| Շվեյցարացիների աջակցությունը կշարունակվի | | Print | |
|
See the Armenian version. ![]() Տեխնիկայի այս խմբաքանակի տրամադրումը Շվեյցարիայի կառավարության կողմից Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության «SDC Արձագանք» ծրագրի առաջին փուլի եզրափակիչ գործողություններից մեկն էր։ Ծրագրի նպատակն է. սատարել ԱԻՎ-ի նախաձեռնություններին` բարելավելու բնական աղետների արձագանքման ապակենտրոնացված համակարգը եւ համայնքային կամավորական շարժմանը` որպես այդ համակարգի լրացուցիչ բաղադրիչ։ «Արձագանք» ծրագիրը, որը Հայաստանում ղեկավարում է Դանիել Ռոտախեռը, բաղկացած է երկու մասից` ուսուցում եւ համապատասխան գործիքների մատակարարում։ Մարզերում բնական աղետների դեպքում հրշեջները եւ կամավորները հնարավորություն կունենան առավել արդյունավետ արձագանքելու աղետներին, եւ այս ծրագրի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների ու տեխնիկայի շնորհիվ նրանք կկարողանան առաջնային փրկարարական աշխատանքներ իրականացնել մինչեւ հիմնական փրկարարական ուժերի ժամանումը։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է կես միլիոն շվեյցարական ֆրանկ։ ![]() Առաջին փուլը մեկնարկել է 2004-ի նոյեմբերին եւ կավարտվի այս տարվա վերջին։ Այս փուլում ընդգրկվել է մեկ մարզ հյուսիսում` Լոռին եւ մեկը հարավում` Սյունիքը։ Շվեյցարիայի համագործակցության գործակալության ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը մարզերի ընտրությունը բացատրում է է նրանով, որ Սյունիքը բավական կտրված մարզ է, իսկ Լոռիում բնակչության խտությունն է մեծ։ Այս մեկ տարվա ընթացքում երկու մարզերում անցկացվել է համապատասխան ուսուցում, եւ ահա ստացվեցին նաեւ կոնտեյներները` համապասխան սարքավորումներով։ Դրանք բարդ պրոֆեսիոնալ սարքեր չեն, այլ այն անհրաժեշտ գործիքներն են, որոնցով հնարավոր է նախնական փրկարարական աշխատանքներ կատարել։ Բոլոր սարքավորումներն արդեն բաժանվել են հրշեջ մասերին եւ նրանք արդեն կկարողանան օգտագործել դրանք։ Ինչպես նշում է ծրագրերի համակարգող Սեգեյ Հովհաննիսյանը, սա ծրագրի առաջին եւ փորձնական փուլն էր, բայց ծրագիրը հաջողվել է եւ հավանության է արժանացել Շվեյցարիայի կառավարության կողմից։ Աջակցությունը կունենա իր տրամաբանական շարունակությունը. ծրագրում կընդգրկվեն Հայաստանի բոլոր մարզերը` փուլային տարբերակով։ Նոյեմբեր, 2005 թ.
|













