|
See the Armenian version.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 28 սեպտեմբերի 2000 թվականի N 592 քաղ. Երևան ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել բնակչության պատսպարման կարգը (կցվում է): 2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի N 592 որոշմամբ
Կ Ա Ր Գ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են բնակչության պատսպարման կազմակերպման հիմնական պահանջները, պաշտպանական կառույցների տեսակները և դրանց պահպանման ու շահագործման կարգը: 2. Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում մարդկանց կյանքի և գործունեության ապահովման հիմնական միջոցն է: 3. Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումն իրականացվում է հետևյալ պաշտպանական կառույցներում` ա) ստորգետնյա հատուկ շինություններ` ապաստարաններ, թաքստոցներ (հակաճառագայթային, պարզագույն, նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ), մետրոպոլիտեն. բ) բնակելի ֆոնդի տարածքներ (առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես հակաճառագայթային թաքստոցներ, նկուղներ, կիսանկուղներ): 4. Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են` ա) պաշտպանական կառույցների վաղօրոք շինարարությունը. բ) պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստ վիճակում. գ) պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը. դ) արագ կառուցվող ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ: 5. Պաշտպանական կառույցների համակարգը, որն ապաստարանների և թաքստոցների ամբողջություն է, կախված պաշտպանական կառույցների տեղակայման վայրից և նշանակությունից, ապահովում է բնակչության պատսպարումը` ա) ապաստարաններում` Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Կապան քաղաքների կենսագործունեությունն ապահովող և պատերազմի ժամանակ իրենց գործունեությունը շարունակող կազմակերպություններում աշխատողներին և ծառայողներին. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարևորության և քիմիական վտանգավոր օբյեկտների աշխատողներին ու ծառայողներին` անկախ նրանց տեղակայման վայրից. բ) հակաճառագայթային թաքստոցներում` Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետև` ՀԱԷԿ) 30 կիլոմետրանոց գոտում բնակվող բնակչությանը. գ) նկուղային և այլ խորացված տարածքներում, մետրոպոլիտենում, հանքախորշերում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում` մնացած բնակչությանը: 6. Խաղաղ ժամանակ, պաշտպանական կառույցները, համաձայն քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների նորմերի պահանջների, կարող են օգտագործվել տնտեսական նպատակներով, որի ժամանակ պետք է ապահովվի շինությունների և կառուցվածքների պահպանությունն ավերածությունից ու խոնավությունից և պաշտպանական կառույցները պատսպարվողների ընդունման համար ժամանակին պատրաստականության բերումը: Պաշտպանական կառույցների օգտագործումը տնտեսական նպատակով (բացառությամբ մետրոպոլիտենի) թույլատրելի է պաշտպանական կառույցների ծավալի 40 տոկոսի չափով, և ազատման ժամանակը պետք է լինի ոչ ավելի, քան 6 ժամ: 7. Պաշտպանական կառույցները տարբերվում են կառուցման ժամկետներով` ա) խաղաղ ժամանակ կառուցվող ապաստարաններ և հակաճառագայթային թաքստոցներ. բ) պատերազմի սպառնալիքի ժամանակ կառուցվող պաշտպանական կառույցներ` արագ կառուցվող ապաստարաններ, արագ կառուցվող թաքստոցներ, պարզագույն թաքստոցներ: 8. Արագ կառուցվող ապաստարանները և թաքստոցները կառուցվում են ամենասեղմ ժամկետներում` առավելագույնս օգտագործելով առկա հավաքովի կառուցվածքներն ու նյութերը, պարզեցված սարքավորումները: 9. Արագ կառուցվող պաշտպանական կառույցների տեղակայման վայրը և թիվը որոշվում են քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից` ելնելով խաղաղ ժամանակ դրանցով բնակչության փաստացի ապահովվածությունից: 10. Պարզագույն թաքստոցները կառուցվում են արտակարգ իրավիճակների ու պատերազմի սպառնալիքի ժամանակահատվածում բնակչության այն մասի համար, որն ապահովված չէ պաշտպանական կառույցներով, որոնց շինարարության պլաններն ու ժամանակացույցերը վաղօրոք մշակվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից: Պարզագույն թաքստոցների կառուցման բոլոր աշխատանքները համապատասխանեցվում են արագ կառուցվող շինությունների շինարարության, ինչպես նաև բնակչության տարահանման պլաններին:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
