Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արտակարգ իրավիճակները PDF  | Տպել |
Պատմական անցյալում տեղի ունեցած բնական աղետների եւ այլ երեւույթների մասին մենք տեղեկանում ենք տարեգրություններից, առասպելներից, ավանդազրույցներից, իրադարձությունների ականատեսների պահպանած վկայություններից։ Հայաստանի պատմության հազարամյակների ընթացքում մեր նախնիների կյանքն ուղեկցել են ահռելի բնական երեւույթներ։
Հայ պատմիչները, մատենագիրները խոսուն վկայություններ են թողել Հայաստան աշխարհում տեղի ունեցած բնական աղետների, մասնավորապես երկրաշարժերի մասին։ Վկայություններ կան, որ մեր հին մայրաքաղաքները տուժել են ուժեղ երկրաշարժերից։ Ողբերգական է եղել Դվինի՝ Արեւելքի ամենածաղկուն քաղաքներից մեկի ճակատագիրը. 815, 854, 858, 863, 869 թվականներին քաղաքն ավերվել է երկրաշարժերից ու վերակառուցվել, եւ միայն 893-894 թթ. ահեղ երկրաշարժից հետո Դվինը վերջնականապես կործանվեց։ 11-14-րդ դարերում ստորգետնյա տարերքը բազմիցս ցնցել է հազարագմբեթ Անին, իսկ 1319 թվականին՝ հիմնովին ավերել։
Բոլոր երկրաշարժերից ամենասարսափելին 1679 թվականին Երեւանում տեղի ունեցածն է։ Ցնցումի կենտրոնը Գառնիում էր. կործանվեց առաջին դարի հեթանոսական տաճարը, ավերվեցին շրջանի բոլոր շինությունները, խիստ վնասվեցին Գեղարդի, Հավուց թառի, Խոր Վիրապի եկեղեցիները, քանդվեց Երեւանի բերդի պարիսպը։
Մեր օրերում աշխարհում աղետներից տուժող բնակչության քանակի ավելացման գլխավոր պատճառն այնպիսի հիդրոօդերեւութաբանական աղետների թվի աճն է, ինչպիսիք են ջրհեղեղները, փոթորիկները եւ երաշտները։
1991-ից մինչեւ 2000 թվականը յուրաքանչյուր տարի աղետներից զոհվել կամ տուժել է միջին հաշվով 211 միլիոն մարդ, մի թիվ, որը 7 անգամ գերազանցում է զինված բախումներից սպանվածների կամ տուժածների թիվը։
Վերջին տասնամյակում աշխարհում ամեն շաբաթ միայն տարերային աղետներից զոհվել է 1300 մարդ, որոնց 98 տոկոսը թույլ կամ միջին զարգացած երկրների բնակիչ է։


Բնական (տարերային) աղետներ



Հայաստանի Հանրապետության տարածքը ենթակա է ավելի քան 20 բնական երեւույթի ազդեցության, որոնց զարգացումն ու բացասական դրսեւորումը տարերային աղետների տեսքով ամեն տարի երկրին պատճառում են 10-12 միլիարդ դրամի հասնող նյութական վնաս, նաեւ հանգեցնում մարդկային զոհերի։
Առավել վտանգավոր են երկրաշարժերը, սողանքները, ջրհեղեղները, ուժեղ, մրրկային քամիները, պտտահողմերը, սելավները, կարկտահարությունները եւ այլն։
Որոշ վտանգավոր բնական երեւույթներ, օրինակ, երկրաշարժերը, սողանքները, պտտահողմերը տեղի են ունենում հանկարծակի եւ արագ՝ առաջացնելով մեծ նյութական կորուստներ ու մարդկային զոհեր։ Իսկ մյուսները, օրինակ, ջրհեղեղները, ջրածածկումները զարգանում են տեւական ժամանակում, մարդկային զոհերի համեմատաբար հազվադեպ են հանգեցնում, սակայն դրանց պատճառած նյութական վնասը հասնում է հսկայական չափերի։


