը, որը պատրաստվել էր «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի կողմից` Համաշխարհային բանկի պատվերով։ Երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ. երկրի տնտեսության ու բնակչության համար այս աղետների վտանգավորությունն ու հնարավոր հետեւանքներն առավել ակնառու դարձան ֆիլմը դիտելուց հետո։
|