Քաղպաշտպանություն PDF  | Տպել |
Քաղաքացիական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում եւ իրականացվում է «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն (ընդունված 2002թ. մարտի 5-ին):


քաղաքացիական պաշտպանություն՝ միջոցառումների համակարգ՝ ուղղված բնակչության եւ նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում.

քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք՝ բնակավայր, հատուկ, կարեւորագույն ու պատմամշակութային նշանակության օբյեկտներ ընդգրկող տարածք.

հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտներ՝ պետական եւ ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող եւ բնակչության կենսագործունեությունը ապահովող օբյեկտներ.

քաղաքացիական պաշտպանության ծառայություններ՝ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ.

քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝ համայնքներում, կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներ, որոնք հանդերձավորված են փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով եւ նախատեսված են իրականացնելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ եւ չեն մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կազմի մեջ.

անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ՝ առաջնահերթ աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն եւ փրկելուն, ինչպես նաեւ շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտները ժամանակավոր սխեմաներով վերականգմանը, վերանորոգմանը եւ տարածքի սանիտարական մաքրմանը: