Աղետները երեխաների աչքերով PDF  | Տպել |

Փրկարար ծառայության վարկը բարձրացնելու, երեխաներին արտակարգ իրավիճակներին ու դրանց դեմ պայքարի մասին տեղեկություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով «Հրշեջները համայնքներում» հանրային իրազեկման ծրագրի շրջանակներում Տավուշի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցների 6-8-րդ դասարաններում հայտարարվել էր շարադրությունների ու նկարների մրցույթ։


Տեսահոլովակներ
"Աղետները երեխաների աչքերով"
մրցույթում հաղթած երեխաների
շարադրությունների և նկարների հիման վրա



Երեխաներին առաջարկվել էր տնեցիների հետ քննարկել ու շարադրություն գրել՝ «Արտակարգ իրավիճակները ձեր կյանքում» թեմայով։ Նկարների մրցույթի թեման էր` «Աղետներն ու դրանց դեմ պայքարը` երեխաների աչքերով»։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչեւ հոկտեմբերի 10-ը։ Իսկ մինչ այդ ձեզ ենք ներկայացնում մրցույթի մասնակիցների աշխատանքերից մի քանիսը։
 


Գեւորգյան Պերճ, Գեղարքունիք,
Ն. Գետաշենի թիվ 2 դպրոց, 6-րդ դաս.


Ես ապրում եմ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում։ Ինչպես ողջ հանրապետությունը, այնպես էլ մեր տարածքը զերծ չէ բնական աղետներից` երկրաշարժերից, ջրհեղեղներից, կարկուտներից, սողանքներից, հրդեհներից։ Շատ դժվար է պայքարել բնության տարերքի դեմ, սակայն երբ մարդիկ գիտեն, որ իրենք միայնակ չեն, ցանկացած դեպքում կարող են ընդամենը վերցնել հեռախոսը ու հավաքել 1-01 հեռախոսահամարը, եւ անմիջապես պետք եղած տեղում կհայտնվեն փրկարարներն ու հրշեջները, արհավիրքին դիմակայելն այնքան էլ սարսափելի չի թվում։

Որ նրանք ոչ մի վայրկյան չեն հապաղում ամենաբարձր պատրաստակամությամբ եւ նվիրումով իրականացնել իրենց պարտքը` համոզվեցինք այս գարնանը։ Մեր գյուղով անցնող Գավառագետի վարարումն այնքան ուժեղ էր, որ գետը դուրս եկավ հունից, ողողեց շինությունները, քանդեց իր վրա գտնվող կամրջակները, քշեց-տարավ կենդանիներին։ Սակայն Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության անձնվեր աշխատանքի շնորհիվ ժամանակին կատարվեց բնակիչների տարահանումը, ինչի արդյունքում չունեցանք մարդկային զոհեր։

Դեռեւս մանկուց ինձ միշտ թվացել է, թե փրկարարներն ամենակարող մարդիկ են։ Յոթ տարի առաջ ես ականատես եղա այսպիսի մի դեպքի. վառվում էր մեր հարեւանի գոմը։ Ողջ փողոցը իրար էր խառնվել, բայց ոչ ոք ոչինչ չէր կարողանում անել։ Երբ հեռվից լսվեց հրշեջ մեքենաների ազդանշանը, մարդկանց աչքերում հույս առկայծեց։ Հրշեջներն անմիջապես նետվեցին կրակի բոցերի մեջ եւ կարողացան մարել կրակը։ Ամենուր շնորհակալական խոսքեր էին լսվում հրշեջների մասին, բայց ամենից զարմանալին այն էր, որ երախտապարտության նշաններ կային նաեւ փրկված կենդանիների աչքերում։

Հայրապետյան Սիրարփի
Գեղարքունիք, Գավառի թիվ 7 միջն.
դպրոց, 8-րդ դասարան

 
ՀոռիկյաՆ Լիլիթ, Գեղարքունիք, Ն. Գետաշենի
թիվ 2 դպրոց, 6-րդ դաս.


Հայաստանը հայի բնօրրանն ու տունն է։ Այստեղ է ապրել ու մաքառել հայը, իր բազկի եւ մտքի զորությամբ նվաճել անկախ ապրելու իրավունքը։ Այո, հայը սիրում է իր քարքարոտ երկիրը, նրա քմահաճ բնությունը։ Իսկ բնությունն այնքան էլ բարեհաճ չի եղել հայերի նկատմամբ։ Հաճախ, երբ հայը, թշնամու արհավիրքին դիմակայած, տուն է դարձել, անկարող է եղել դիմակայելու բնության արհավիրքներին։ Հատկապես մեր ազգի համար պատիժ են դարձել երկրաշարժերը, որոնք այնպես են ցնցել հայկական հողը, որ քարն անգամ քարին չեն թողել։ Այսպես, մեր հազար ու մեկ եկեղեցիների քաղաք Անին դարձավ ավերիչ երկրաշարժի զոհ, եւ մի քանի րոպեում գեղեցիկ քաղաքից մնացին միայն երբեմնի փառքի մասին հիշեցնող ավերակներ։ Երկրաշարժից է հիմնահատակ ավերվել նաեւ մեր մյուս գեղեցկուհին` Զվարթնոցը։ Մի՞թե մեր մշտածիծաղ գյումրեցիներին, որոնց ժպիտն անզոր եղավ կոտրել թշնամին, գետնին չտապալեց, արմատախիլ չարեց իրենց իսկ հողը։

Մեր սարերը, որոնք միշտ անառիկ ամրոց են եղել հայի համար, մի աղետալի, վտանգավոր հատկանիշ էլ ունեն։ Դրանք հաճախ առաջացնում են սողանքներ` հսկայական քարերով ու հողով ծածկելով ճանապարհներն ու տները։ Բնությունը մեզ հաճախ աղետ է հասցնում նաեւ ջրհեղեղի տեսքով։ Որքան տներ են ամեն տարի տուժում, քանդվում գետերի հորդացումից։

Այո, բնական աղետները դժվար է կանխագուշակել, բայց կարելի է ճիշտ պաշտպանվել դրանցից։ Դրա համար յուրաքանչյուր մարդ պետք է իմանա արտակարգ իրավիճակներում վարվելու ձեւերը։ Ես համոզված եմ, որ մարդն այն հզոր էակն է` ուժեղ ու դիմացկուն, որի դեմ անզոր է անգամ բնությունը։

Գարեյան Արման
Գեղարքունիք, Գավառի թիվ 5
միջն. դպրոց, 6-րդ դասարան