|
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի պատմության մեջ արհավիրքի ու ողբերգության նոր էջ գրվեց: Սպիտակ քաղաքում եւ հյուսիս-արեւելյան շրջաններում տեղի ունեցավ ուժգին, աղետալի երկրաշարժ (էպիկենտրոնում 9-10 բալ հզորությամբ), որն ինչպես հայտնի է մարդկային ու նյութական հսկայական կորուստների պատճառ դարձավ: Երկրաշարժի դասերը բխում են ոչ միայն երկրաշարժագիտական, ինժեներաշինարարական գործոնները, այլեւ արտակարգ իրավիճակների համակարգի գործոնը պատշաճորեն չգնահատելուց: Մասնավորապես վերջին գործոնի թերագնահատումն արտահայտվեց այն բանում, որ ցածր էր կառավարության եւ տեղական կառավարման մարմինների պատրաստվածությունն այնպիսի լայնամասշտաբ աղետների ժամանակ գործելուն, ինչպիսին տեղի ունեցած երկրաշարժն էր: Դա արտահայտվեց արտակարգ իրավիճակում արդյունավետ կոորդինացնող մարմնի, կառավարության եւ պետական կառավարման մարմինների, ներառյալ նաեւ քաղաքացիական պաշտպանության ուժերի գործողությունների պլանների, համապատասխան տեխնիկայի ու նյութական պաշարների, հմուտ փրկարարների, փորձառու կադրերի բացակայության մեջ: Հանրապետության կառավարությունն ամփոփելով Սպիտակի աղետի ողբերգական հետեւանքները եկավ այն հետեւության, որ հետագայում եւս Հայաստանում հնարավոր են տարաբնույթ աղետներ եւ դրանք պետական մակարդակով առավելագույնս կանխելու, բնակչությանը պաշտպանելու համար անհրաժեշտ է. 1. ստեղծել արտակարգ իրավիճակների (ԱԻ) այնպիսի համակարգ, որն ընդգրկի պետական կառավարման բոլոր մակարդակները` կառավարությունից մինչեւ ինքնակառավարման տեղական մարմինները. 2. մշակել ԱԻ ժամանակ կառավարման ազգային պլան. 3. ստեղծել ԱԻ պետական կառավարման շարժուն մարմին. 4. պատրաստել հմուտ, արհեստավարժ կադրեր. 5. հիմնել պետական փրկարարական ծառայություն. 6. ԱԻ-ում արագ արձագանքելու համար ստեղծել նյութական պաշարներ. 7. մշակել ԱԻ ժամանակ գործելու պլաններ կառավարության եւ պետական կառավարման բոլոր մակարդակների մարմինների համար. 8. բնակչությանը նախապատրաստել արտակարգ իրավիճակներին: Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր եւ դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման ու ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ստեղծման հիմնական ազդակը: Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին ՀՀ օրենքի երկրորդ հոդվածով (ստորագրված ՀՀ նախագահի կողմից 1991 թվականի դեկտեմբերի 4-ին) ստեղծվեց արտակարգ իրավիճակների վարչությունը:  Հայաստանի Հանրապետության նախագահի 1991թ. դեկտեմբերի 15-ի հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ նշանակվեց Ստեփան Սարգսի Բադալյանը: Խորհրդային Միությունում, ինչպես հայտնի է, գործում էր քաղպաշտպանության միասնական, կենտրոնացված համակարգ, որի մեջ ընդգրկված էին նրա հանրապետական ստորաբաժանումները` ՔՊ շտաբները: Դրանց գործունեությունը տասնամյակներ շարունակ հիմնականում ուղղված էր խաղաղ եւ պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից զանգվածային (միջուկային) ոչնչացման զենք գործադրելուց բնակչությանն ու ժողովրդական տնտեսության օբյեկտները պաշտպանելուն: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, անկախացած հանրապետություններից յուրաքանչյուրը յուրովի լուծեց այդ համակարգի հետագա կարգավիճակը: Հայաստանում 1961 թվականից գործող քաղպաշտպանության շտաբն իր բոլոր կազմավորումներով 1991թ. վերջին դրվեց հանրապետության կառավարությանն առընթեր նորաստեղծ արտակարգ իրավիճակների վարչության (ՀՀ ԱԻՎ) ենթակայության տակ: ՀՀ վարչապետի 1997թ. օգոստոսի 14-ի որոշմամբ հաստատված Վարչության կանոնադրության մեջ նշված է, որ ԱԻՎ-ը ՙ«գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեության կոորդինացումը բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխատեսման եւ վերացման բնագավառներում, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումը, անմիջական ղեկավարումն ու վերահսկողությունը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը»: Ներկայումս վարչությունը, ի տարբերություն անցյալում քաղպաշտպանության գործունեության ոլորտի նեղ շրջանակի, թե հայեցակարգային, թե մասնագիտական ու իրավական տեսակետներից նոր, լայնախոհ մոտեցում է ցուցաբերում համակարգի ողջ աշխատանքի կազմակերպմանը` ելնելով Հայաստանում հավանական խոշոր աղետների ու վթարների առկայությունից, դրանց դասակարգումից եւ ռիսկի գնահատումից:
ՙ«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման մասին» ՀՀ նախագահի 1995թ. հունիսի 6-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի ընդհանուր ղեկավարումը դրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության վրա: Սահմանվեց, որ ՀՀ քաղաքացիական պաշտպանության պետն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ վարչապետը, իսկ տեղակալը` ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի պետը: Այս հրամանագրով քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումը, անմիջական ղեկավարումը եւ վերահսկողությունը դրվեց ՀՀ ԱԻՎ-ի վրա: Հաշվի առնելով ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի, քիմիական եւ իրական վտանգ ներկայացնող այլ օբյեկտների առկայությունը, բնական աղետների եւ արտադրական խոշոր վթարների դեպքում ճառագայթային ու քիմիական վարակման գոտիներում փրկարարական եւ վթարային աշխատանքնրի օպերատիվ կազմակերպման համար մասնագիտացված ստորաբաժանումների անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը 1993թ. սեպտեմբերի 29-ի թիվ 489 որոշմամբ արտակարգ իրավիճակների պետական վարչությանը հանձնարարվեց կազմավորել վարչության քաղաքացիական պաշտպանության գունդ: Կազմակերպչորեն գունդը բաղկացած էր գումարտակներից, վաշտերից ու ջոկատներից. հետախուզական, որոնողական-փրկարարական, քիմիական պաշտպանության, կապի, մեքենայացված, հրդեհաշեջ եւ այլն: Քաղաքացիական պաշտպանության գնդի խնդիրներն ավելի կոնկրետ կարելի էր ձեւակերպել հետեւյալ կերպ. 1. խոցման օջախներում, վարակման գոտիներում, ինչպես նաեւ այդտեղ տանող երթուղիներում ընդհանուր եւ հատուկ հետախուզության իրականացում. 2. վթարային-փրկարարական եւ այլ անհետաձգելի աշխատանքների կատարում. 3. բնակչության սանիտարական մշակում, տեխնիկայի եւ գույքի հատուկ մշակում, շենքերի, կառույցների եւ տարածքների վարակազերծում. 4. մասնակցություն բնակչության տարահանմանը. 5. բնակչության կենսաապահովման օբյեկտների, հաղորդակցության ուղիների, անցատեղերի եւ ենթակառուցվածքի այլ կարեւոր տարրերի վերականգնում: ԱԻՎ-ի հայեցակարգում, ամենօրյա աշխատանքում գլխավորը` ժամանակակից տեխնիկայով զինված ու բազմահմտությամբ օժտված, շարժուն պետական փրկարարական ուժի ստեղծումն է: ՀՀ կառավարության եւ նրա 1997թ. սեպտեմբերի 4-ի թիվ 359 որոշմամբ ստեղծվեց արագ արձագանքման փրկարարական ջոկատ /ԱԱՓՋ/: Փրկարարական ջոկատի գլխավոր խնդիրներն էին. 1. աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետներում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը. 2. աղետների եւ վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը: ՔՊ ուժերն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հանրապետության տարածքում տեղի ունեցող տարերային (սողանքներ, հեղեղներ, կարկտահարություններ, սելավներ, պտտահողմեր) ու տեխնածին աղետների (տրանսպորտային խոշոր վթարներ, պայթյուններ) հետեւանքների վերացմանը, տուժած բնակչությանը անհրաժեշտ օգնություն կազմակերպելուն:
|