Երկրաշարժ


Ի՞նչ է երկրաշարժը. ընդհանուր տեղեկություններ

Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երեւույթ է։ Այն առաջանում է երկրակեղեւում եւ երկրի առավել խոր շերտերում հանկարծակի տեղաշարժերի ու խզումների կամ հրաբխային ու փլվածքային երեւույթների հետեւանքով, որոնք առաձգական ալիքների տեսքով հաղորդվում են մեծ տարածքների վրա։
Առավել հաճախ երկրաշարժի պատճառ են դառնում չափից ավելի ներքին լարվածությունների երեւան գալն ու քայքայված ապարը։ Ապարի առաձգական դեֆորմացիաների (ձեւախախտումների) ժամանակ կուտակված պոտենցիալ էներգիան, քայքայման (խզվածքի) դեպքում վերածվում է կինետիկ էներգիայի՝ գրունտում (բնահողում) առաջացնելով սեյսմիկ ալիքներ։
Երկրաշարժի ծագման օջախը (սովորաբար երկրի մակերեսից որոշ խորության վրա), որտեղից սկսվում են  սկզբնական ցնցումները` կոչվում է հիպոկենտրոն (ներքնակենտրոն)։ Իսկ երկրի մակերեսի այն կետը, որը գտնվում է երկրաշարժի օջախի կենտրոնի վրա` անվանվում է երկրաշարժի էպիկենտրոն (վերնակենտրոն)։
Ավելի հաճախ երկրաշարժի օջախները գտնվում են մոտ 60 կմ խորության վրա, իսկ երբեմն էլ՝ մինչեւ 700 կմ։
Երկրաշարժի էներգիայի ինտենսիվությունը երկրի մակերեսին գնահատվում է 12-բալանոց սանդղակով։
Կախված օջախի մասշտաբից ու հզորությունից՝ երկրաշարժը դասակարգում են ըստ մագնիտուդի սանդղակի։
M-ը՝ երկրաշարժի մագնիտուդը, չափողականություն չունեցող մեծություն է եւ բնութագրում է հարուցած տատանումների ընդհանուր էներգիան, որը գտնվում է 0,0-ից մինչեւ 9,0 սահմաններում։
Երկրի մակերեսի ցնցումներն ու տատանումները հանգեցնում են երկրորդական գործոնների առաջացման, գրունտում լայն ճեղքերի եւ տեղաշարժերի, երկրի մակերեսի իջեցումների (նստումների) եւ թեքումների, սողանքների, ձնահյուսերի, ցեխահոսքերի, ցունամիների, պատվարների ու պաշտպանական ամբարտակների ավերման ժամանակ ջրհեղեղների, ինչպես նաեւ հրդեհների։ Հաճախ երկրաշարժերն առաջացնում են հրաբուխների ժայթքումներ։
Երկրաշարժերի ժամանակ սեյսմիկ վտանգը որոշվում է ինչպես գրունտի (բնահողի) ինտենսիվ տատանումներով, այնպես էլ երկրորդական գործոններով։
Երկրաշարժերի դեպքում մարդու համար անմիջական վտանգ են ներկայացնում շենքերի մասնակի կամ լրիվ ավերվելը, հարկամիջյան ծածկերի ու պատերի փլվելը, պատուհանների եւ ցուցափեղկերի կոտրված ապակիները, վատ ամրացված կահույքի շրջվելն ու տապալվելը, ինչպես նաեւ երկրորդական գործոնները՝  վառարանների, գազատարների եւ մալուխային (կաբելային) գծերի ավերումից ծագող հրդեհները, ուժեղ  ներգործող թունավոր նյութերի տարածումը, խուճապի հետեւանքով մարդկանց  անվերահսկելի գործողությունները եւ այլն։