11. Բնակչության կազմակերպված և ժամանակին պատսպարման համար պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունների ղեկավարներն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ անցկացնում են բնակչության, աշխատողների և ծառայողների պաշտպանական կառույցներին ամրագրման միջոցառումներ: Պաշտպանական կառույցների մուտքի վրա կախվում են ցուցատախտակներ, իսկ դեպի պաշտպանական կառույցներ տանող շարժական երթուղիների վրա` ցուցանշաններ: 12. Պաշտպանական կառույցների սպասարկման և պատսպարման կազմակերպման նպատակով դրանց կից ստեղծվում են փրկարար ուժեր (սպասարկող խմբեր և օղակներ), որոնց անձնակազմը պարտավոր է` ա) ապահովել պաշտպանական կառույցների նախապատրաստումը պատսպարվողների ընդունման համար. բ) հետևել պաշտպանական կառույցները պատսպարվողներով լրացման և շահագործման ընթացքին. գ) իմանալ շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնները պաշտպանական կառույցների բոլոր սարքավորումների շահագործման դեպքում. դ) կազմակերպել պատսպարվող բնակչության սնումը, բժշկական ապահովումը: Ապաստարանները և թաքստոցներն սպասարկող խմբերի և օղակների կազմում կարող են ներգրավվել բոլոր աշխատունակ մարդիկ: 13. Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով` ա) շչակի ընդհատվող հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում. բ) շչակի անընդհատ հնչեցման դեպքում («Ուշադրություն բոլորին» ազդանշան) բնակչությանը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի սպառնալիքի կամ դրա առաջացման և բնակչության գործողությունների մասին, ու գործում համաձայն այդ հաղորդագրությունների: 14. Համապատասխան ազդանշան ստանալով` պաշտպանական կառույցներն սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և, ժամանելով իրենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար: 15. Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ: 16. Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված ամրագրման պլանների համաձայն: 17. Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների: 18. Հասարակական վայրերում գտնվող բնակչությունը պատսպարվում է ըստ գտնվելու վայրի` պաշտպանական կառույցներում օգտագործելով մետրոպոլիտենը, ստորգետնյա անցումները, շենքերի և այլ կառույցների առաջին հարկերը: Պաշտպանական կառույցներով չապահովված բնակչությունը մասնակցում է պարզագույն թաքստոցների կառուցմանը, հետագայում դրանցում պատսպարվելու նպատակով` համաձայն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից հաստատված պլանի: 19. Պաշտպանական կառույցները բերվում են պատրաստականության` պատսպարվողների ընդունման համար ազդանշան տալու պահից սկսած 12 ժամվա ընթացքում, իսկ ՀԱԷԿ-ում և քիմիական վտանգավոր օբյեկտներում, որոնք գտնվում են մշտական պատրաստականության վիճակում, անմիջապես: 20. Պաշտպանական կառույցներում տեղավորվում են կազմակերպված և արագ` կառույցի պարետի (ավագի) ցուցումով: Քաղաքացիական պաշտպանության ազդանշանից հետո համապատասխան մարմինների կողմից նախօրոք նշված ժամանակն սպառվելուն պես պաշտպանական կառույցներում մարդկանց տեղավորումը դադարեցվում է, դռները փակվում են: 21. Պաշտպանական կառույցներում անհրաժեշտ է խստորեն պահպանել սահմանված ռեժիմն ու կարգը: Պատսպարվողները պարտավոր են անվերապահորեն կատարել պարետի (ավագի) և հերթապահների բոլոր կարգադրությունները:
III. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
22. Պաշտպանական կառույցների նախապես պլանավորման, նախագծման, պահպանման ու շահագործման և վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
|