|
Իրավիճակ 1.
Էպիլեպտիկ կամ հիստերիկ նոպա
Էպիլեպտիկ նոպաները տարբեր տեւողություն են ունենում։ Դրանց նախորդում է նոպան կանխազգալու երկար կամ կարճ իրավիճակ, որին հետեւում են ցնցումները։ Ցնցումներով եւ գիտակցության կորստով ուղեկցվող նոպայից հետո վրա է հասնում խոր քունը։ Մկանները լրիվ թուլանում են։ Արթնացումը կամ գիտակցության վերականգնումը տեղի է ունենում ակամա։
Ձեր գործողությունները

- Էպիլեպտիկ հիվանդից ոչ մի քայլ մի հեռացեք։ Նրան ոչ մի վայրկյան մենակ մի թողեք։ Մի փորձեք պահել կամ զսպել նրան ցնցումների ժամանակ, ուշքի բերել կամ տեղափոխել այլ վայր։ Փորձեք միայն պահել նրան ընկնելիս` վնասվածքներից խուսափելու համար։ Հեռացրեք բոլոր սուր եւ կտրող գործքիները։
- Գլխի տակ որեւէ փափուկ բան դրեք (փաթաթած հագուստ)։ Քանդեք սեղմող հագուստը, ատամների մեջ փաթաթած թաշկինակ դրեք, կամ հագուստի եզր եւ այլն, որպեսզի հիվանդը լեզուն չկծի։ Բժիշկ կանչեք։
Հիշեք. Ցնցումների դադարից հետո հիվանդը քնում է, իսկ արթնանալուց հետո ոչինչ չի հիշում։ Մի փորձեք արթնացնել նրան։ Դա չի կարելի անել։
– Հիստերիկ նոպա։ Դա նեւրոզի` նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարման, արտահայտումներից մեկն է։ Նեւրոզով հիվանդները հեշտ են ներշնչվում, ինքնաներշնչվում, ձգտում են գրավել շրջապատի ուշադրությունը։ Հիստերիկ նոպաների ժամանակ հնարավոր է գիտակցության կորուստ։ Ի տարբերություն էպիլեպտիկ նոպաների, այս դեպքում մկանների լրիվ թուլացում չի գրանցվում, հնարավոր է կոպերի ցնցում։
Ձեր գործողությունները
- Հիստերիկ նոպայի ժամանակ ազդեցիկ է շոկային ազդեցությունը` գոռալը, ապտակելը։ Ապա հիվանդին տեղափոխեք հանգիստ վայր, հեռացրեք կողմնակի անձանց եւ փորձեք անհանգիստ իրավիճակ չստեղծել հիվանդի շուրջը (նոպան ավելի շուտ կանցնի)։
Իրավիճակ 2.
Հանկարծակի սուր ցավ որովայնի շրջանում
Որովայնում սուր ցավի դեպքում չի կարելի.

- ստամքոսի լվացում կամ մաքրող հոգնա անել
- հիվանդին կերակրել կամ խմեցնել
- լուծողական կամ ցավազրկող տալ
- որովայնին տաք ջերմակ դնել կամ լոգանք ընդունել
- սպասել, որ ցավն ինքնուրույն անցնի
Ձեր գործողությունները
- Անհապաղ Շտապօգնություն կանչեք, հարեւաններին խնդրեք օգնել ձեզ հիվանդին մեջքի վրա կամ կողքի պառկեցնելու, ապահովեք առավելագույն անշարժ վիճակ։ Որովայնին սառույց դրեք։
- Ցավերի նույնիսկ ժամանակավոր դադարի դեպքում հիվանդին թույլ մի տվեք շարժվել մինչեւ բժշկի գալը։ Եթե արագ բժիշկ կանչելու հնարավորություն չկա, հիվանդին փորձեք ցանկացած տրանսպորտային միջոցով, պառկած վիճակում հասցնել մոտակա հիվանդանոց։
Իրավիճակ 3.
Արտաքին արյունահոսություն
Նախապես որոշեք Ձեր արյան խումբն ու ռեզուս ֆակտորը։ Ձեզ մոտ մշտապես ունեցեք որեւէ քարտ այդ տվյալներով, կամ անձնագիրը` համապատասխան կնիքով։
Ձեր գործողությունները

