| Նոր վարժահրապարակ Լոռիում | | Print | |
|
See the Armenian version. Դեկտեմբերի 13-ին «Արձագանք» ծրագրի շրջանակներում Ստեփանավան քաղաքի «Լոռէ» փրկարար ջոկատի բազայում տեղի ունեցավ փրկարարական վարժահրապարակի հանդիսավոր բացումը։ Բացմանը ներկա էին Ստեփանավանի քաղաքապետ Ս. Ղարաքեշիշյանը, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) խորհրդատու Հելմուտ Շոյերը, գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, «Լոռէ» փրկարար ջոկատի անձնակազմը, Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորներ եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քոլեջի ուսանողներ։ Վարժահրապարակը նախատեսված է «Արձագանք» ծրագրով հրշեջների գործնական դասընթացները կազմակերպելու, ակադեմիայի ուսանողների, Հայաստանի փրկարար ծառայության եւ կամավորական փրկարարական կազմակերպությունների անդամների մասնագիտական գիտելիքները կատարելագործելու համար։ Վարժահրապարակը բաղկացած է «ավտովթարներ», «հրդեհ», «փլատակ», «թունել» եւ իրավիճակային խաղերի անցկացման տեղամասերից, ինչպես նաեւ փրկարարական տարբեր հմտությունների ուսուցման կետերից։ Վարժահրապարակը նախագծել է «Բրավո» ՍՊԸ-ն` հաշվի առնելով «Լոռէ» փրկարար ջոկատի առաջարկները։ Շինարարությունը պատշաճ մակարդակով իրականացրել է «Կոյոտ» ՍՊԸ-ն։ Այն ֆինանսավորվել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից։ Վարժահրապարակն իր տեսակի մեջ եզակի է տարածաշրջանում։ Հետագայում նախատեսվում է կառուցել նմանատիպ եւս երկու վարժահրապարակ` Երեւանում եւ Սիսիանում։ Ներկայումս «Լոռէ» փրկարար ջոկատը մշակում է առանձին վարժությունների եւ խմբային խաղերի ուսումնական եւ մեթոդական նյութերը, ինչպես նաեւ վարժահրապարակի օգտագործման կարգն ու ձեւերը |