Երկրաշարժի մագնիտուդ եւ ուժգնություն

Դեռ հարյուրամյակներ առաջ մարդիկ փորձել են որոշել երկրաշարժերի ուժը՝ ելնելով դրանց պատճառած  վնասներից։ Եթե մի երկրաշարժ ավերել է ավելի շատ շենք, քան մյուսը, ապա այն համարվել է ավելի ուժգին։
Թեեւ նման մոտեցումը թվում է տրամաբանական, սակայն այն չի կարող համարվել բացարձակ ճիշտ։
Ավերածությունների չափերը կախված են ոչ միայն երկրաշարժի ուժից, այլեւ շինությունների որակից եւ դրանց հիմնատակի ապարների հատկությունից։ Բացի դրանից, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հզոր  երկրաշարժը կարող է ավելի քիչ վնաս պատճառել, քան թույլը։ Այս «հանելուկը» բացատրելու համար հիշենք, որ  տատանումների մեծությունը մակերեսի վրա կախված է երկու գործոնից՝ հիպոկենտրոնից ճառագայթվող  էներգիայի քանակից եւ երկրաշարժի օջախի խորությունից։ Կարող է լինել այնպես, որ ճառագայթվող էներգիայի  քանակը լինի շատ, բայց այն անջատվի մեծ խորությունում, այսինքն՝ օջախը խոր լինի։ Այս դեպքում սեյսմիկ ալիքները, մինչեւ երկրի մակերես հասնելը, զգալիորեն մարում են, թուլանում, ցնցումներն էլ, բնականաբար,  լինում են թույլ։ Մի այլ երկրաշարժի դեպքում կարող է անջատվել ավելի քիչ էներգիա, բայց փոքր  որություններում։ Սեյսմիկ ալիքներն այդ դեպքում քիչ թուլանալով կհասնեն երկրի մակերես եւ, հետեւաբար, առաջացնեն ուժեղ ցնցումներ։
Ուստի երկրաշարժերի ուժի հարցում շփոթությունից խուսափելու համար հարկավոր է հստակ գիտենալ, որ երկրի մակերեսին տեղի ունեցող ցնցումների ուժգնությունը կախված է ոչ միայն օջախում անջատված էներգիայի անակից, այլեւ օջախի խորությունից եւ վերը նշված այլ հանգամանքներից։
Անջատված սեյսմիկ էներգիայի մեծությունը սեյսմոլոգները գնահատում են մագնիտուդով։ «Մագնիտուդ» հասկացությունը 1935 թ. գործածության մեջ դրեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական իստիտուտի պրոֆեսոր  Չարլզ Ռիխտերը։ Նա էլ մշակեց երկրաշարժերի մագնիտուդների սանդղակ, որն այժմ կրում է «Ռիխտերի  սանդղակ» անունը։ Այդ սանդղակի ամենաբարձր աստիճանը համապատասխանում է 9 մագնիտուդի, որի էներգիայի մեծությունը կարելի է համեմատել ջրածնային ռումբի պայթյունից անջատված էներգիայի հետ։
Այլ բան է երկրաշարժի ուժգնությունը, որը որոշվում է շինություններում՝ ցնցումների հետեւաքնով առաջացած  վնասվածքների եւ ավերածությունների աստիճանով։ Ամենաուժեղ ցնցումները, բնականաբար, տեղի կունենան էպիկենտրոնում եւ նրա մոտակա տարածքում։ Ինչքան հեռու է տեղանքը էպիկենտրոնից, այնքան փոքր է այնտեղ երկրաշարժի ուժգնությունը։ Ի տարբերություն մագնիտուդի, ուժգնությունը անմիջականորեն չափվող մեծություն չէ։ Այն որոշելու համար հարկավոր է ուսումնասիրել վնասված տեղանքը, բնակավայրերը, տեսնել, թե  ցնցումների հետեւանքով ինչ վնասվածքներ են ստացել շենքերը, շինությունները եւ տեղանքի ռելիեֆը։
Երկրաշարժի ուժգնության որակական գնահատման համար մշակված է 12 բալանոց սանդղակ (MSK-64), որի  պարզեցված տարբերակը բերվում է ստորեւ։

Երկրաշարժի ուժգնությունը. 12 բալանոց (MSK-64) սանդղակ

1բալ - Մարդիկ այն չեն զգում. գրանցվում է միայն սեյսմոգրաֆների կողմից։

2 բալ
- Զգում են շատ քչերը, եթե նրանք գտնվում են բարձրահարկ շենքերում, հանգիստ վիճակում։

3 բալ
- Զգում են նրանք, ովքեր գտնվում են շինություններում, հատկապես վերին հարկերում։ Դրսում  գտնվողների մեծամասնության կողմից այն որպես երկրաշարժ չի ընկալվում։ Նկատվում է վիբրացիա եւ առարկաների թույլ ճոճում։
4 բալ - Շենքի ներսում զգում են գրեթե բոլորը, դրսում՝ քչերը։ Գիշերը ոմանք արթնանում են, ամանեղենը զրնգում է։ Լսվում է պատուհանների եւ դռների դռռոց։ Կահույքը ցնցվում է, կախված առարկաները նկատելիորեն ճոճվում են։