- Վերքից քիչ վերեւ մատներով սեղմեք վնասված երակը, գործադրեք ուղղակի ճնշում։
- Բարձրացրեք վնասված մասը սրտի մակարդակից վերեւ, վերքից 5-7 սմ վերեւ։
- Տեղադրեք ճնշող վիրակապ։
- Եթե արյունահոսությունը չի դադարում, սեղմեք սեղղման կետերը, ծայրահեղ դեպքում տեղադրեք լարան։
- Փորձեք անհապաղ Շտապօգնություն կանչել։
Իրավիճակ 4.
Արյունահոսություն քթից
Տարածված կարծիք կա, որ այս դեպքում պետք է գլուխը հետ տանել։ Սակայն այս դեպքում, թեեւ արտաքինից արյունահոսությունը դադարում է, իրականում այն շարունակվում է, արյունը լցվում է շնչուղիներ եւ կարող է խցանել դրանք։
Ձեր գործողությունները
- Քթից արյունահոսության դեպքում տուժածին նստեցրեք գլուխը մի փոքր առաջ թեքած։
- Մատներով սեղմեք քթանցքերը` քթի ոսկորային մասից անմիջապես ներքեւ։
- 10 րոպեն մեկ ստուգեք` արյունահոսությունը դադարել է, թե` ոչ։
- Քթի վերին մասին եւ ծոծրակին դրեք սառը թրջոցներ։
- Եթե արյունահոսությունը 30 րոպեի ընթացքում չի դադարում կամ արյան բարձր ճնշման հետեւանք է, ահազանգեք Շտապօգնություն։
Իրավիճակ 5
Շնչուղիներում oտար մարմին է հայտնվել

Ձեր գործողությունները
- Նախեւառաջ շորով, թաշկինակով փաթաթված մատով բերանը մաքրեք ուտելիքի մնացորդներից` գլուխը թեքելով կողքի։ 3-5 անգամ ափով "ոչ բռունցքով" հարվածեք տուժածի մեջքին` թիակների միջեւ։ Փոքր երեխային շրջեք դեմքով ներքեւ այնպես, որ գլուխը կոնքերից ներքեւ ընկած լինի, եւ թեթեւ հարվածեք մեջքին։
- Կանգնած մեծահասակի կոկորդից օտար մարմինը հեռացնելու համար դաստակի մասով մի քանի կտրուկ հարված կատարեք թիակների միջեւ կամ կանգնեք նրա հետեւում, գրկեք որովայնի ներքեւի հատվածում, եւ մի քանի անգամ կտրուկ սեղմեք ներս։
- Եթե սնունդը կամ օտար մարմինը հեռացնելուց հետո ինքնուրույն շնչառությունը չի վերականգնվում, խնդրեք Շտապօգնություն կանչել, իսկ ինքներդ սկսեք արհեստական շնչառություն տալ։
Իրավիճակ 6
Ուշագնացություն

- Ուշագնացությունը հիմնականում ուղեղի անոթների սուր անոթային անբավարարվածության հետեւանքով առաջացած գիտակցության կարճատեւ կորուստ է, որն ուղեկցվում է սրտի աշխատանքի եւ շնչառության թուլացմամբ` հոգեբանական տրավմաների, սուր ցավային ռեակցիաների, արյան զգալի կորստի, ինչպես նաեւ տոթ, չօդափոխվող տարածքներում գտնվելու արդյունքում եւ այլն։ Գիտակցության կորուստ կարող է տեղի ունենալ նաեւ սրտի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ` ուժեղ հազի ժամանակ։ Հաճախ հանդիպում է կանանց մոտ` հատկապես ցածր արյան ճնշման կամ հղիության ժամանակ։
- Ուշագնացությանը կարող են նախորդել հետեւյալ գանգատները. հանկարծակի գլխապտույտ, սրտխառնոց, օդի պակասության զգացողություն, հորանջ։ Մարդը գունատվում է, ձեռքերն ու ոտքերը սառն են։ Դեմքին քրտնքի կաթիլներ են։ Հիվանդը դանդաղ նստում է կամ ընկնում։ Անոթազարկը թույլ է, շնչառությունը` մակերեսային։ Բբերը կարող են լայնացած լինել։ Այսպես կոչված ցնցումային ուշագնացության ժամանակ լինում են նաեւ ցնցումներ, թքահոսություն, միզում։ Նոպան կարող է տեւել մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե։ Այնուհետեւ գիտակցությունը վերականգնվում է։ Թուլությունը, սրտխառնոցն ու տհաճ զգացողությունները որովայնում կարող են դեռ որոշ ժամանակ պահպանվել։
Ձեր գործողությունները
- Հիվանդին պառկեցրեք մեջքի վրա (հարթ մակերեսի վրա` առանց բարձի) եւ, որեւէ բան դնելով ոտքերի տակ, քանդեք հագուստը, որը խանգարում է շնչառությանը։ Բացեք պատուհանները թարմ օդ ներս թողնելու համար։ Նրա քթին մոտեցրեք անուշադրի սպիրտ։
- Հիվանդին շուռ տվեք կողքի վրա, որպեսզի լեզուն այսպես ասած «կուլ չգնա»։ Քունքերը շփեք քացախովկամ օդեկոլոնով։
- Երբ հիվանդն ուշքի գա, նրան թույլ մի տվեք քայլել (ուշագնացությունը կարող է լուրջ հիվանդության կամ ներքին արյունահոսության նշան լինել)։
- Անհապաղ Շտապօգնություն կամ բժիշկ կանչեք։
Իրավիճակ 7
Օտար մարմին աչքում, վնասվածք, այրվածք
Ձեր գործողությունները

