«Արձագանքի» արձագանքը PDF  | Տպել |

2006թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը Հայաստանի փրկարար ծառայության եւ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի հետ համատեղ Երեւանում անցկացնում էր աղետների կանխման եւ պատրաստվածության թեմայով դասընթաց։

Մասնակցում էին 9 երկրից (Աֆղանստան, Տաջիկստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Հորդանան, Ալժիր, Մարոկկո, Շվեյցարիա) Հայաստան ժամանած 24 տարբեր մասնագետներ՝ ինժեներներ, երկրաբաններ, տնտեսագետներ եւ այլն, որոնք աշխատում են աղետների ռիսկի նվազեցման տարբեր ծրագրերում։
Դասընթացի ծրագիրը բաղկացած էր երեք մասից՝ ռիսկերի վերլուծություն, դրանց գնահատում, պատրաստվածության եւ կանխման միջոցների պլանավորում։

Դասընթացը պարբերական բնույթ ունի։ Այն կազմակերպվում է ամեն տարի եւ տարբեր երկրներում։ Հիմնական նպատակը մասնակիցների միջեւ փորձի փոխանակումն է, համագործակցության խթանումը եւ ռիսկերի կառավարման չափանիշների հիմնումը։

Աշխատանքային օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան Հայաստանում առկա ռիսկերին, ինչպես նաեւ ներկայացրեցին ռիսկերի կառավարման իրենց երկրների փորձը։ Նրանք, մասնավորապես, եղան Ողջաբերդում եւ տեսան մեր երկրի «ամենահայտնի» սողանքներից մեկը։

Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը Հայաստանի հետ սկսել է համագործակցել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո։ Գործակալությունը Շվեյցարիայի արտգործնախարարության մի մասն է եւ արտաքին քաղաքականության հիմնական գործիքը։ Այն պատասխանատու է Շվեյցարիայի միջազգային զարգացման քաղաքականության ձեւավորման եւ իրականացման համար։
 

1988 թվականից ի վեր Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը Հայաստանում իրականացրել է հումանիտար աջակցության եւ զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնց թվում է նաեւ «Արձագանքը»։ Այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում ապակենտրոնացված փրկարարական համակարգի հզորացումն է։ Ծրագրի առաջին փուլում՝ 2004-2005 թթ. Լոռիի եւ Սյունիքի մարզերի 12 հրշեջ մասերում կազմակերպվել են հրահանգիչների պատրաստման եւ մեթոդաբանության դասընթացներ, որից հետո հրշեջ կայաններն ապահովվել են անհրաժեշտ փրկարարական սարքավորումներով։ Ստանալով գերազանց արդյունքներ՝ որոշում է կայացվել շարունակել ծրագիրը եւ ընդգրկել Հայաստանի բոլոր հրշեջ մասերը։

«Արձագանք» ծրագիրն իրականացվում է ՀՓԾ եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ։

Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցությունը, մասնավորապես «Արձագանք» ծրագիրը շատ լավ արձագանք է տվել, ինչը եւ հիմք է հանդիսացել, որ աղետների կանխման եւ պատրաստվածության թեմայով հերթական դասընթացը կազմակերպվի մեր երկրում։