|
See the Armenian version.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 08.11.2005թ. N1799-Ն ք. Երեւան
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Սահմանել փրկարարական ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ______-ի ___ի N ___-Ն որոշման ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգով ու պայմաններով սահմանվում են փրկարարական ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները: 2. Ատեստավորումն զբաղեցրած պաշտոնին փրկարարական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության ու նրա ծառայողական հեռանկարների որոշումն է: 3. Յուրաքանչյուր տարի փրկարարական ծառայողների առնվազն 1/3-ը ենթակա է պարտադիր ատեստավորման: 4. Փրկարարական ծառայողի ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ: 5. Փրկարարական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո: 6. Փրկարարական ծառայողի արտահերթ ատեստավորումն անց է կացվում նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա կամ փրկարարական ծառայողի ցանկությամբ: 7. Ատեստավորման ենթակա չեն` ա) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները. բ) տվյալ պաշտոնը մեկ տարվանից պակաս ժամկետով զբաղեցնող փրկարարական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել. գ) հղի կամ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել: 8. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորման համար: 9. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ փրկարարական ծառայողները ենթակա են ատեստավորման` ծառայության անցնելուց հետո` եռամսյա ժամկետում:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 10. Մինչեւ տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը փրկարարական ծառայության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների ցուցակները ( N 1 ձեւ (31 kb)) : 11. Մինչեւ տվյալ տարվա նոյեմբերի 1-ը փրկարարական ծառայողներին կրտսեր խմբի պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաստատում է հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների ցուցակը: 12. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում պաշտոնատար անձը կամ ատեստավորվելու ցանկություն հայտնած փրկարարական ծառայողը ներկայացնում է զեկուցագիր, որից հետո երկամսյա ժամկետում փրկարարական ծառայողն ատեստավորվում է համապատասխան ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի փրկարար ծառայության աշխատողներ: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաեւ գիտական կամ ուսումնական հաստատությունների մասնագետներ: 13. Հանձնաժողովը պետք է կազմված լինի նվազագույնը 7 անդամից: Հանձնաժողովի նախագահին եւ քարտուղարին հանձնաժողովի կազմից նշանակում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը: 14. Հայաստանի փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորելու համար կարող են ստեղծվել տարածքային հանձնաժողովներ, որոնց նախագահները եւ անդամների կեսը պետք է լինեն Հայաստանի փրկարար ծառայության կենտրոնական ապարատի ծառայողներ: Այդ դեպքում սույն կարգի 13-րդ կետում նշված հանձնաժողովը ձեւավորվում է որպես կենտրոնական հանձնաժողով եւ տարածքային հանձնաժողովների ընդունած որոշումները ներկայացվում են կենտրոնական հանձնաժողովի հաստատմանը: 15. Ատեստավորման անցկացման ժամանակը հայտարարվում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով: Ատեստավորման ենթակա փրկարարական ծառայողներն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին` ստորագրությամբ ( N2 ձեւ(33 kb)): 16. Ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ անմիջական ղեկավարը հանձնաժողովին է ներկայացնում փրկարարական ծառայողի ծառայողական բնութագիրը ( N3 ձեւ(33 kb)): 17. Փրկարարական ծառայողն ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ, ստորագրությամբ, պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Ծառայողական բնութագրին համաձայն չլինելու դեպքում փրկարարական ծառայողը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են հանձնաժողովին: 18. Ծառայողական բնութագիրը շարադրվում է ազատ ոճով, սակայն տեքստում պետք է արտացոլվեն փրկարարական ծառայողին բնութագրող հետեւյալ հարցերը` ա) գործնական հատկանիշները, հարաբերություններն ընտանիքում եւ շրջապատում. բ) մասնագիտական եւ ֆիզիկական պատրաստականության աստիճանը, օպերատիվ-ծառայողական խնդիրներ լուծելու, որոշակի իրադրություններում կողմնորոշվելու, մասնագիտական ունակություններն արդյունավետ կիրառելու կարողությունը. գ) տեսական գիտելիքների մակարդակը. դ) մտավոր զարգացվածության մակարդակը, աշխարհայացքը, փրկարարական գործունեության հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները հասկանալու ունակությունը, հնարամտությունը, ակտիվությունը, կազմակերպվածությունը. ե) ենթականերին ղեկավարելու, ուսուցանելու, դաստիարակելու, տրված առաջադրանքները կատարելու համար անձնակազմի անդամներին համախմբելու ունակությունը. զ) աշխատունակությունը, եռանդը, նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունն ու վճռականությունը, ծառայության դժվարություններին դիմակայելը, ծայրահեղ պայմաններում ինքնատիրապետման կարողությունը եւ զսպվածությունը` հանրության հետ շփվելիս. է) գործին ստեղծագործաբար մոտենալու ունակությունը, բարեխղճությունը ծառայողական պարտականությունները կատարելիս, հեղինակությունը կոլեկտիվում. ը) դժվար պահերին պատասխանատվությունն իր վրա վերցնելու, պետական եւ ծառայողական գաղտնիքները պահելու ունակությունը. թ) առողջական վիճակը. ժ) փրկարարի էթիկայի նորմերի պահպանումը: Ծառայողական բնութագիրը պետք է ներառի նաեւ եզրահանգումներ տվյալ փրկարարական ծառայողի` իր պաշտոնին համապատասխանության մասին: Ծառայողական բնութագրում պետք է արտացոլվեն նաեւ փրկարարական ծառայողի` ծառայության ընթացքում թույլ տված թերությունները, նշվեն դրանց վերացման համար ձեռնարկված միջոցները եւ դրանց արդյունքները: 19. Ատեստավորման ենթակա փրկարարական ծառայողների ծառայողական բնութագրերը մինչեւ ատեստավորման անցկացումը հանձնվում են հանձնաժողովին: 20. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել փրկարարական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: 21. Ատեստավորումն անցկացվում է փրկարարական ծառայողի անմիջական մասնակցությամբ` հետեւյալ եղանակներով` ա) փաստաթղթային ատեստավորում եւ հարցազրույց. բ) թեստավորում եւ հարցազրույց: 22. Փրկարարական ծառայողները նախքան ատեստավորումը հանձնում են «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ֆիզիկական եւ մասնագիտական գործնական պատրաստության նորմատիվներ, այդ նպատակի համար Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով հատկացված վայրում, որի արդյունքները հաշվի են առնվում ատեստավորման ժամանակ:
|