- Վնասվածքի դեպքում 15-20 րոպե աչքի վրա դրեք սառը ջրով թրջված բամբակ կամ մաքուր թաշկինակ։ Տեսողության նույնիսկ աննշան վատացման դեպքում դիմեք բժշկի։
- Աչքերի այրվածքի (կրակի բոցով, տաք յուղով, գոլորշիով, եռացող ջրով, հալած մետաղով) դեպքում խնդրեք անհապաղ Շտապօգնություն կանչել, իսկ դուք լվացեք ձեր դեմքը փակ աչքերով, այնուհետեւ լվացեք աչքերը հոսող ջրի առատ շիթի տակ` առանց վիրակապ դնելու դրանց վրա։
- Քիմիական այրվածքների ժամանակ` թթուներով, ներկերով եւ այլն, անմիջապես լվացեք աչքերը 15-20 րոպե մաքուր ջրի շիթով` մատներով բաձրացնելով կոպերը։
- Եթե աչքի մեջ փուշ է մտել, մի տրորեք աչքերը։ Որպեսզի վերին կոպից հանեք փուշը, աչքի համար ափը ջուր լցրեք ու աչքը մտցրեք այդ «վաննայի մեջ»։
- Ներքին կոպից փուշը հեռացնելու համար, այն ներքեւ ձգեք եւ զգուշությամբ հայելու առջեւ հանեք փուշը` մաքուր կտորի խոնավ անկյունի օգնությամբ։ Այդ ժամանակ վերեւ նայեք։
- Աչքի մեջ մտած սուր օտար մարմիններն ինքնուրույն մի հեռացրեք, այլ անհապաղ դիմեք բժշկի` նախօրոք աչքի վրա մաքուր վիրակապ դնելով։
Իրավիճակ 8
Ինսուլտ (արյան զեղում ուղեղում)
Գիտակցության կորուստ։ Սրտի աշխատանքի եւ շնչառության խախտում։ Փսխում։ Ակամա արտաթորում։ Խնձորակների տեղի եւ բբերի չափերի փոփոխություն, դեմքի մկանների կաթված։ Կլլման անկարողություն։ Կաթված, խոսքի եւ զգայնության խանգարում։

Ձեր գործողությունները
- Ինսուլտի նշանների ի հայտ գալուն պես անհապաղ խնդրեք Շտապօգնություն կանչել, հիվանդին հարմար պառկեցրեք մահճակալին` մեջքի վրա, քանդեք հագուստի կոճակները եւ ապահովեք թարմ օդի հոսք։ Գլխավորը լիարժեք հանգիստն է։ Բերանից անպայման հանեք ատամների պրոթեզները։
- Ընդհատվող շնչառության դեպքում հիվանդին թեքեք կողքի` պարբերաբար հեռացնելով քթըմպանում կուտակված լորձը։ Անհրաժեշտ է հետեւել լեզվին, քանի որ հնարավոր է, որ այն «կուլ գնա»։
- Ուղեղում արնազեղում կասկածելու դեպքում գլուխը պետք է բարձրացնել եւ սառույց դնել, իսկ ոտքերին` ջերմակ։
- Իշեմիկ ինսուլտի դեպքում գլուխը շատ բարձր չպետք է լինի, գլխին սառույց եւ ոտքերին ջերմակ տեղադրել պետք չէ։
- Արյան բարձր ճնշմամբ ուղեկցվող` ուղեղի արյան շրջանառության դինամիկ խանգարումներ ունեցող հիվանդներին օգակար է մանանեխի կպչաններ դնել ծոծրակին եւ թիկունքին։
- Եթե ինսուլտը տեղի է ունեցել փողոցում, աշխատավայրում կամ հասարակական վայրում, անհապաղ պետք է դեպքի վայր կանչել մասնագիտացված նյարդաբանական բրիգադ, իսկ դրա բացակայության դեպքում` Շտապօգնություն։
Իրավիճակ 9
Ձեզ շուն է կծել