5 բալ
- Զգում են բոլորը, շենքերը ցնցվում են ամբողջությամբ։ Գիշերը շատերն արթնանում են, ամանեղենի մի մասը եւ պատուհանների ապակիները կոտրվում են, պատերի ծեփի մեջ տեղ-տեղ ճաքեր են առաջանում։ Կախված առարկաներն ուժեղ ճոճվում են։
6 բալ - Զգում են բոլորը, ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում։ Շատերը վախից դուրս են վազում։ Չամրացված կահույքը տեղաշարժվում է։ Որոշ տեղերում պատերի ծեփը թափվում է։ Ծխնելույզները թեքվում են։  Ավերածությունը քիչ է։

7 բալ
- Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները քիչ են, տիպային լավ կառույցներում՝  թույլից-չափավոր, վատ նախագծված կամ վատ կառուցված շինություններում՝ զգալի։ Շենքերի ծխնելույզները  շարքից դուրս են գալիս։

8 բալ
- Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները թեթեւակի են, տիպայինում՝ նշանակալի,  վատ կառույցներում տեղի են ունենում ավերածություններ։ Թեքվում եւ ընկնում են վառարանային եւ գործարանային ծխնելույզները, սյուները եւ հուշարձանները։ Հորատանցքերում եւ ջրհորներում փոխվում է ջրի  մակարդակը։ Երկրի մակերեսի վրա երբեմն առաջանում են ճեղքեր։

9 բալ
- Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները լուրջ են, մյուսներում նկատվում են  զանգվածային փլուզումներ։ Երկրի մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր։

10 բալ - Երկրի մակերեսին առաջացած ճեղքերի լայնությունը հասնում է մինչեւ 1 մետրի։ Ավերվում է նույնիսկ  լավ կառուցված փայտե եւ քարե տների մեծամասնությունը։ Ծռվում են երկաթգծի ռելսերը։ Գետերի ափերի եւ  սարալանջերի հողն սկսում է սահել։

11 բալ - Կանգուն են մնում միայն շատ քիչ երկաթբետոնե կառույցներ, փլվում են կամուրջները։ Երկրի  մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր։ Փլուզումները համատարած են։

12 բալ - Հիմնահատակ կործանում։ Երկրի մակերեսին առաջանում են լայն եւ երկար ճեղքեր։ Գետերը փոխում են  հուները։ Փլուզվում են լեռները, լանջերի վրա առաջանում են բազմաթիվ սողանքներ, որոնց հետեւանքով երբեմն առաջանում են արհեստական լճեր։

Այսպիսով, յուրաքանչյուր երկրաշարժի հզորության համար գոյություն ունի ընդամենը մեկ մագնիտուդ, սակայն այդ նույն մագնիտուդի երկրաշարժը կարող է երկրի մակերեսի վրա  առաջ բերել տարբեր ուժգնության  ցնցումներ, ամենաուժեղից (էպիկենտրոնի տարածքում) մինչեւ ամենաթույլը՝ էպիկենտրոնից մեծ հեռավորության  վրա։
Հետեւաբար երկրաշարժի ուժգնությունը երկրի մակերեսի տվյալ շրջանում հիմնականում կախված է  մագնիտուդից, այսինքն՝ անջատված էներգիայի մեծությունից, օջախի խորությունից եւ էպիկենտրոնից նրա  ունեցած հեռավորությունից։


Երկրաշարժի տեղեկացման կարգը

1988 թ. Սպիտակի (Հայաստանի Հանրապետություն) երկրաշարժի վերաբերյալ

Ստուգիր ինքդ քեզ

1988թ.  Սպիտակի երկրաշարժ

 


Բնակչության գործելակերպը եւ վարքը երկրաշարժից առաջ


Ինչպե՞ս նախապատրաստվել երկրաշարժին

1988-ի Սպիտակի երկրաշարժի վերլուծությունը ցույց տվեց‚ որ երկրաշարժի նախապատրաստական փուլը  սեյսմապաշտպանության հարցում վճռական նշանակություն ունի։
Այժմ թվարկենք այն գործողությունները‚ որոնք անհրաժեշտ են նախապատրաստական փուլում։
Ձեռք բերեք տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ։
Քարտեզում նշված են ձեր շենքի սեյսմակայունության գործակիցը‚ տարածքի վթարավտանգ եւ թունավոր  օբյեկտները։
Այդ քարտեզը կնպաստի ձեր հետագա սեյսմապաշտպանական գործողություններին։
Քարտեզի ձեռքբերման հարցով կարող եք դիմել քաղաքապետարան կամ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն։


