Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արտակարգ իրավիճակները PDF  | Տպել |

Ջրհեղեղներ


Տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետեւանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։
Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։ Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը եւ մասշտաբները։
Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատեւ անձրեւները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթները։
Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։ Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963 եւ 1968 թթ.։
Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրեւի հետեւանքով Ողջի եւ Գեղի գետերի վարարումներից առաջացած ջրհեղեղները։
Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։
Միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին սովորաբար խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու դրանց միջեւ։ Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա  ընթացքում շարքից դուրս են գալիս։ Պաշտպանական պատվարներում ու ամբարտակներում, դրանց ջրով  գերլցման եւ ջրի երկարատեւ ներգործության հետեւանքով, կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր,  ինչը սպառնում է աղետալի ջրածածկման գոտու ստեղծման։
Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։ Ջրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։

Ֆոտորահ



Ի՞նչ անել մինչեւ ջրհեղեղը


- Նախատեսել փրկարար միջոցների պահուստներ (փրկօղակ, փրկաբաճկոն եւ այլն).
- Պատրաստել ավազով լցված պարկեր.
- Կապիտալ շինարարություն նախաձեռնել միայն համապատասխան պետական մարմինների թույլտվությամբ.
- Թունավոր եւ վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի ապահով տեղ.
- Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացնել ջրի սպասվելիք մակարդակից բարձր.
- Միշտ պատրաստ պահել աղետի կապոցը.
- Պահեստավորել խմելու ջրի եւ սննդի պաշար (մի քանի օրվա համար)։


Ի՞նչ անել ջրհեղեղի սպառնալիքի դեպքում


- Անջատել գազը եւ էլեկտրականությունը.
- Իմանալ բնակավայրի ռելիեֆը եւ ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները.
- Հետեւել հիդրոօդերեւութաբանական ազդարարման նշաններին.
- Հետեւել տարահանման եւ ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը եւ կառավարման մարմինների ցուցումներին.
- Պատրաստի ունենալ լուսային ազդանշանային սարքեր.
- Բնակավայրից հեռանալ չհասցնելու դեպքում տրանսպորտով կամ ոտքով բարձրանալ բարձրադիր վայրեր (բլուր, լեռ եւ այլն)։


Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ


- Աղետի կապոցը պահպանել թրջվելուց.
- Մինչեւ կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնալ ապաստարաններում.
- Ծանծաղ տեղերն անցնելիս հագնել ջրակայուն, պինդ կոշիկներ եւ օգտվել ձեռնափայտից.
- Տանը գտնվելիս ոչ մի դեպքում չօգտվել կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար.
- Օգնության կարիքի դեպքում տալ աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, շչակ եւ այլն).
- Չփորձել կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար։


Ի՞նչ անել ջրհեղեղից հետո


- Ստուգել սննդի պիտանելիությունը.
- Սննդամթերքը լվանալ եռացրած ջրով.
- Խմելու ջուրն օգտագործել սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո.
- Չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը.
- Օգտվելուց առաջ ստուգել հաղորդակցության համակարգերը, նրանց վնասվածության աստիճանը.
- Հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահել մասնագետներին.
- Չմնալ վթարային կամ վստահություն չներշնչող տանը.
- Առանց անհրաժեշտության չմտնել ջրածածկ տարածքներ։


Ուշադիր հետախուզել կացարանը  
- հիմքի ամբողջությունը
- պատերի, պատուհանների եւ հատակի վիճակը
- հաղորդակցության համակարգը
- թունավոր օձերի հնարավոր առկայությունը


Վարարում, գետավարարում

 

Ձյան արագ հալոցքի կամ ուժեղ անձրեւի հետեւանքով գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որը հաճախ ուղեկցվում է հեղեղմամբ։