Ձեր գործողությունները
- Մի փորձեք անմիջապես կանգնեցնել արյունը (արյուն ահոսությունը նպաստում է, որ շան թուքը դուրս գա վերքից)։ Փորձեք հասնել մոտակա տանը եւ օգնություն կանչել։ Եթե հնարավորություն կա, վերքը լվացեք մաքուր ջրով։
- Մի քանի անգամ յոդով, մանգանակալիական լուծույթով ախտահանեք մաշկը` կծած վերքի շուրջ։
Փորձեք անմիջապես դիմել մոտակա բուժկետ կամ հիվանդանոց` կատաղությամբ վարակվելու վտանգից խուսափելու համար։ Եթե ձեզ հայտնի են շան տիրոջ տվյալներն ու հասցեն, փոխանցեք դրանք բժշկին։
Իրավիճակ 10
Տրավմատիկ շոկ
Դեմքի մոխրագույն երանգ, արգելակվածություն, ցածր արյան ճնշում, հաճախ եւ թույլ անոթազարկ, կպչուն սառը քրտինք։

Ձեր գործողությունները
- Անհապաղ ահազանգեք Շտապօգնություն։ Աշխատեք վերացնել շոկ առաջացնող պատճառը (արյունահոսություն, սուր ցավ, շնչառության խանգարում)։
- Պառկեցրեք տուժածին, տաքացրեք նրան (որեւէ տաք բան գցեք վրան, կողքերին ջերմակներ դրեք)։
Որովայնի շրջանում վնասվածքների բացակայության դեպքում տվեք տաք հեղուկներ, 50 գրամ օղի։ Թույլ մի տվեք շարժվել մինչեւ բժշկի ժամանելը` նույնիսկ վիճակի լավացման դեպքում. շոկային վիճակից դուրս բերել կարող է միայն բժիշկը։
- Եթե արյունահոսությունը դադարեցնելու համար լարան է տեղադրած, մի հանեք այն մինչեւ բժշկի ժամանելը, որովհետեւ կխթանվի արյան մեջ թունավոր նյութերի ներհոսքը։
Տուժածին տեղափոխելիս ոտքերը բարձրացրեք գլխից վերեւ։
Իրավիճակ 11
Մատների, ձեռքերի, ոտնաթաթի կորուստ
Կտրված վերջույթների ռեպլանտացիան (կտրված վերջույթների վերատեղադրումը) հնարավոր է 12, որոշ դեպքերում` 20 ժամվա ընթացքում` տրավմատիկ անդմահատումից հետո։
Ձեր գործողությունները
- Օգնության կանչելով հարեւաններին, անցորդներին` խնդրեք արագ Շտապօգնություն կանչել կամ կանգնեցրեք առաջին պատահած մեքենան։ Հնարավորության դեպքում տեղում մշակեք վերքը (ձիգ վիրակապ դրեք կտրված հատվածի վրա, ուժեղ արյուն ահոսության դեպքում վերքից քիչ վերեւ լարան դրեք։ Անպայման գրի առեք լարանը դնելու ժամը, եւ թղթի վրա գրելով, տեղադրեք լարանի տակ)։ Վերջույթը բարձրացրեք վեր։
- Մարմնի կտրված հատվածը փաթաթեք ստերիլ (կամ պարզապես մաքուր) կտորի մեջ, այն դրեք պոլիէթիլենի տոպրակի մեջ եւ կապեք։ Այդ փաթեթը դրեք մեկ ուրիշ` սառույցով տոպրակի կամ էլ մաքուր սառը ջրով տարայի մեջ, որն անընդհատ պետք է պահել կախված վիճակում։ Նշեք պատահարի ժամն ու երկտողը կցեք փաթեթին։
- Օգտագործեք բոլոր հնարավոր միջոցները` տուժածին պառկած վիճակում եւ նրա մարմնի կտրված հատվածը հիվանդանոց հասցնելու համար։
Կտրված վերջույթը չի կարելի
- Դնել ձյան, սառույցի վրա կամ սառնարանի խցիկում, քանի որ հյուսվածքները կարող են ցրտահարվել։
- Լվանալ ջրով կամ որեւէ լուծույթով։
- Տոպրակի մեջ դրած տեղադրել որեւէ մակերեսի վրա, քանի որ հյուսվածքները կարող են այտուցվել։
|