Շենքերի անվտանգության համար անհրաժեշտ պայմանները

Այս խնդրի շուրջ խոսելիս տեղին է հիշել ճապոնացիների հետեւյալ պատկերավոր արտահայտութունը.«Երկրաշարժե՜րը չեն սպանում մարդկանց‚ այլ՝ նրանց կառուցած վատ շենքերի բեկորները»։ Սա իր ողբերգական հաստատումը գտավ 1988-ին Հայաստանում. մարդկանց մեծ մասն ավերակների զոհ դարձավ։
Շինհրապարակի ընտրության հարցում ունեցեք տեղանքի կառուցապատումը երաշխավորող փաստաթուղթ‚ ըստ որի շենքեր անհրաժեշտ է կառուցել երկրաբանական ակտիվ խզվածքներից հեռու‚ որովհետեւ ավերածություն առաջացնող գրունտի տեղաշարժերը կատարվում են հենց այդ խզվածքների երկայնքով։
Չի թույլատրվում շենքերը կառուցել սարալանջերի ստորոտին գտնվող ջրաբերուկային գրունտների վրա։ Երկրաշարժի հետեւանքով նման վայրերում փլուզումներ եւ սողանքներ են առաջանում։
Ստուգեք ձեր տան վիճակը‚ եթե անհրաժեշտ է՝ անմիջապես ձեռնամուխ եղեք այդ գործին‚ որովհետեւ ձեր բնակարանի անվտանգության համար արված ոչ մի միջոց չի օգնի‚ եթե շենքն ամբողջությամբ ամրացված չէ։
Շենքեր կառուցելիս հնարավորինս ամուր հիմք դրեք‚ իսկ պատերը հուսալիորեն ամրացրեք հիմքին։

Շենքերում չի կարելի կատարել այնպիսի ձեւափոխումներ‚ որոնք նվազեցնում են շենքի սեյսմակայունությունը‚  օրինակ՝
ա. հիմքը թուլացնող նկուղային հարկերի վերակառուցում‚
բ. բնակարանի հատակագծի փոփոխություն (կրող պատերում բացված որմնախորշեր‚ որոնք ազդում են շենքի  ընդհանուր ամրության վրա)‚
գ. տանիքում ջրի ծանր բաքի տեղադրում։

Շենքերից մարդկանց տարահանելու եւ տուժածներին փրկելու ուղիների ապահովման համար պետք է.
- երկաթյա դռները փոխարինել փայտե դռներով‚ որովհետեւ առաջին իսկ ցնցումների ժամանակ մետաղյա դռները սովորաբար ճկվում են եւ դժվար բացվում‚ իսկ երբեմն՝ լռվում.
- առաջին հարկերի պատուհաններից հանել մետաղյա ճաղաշարերը‚ իսկ եթե անվտանգությունն ապահովելու  նպատակով օգտվել եք պաշտպանական միջոցներից‚ ապա ճաղաշարերն ամրացնել անմիջապես բացվող  փեղկերին‚ քանի որ պատուհանները եւս պահեստային ելք են.
- ելքերը եւ մուտքերը‚ սանդղավանդակներն ու միջանցքներն ազատել մեծածավալ առարկաներից։

Ծառայողական եւ բնակելի շենքերում ձեր անվտանգութունն ապահովելու համար.
- կահույքը‚ հաստոցներն ու սարքերը հուսալիորեն ամրացրեք հատակին ու պատերին.
- նուրբ էլեկտրոնային սարքերը իջեցրեք վերին դարակներից եւ տեղադրեք ներքին դարակներում՝ հատուկ  միջադիրների վրա.
- ծանր առարկաները նույնպես իջեցրեք վերին դարակներից‚ տեղադրեք առանձին պատվանդաններին.
- դյուրավառ եւ թունավոր հեղուկներով անոթները հուսալիորեն ամրացրեք‚ ստուգեք տարաների ամրակները եւ  խցանների հուսալիությունը.
- խտացված գազով լի գլանոթը եւ ջրատաքացուցիչը մետաղագամերով ամրացրեք պատին.
- կախովի իրերը եւ լուսավորող սարքերը հուսալիորեն ամրացրեք առաստաղին.
- մահճակալները տեղադրեք կրող պատի մոտ՝ պատուհաններից հեռու։ Չի կարելի մահճակալի վերեւում կախել  գրադարակներ‚ ծանր շրջանակներով նկարներ։

