|
See the Armenian version.
ՆԱՏՕ-ի ուսումնավարժությունը Հայաստանում
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տարեկան մեկ անգամ ՆԱՏՕ-ի Եվրոատլանտյան աղետների արձագանքման եւ համակարգման կենտրոնը ՆԱՏՕ-ի անդամ կամ գործընկեր պետությունների հետ համատեղ անցկացնում է արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման դաշտային վարժանք։ Անցյալ տարի այն անցկացվել է Ղազախստանում, իսկ այս տարի` Հայաստանում։
ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունը արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման դաշտային վարժանքներին մասնակցում է 2003 թվականից։ Ամեն տարի այն անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ կամ գործընկեր երկրներից մեկում, ինչն էլ համարվում է ծրագրում տվյալ երկրի ներդրումը։
«Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը կանցկացվի սեպտեմբերի 11-17-ը` Կոտայքի մարզում` Արզնի քաղաքի մոտ։ Ընտրված է երկրաշարժի սցենար, որի հետեւանքները պետք է լինեն քիմիական վթարը, ջրամբարի պատվարի փլուզումը, ջրամատակարարման եւ գազամատակարարման վթարները։
ԱԻՆ օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ Արտավազդ Դավթյանն ասում է. - Բարձրահարկ շենքում մենք իրականացնելու ենք տուժածների որոնում, տարհանում բարձր հարկերից, հրդեհաշիջում, ծխապատ գոտիներից տուժածների որոնում եւ տարհանում, ինչպես նաեւ փլատակներում հայտնված մարդկանց որոնում` շների եւ հատուկ սարքերի օգնությամբ։ Ժայռերում աշխատանքները նախատեսել ենք որպես մասնավոր իրավիճակ` տուժած լեռնագնացների որոնում եւ տարհանում։ Հաջորդը հանքախորշի տեղամասն է, որտեղ նախատեսում ենք հանքախորշի փլուզումներ, որտեղ էլ փրկարարները կիրականացնեն որոնում եւ տարհանում։
Ակնկալվում է, որ «Արմենիա 2010» միջազգային արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման դաշտային վարժանքին կմասնակցեն 1000-ից ավելի մասնագետներ, ներկայացուցիչներ եւ փրկարարական թիմեր` ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներից, միջազգային ու հասարակական կազմակերպություններից։
Այս պատասխանատու միջոցառումն անթերի կազմակերպելու նկատառումներից ելնելով՝ ԱԻՆ ՀՓԾ-ն աշխատում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ։ Պլանավորվում է մարտի 15-18-ը Երեւանում անցկացնել հիմնական համաժողով, որի ընթացքում վերջնականորեն կհստակեցվեն կազմակերպչական եւ այլ հարցեր։
|