Ձեր իսկ անվտանգության համար անհրաժեշտ է.
- նախապես մշակել հնարավոր երկրաշարժի ժամանակ ձեր գործելակերպը‚ այն կօգնի ձեզ երկրաշարժի պահին  խուսափել խուճապային իրավիճակներից եւ ճիշտ գործել.
- գիտենալ տան կամ աշխատավայրի ամենաանվտանգ տեղերը‚ ուր կարելի է պատսպարվել ցնցումների  ժամանակ։ Ձեր ընատանիքի անդամներին եւ աշխատակիցներին ծանոթացնել դրանց.
- նախապես որոշել շենքից դուրս գալու եւ դեպի բաց տարածություն հեռանալու ամենաանվտանգ ուղին։ Ընտանիքի անդամների հետ պայմանավորվել-ճշտել (եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք բնակավայրի տարբեր մասերում) հանդիպման տեղը.
- տիրապետել եւ ընտանիքի անդամներին սովորեցնել առաջին օգնության ձեւերը.
- տանը՝ մուտքի մոտ‚ պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։

Պայուսակի մեջ պետք է լինեն.
- առաջին օգնության դեղարկղիկ (դեղորայք‚ վիրակապական նյութեր).
- մարտկոցով ռադիոընդունիչ եւ գրպանի լապտեր.
- կարեւոր փաստաթղթեր եւ տաք հագուստ.
- պահածոյացված սնունդ եւ խմելու ջրով լի տարա (սնունդ պատրաստելու եւ խմելու համար անհրաժեշտ է 3-4  լիտր ջուր)։


Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ

Հիշեք. երկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։ Ինքնատիրապետում‚  հանգստություն եւ հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչ է ձեզ անհրաժեշտ ձեզ։ Ձեր  հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։
Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ)  ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից  10-12 վրկ. հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ  կկարողանաք ձեռնարկել։
Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը եւ հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք  չեք երկյուղի ձեր կյանքի համար եւ կարող եք ավելի հավասարակշռված գործել։
Հիշեք‚ ձեզ որոնում են, եւ ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք.
ա. Եթե բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի  բաց տարածություն։
բ. Եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները  խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի  դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են։
գ. Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ  պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ  համապատասխան իր՝ վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել  տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ։
դ. Պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող  առարկաներից չվնասվելու համար։
ե. Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են  տեղաշարժվել եւ շրջվել։
զ. Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով։
է. Շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից։
ը. Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք`  թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվուն եք փողոցում.
ա. Հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ տարածություն։
բ. Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։
Մնացեք դրսում, միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում.
Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժ‚ վարորդի ձեռքից թռչում է ղեկը։ Տպավորությունն այնպիսին է‚ կարծես թողել է  մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ պետք է դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը եւ շարժվել ճանապարհի աջ  կողմով, կանգ առնել համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետեւեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը  եւ գործեք համաձայն դրա։
Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից եւ շտապօգնությունից։

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից.
ա. Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է  վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։
բ. Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք  բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։


Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո

Ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո‚ մարդկանց փրկելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ուժերը։
Համաշխարհային փորձը ցույց է տվել‚ որ օպերատիվ փրկարարական աշխատանքներն առավել արդյունավետ են երկրաշարժից հետո առաջին շաբաթվա ընթացքում‚ երբ ավելի հավանական է մարդկանց փրկության գաղափարը։
Մարդկանց փրկելը՝ աղետի գոտում գտնվող յուրաքանչյուր մարդու պարտքն է։
Օգտագործեք ձեռքի տակ եղած բոլոր միջոցները՝ ոչ մեծ փլատակներից մարդկանց հանելու համար։
Իսկ եթե ինքներդ գտնվում եք փլատակում, խուճապի մի՛ մատնվեք‚ այլ հանգիստ եւ սթափ գնահատեք իրավիճակը։
Չմտածված գործողությունները կարող են հանգեցնել նոր փլուզումների‚ եթե տարածությունը թույլ է տալիս՝ տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ։
Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ (դադարեցրեք արյունահոսությունը‚ վիրակապ դրեք)։ Եթե ձեզ հետ փլատակում կան եւ ուրիշ մարդիկ‚ հանգստացրեք եւ առաջին բուժօգնություն ցույց տվեք նրանց։
Կապ հաստատեք (գոռացեք‚ հնչեղ առարկաներով հարվածեք) դրսում եւ մոտակա փլատակներում գտնվողների հետ։ Դա կօգնի փլատակներից ավելի հեշտ եւ ճիշտ ուղիներ որոնել` ձեզ եւ ուրիշներին փրկելու համար։ Հնարավորության դեպքում փրկարարներին զգուշացրեք ձեզ սպառնացող վտանգի մասին։
Եթե առաջին երկու օրերի ընթացքում ձեզ չգտնեն‚ խուճապի մի´ մատնվեք‚ խնայեք ձեր ուժերը‚ ավելորդ շարժումներ մի´ արեք։
Եթե ձեր տրամադրության տակ կա սնունդ եւ հեղուկ՝ խնայողաբար օգտագործեք, բաժանելով առնվազն 15 օրվա։ Մարդն առանց սննդի դիմանում է 15 օրից ավելի‚ իսկ առանց հեղուկի՝ 7 օր։
Եթե հեղուկ չունեք‚ իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է‚ ձեր հագուստից կտրեք մի կտոր եւ դրա միջով խմեք։ Բերանում փոքր եւ ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը։
Եթե մնացել եք փլատակում եւ հաստատ համոզված եք‚ որ կարող եք այնտեղից դուրս գալ‚ գործեք հետեւյալ կերպ. զգուշորեն սողանցք բացեք՝ խուսափելով տեղաշարժել իրար վրա կուտակված մեծ բեկորները. դա կարող է նոր փլուզման պատճառ դառնալ։ Սողանցքն անպայման ամրացրեք հենարաններով (ամուր բեկորներ‚ ձողափայտեր‚ մետաղյա առարկաներ)։ Յուրաքանչյուր հետցնցումից հետո ուշադիր զննեք սողանցքի վիճակը։
Ավերիչ երկրաշարժերից հետո‚ առաջին օրերին կիսաքանդ եւ ավերված շենքում չի կարելի մնալ։ Պետք է իմանալ‚ որ երկրաշարժն ուղեկցվում է հետցնցումներով‚ որոնք ցանկացած պահի կարող են շենքը հիմնովին քանդել։

Եթե երկրաշարժից հետո որոշել եք ապրել ձեր տանը‚ ապա.
- ցանկալի է այդպես վարվել մասնագետ շինարարի հաստատած եզրակացությունից հետո.
- ստուգեք՝ վնասված չե՞ն արդյոք էլեկտրահաղորդալարերը‚ չկա՞ արդյոք գազի արտահոսք,
- ստուգեք, վնասված չե՞ն արդյոք վառարաններն ու ծխնելույզները‚ կրակ մի՜ վառեք մինչեւ ավերածությունների լիակատար վերացումը.
- ստուգե´ք, կոյուղին գործո՞ւմ է, թե՞ ոչ.
- ուշադիր զննեք բնակարանը. արդոք չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ (քիմռեակտիվներ‚ բենզին‚ նավթ).
- զգուշորեն բացեք պահարանների եւ խորդանոցների դռները‚ որպեսզի ծանր առարկաներ չընկնեն ձեզ վրա.

Հետեւեք՝ արդյոք հետցնցումներից պատերի վրա չե՞ն առաջացել նոր ճեղքեր։
Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ շտապօգնություն‚ հրշեջ-փրկարար ծառայություն կամ ոստիկանություն զանգահարելու համար։ Հեռախոսային ցանցի գերբեռնվածությունը կխափանի փրկարարական աշխատանքների նորմալ ընթացքը։
Երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումներին տեղեկանալու համար հետեւեք ռադիոյով եւ հեռուստացույցով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։
Աղետի գոտում (հատկապես ամռանը) խիստ հավանական է դառնում համաճարակի սպառնալիքը։ Այդ իսկ պատճառով շտապ կազմակերպեք զոհվածների թաղումը։ Անհրաժեշտ է հորել նաեւ սատկած անասուններին։ Երբ մարդկանց մեծ մասն ապրում է առանց տարրական կենցաղային հարմարությունների‚ անհրաժեշտ է  խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ եւ հակահրդեհային անվտանգության կանոնները։
Ուժեղ երկրաշարժերը միշտ էլ ուղեկցվում են զոհերով եւ ավերածություններով։ Թեեւ կատարյալ  անվտանգությունն ապահովող կանոններ չկան‚ այնուամենայնիվ‚ վերոհիշյալ վարքականոնների ճիշտ  կիրառումը կօգնի նվազեցնել ձեզ եւ ձեր շրջապատին սպառնացող վտանգը։