|
See the Armenian version.
Միջուկային զենքի մշակման եւ դրա փորձարկումների հիմնախնդիրը Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գնահատմամբ՝ ուրանի բնական պաշարներն աշխարհի 182 երկրներում կազմում են 15-18 միլիոն տոննա։ Ըստ գործող տեխնոլոգիայի չի կարող կորզվել ամբողջ ուրանը։ Բացի այդ, ուրան-235-ին բաժին է ընկնում 0,711 տոկոսը, իսկ մնացած 99,28 տոկոսը՝ ուրան-238-ին։
Հաշվարկները ցույց են տալիս, որ ատոմային ռեակտորները լայնորեն օգտագործելու դեպքում ուրանի պաշարներն աշխարհում շատ շուտով կսպառվեն։ Այդ պատճառով էլ բոլոր երկրներում ատոմային էներգետիկայի զարգացումը հիմնվում է պլուտոնիումի օգտագործման վրա։ Պլուտոնիում 94-ը Մենդելեեւի պարբերական աղյուսակի տարր է։ Բնության մեջ այն գործնականում չկա։ Ավելի ճիշտ՝ պետք է, որ չլիներ։
Պլուտոնիում-238-ը դարձավ մեծ գիտական հայտնագործության արդյունք։ Այն ստացվեց 1940 թ. ամերիկացի գիտնականներ Գլեն Սիբորի եւ Էդվին Մակմիլանի կողմից՝ լաբորատոր եղանակով։ Այս հայտնագործության համար նրանք ստացան Խաղաղության նոբելյան մրցանակ։
1940-ական թվականներին աշխարհում պլուտոնիումի քանակը կազմում էր ընդամենը մի քանի կիլոգրամ։ Գործնական տեսակետից պլուտոնիումի կարեւորագույն իզոտոպը Գ. Սիբորն ստացավ 1941 թվականին՝ ուրան-238-ը նեյտրոններով ճառագայթահարելու գիտափորձերի արդյունքում։
Ուրան-235-ը միակ բնական նյութն է, որ ունակ է ինքնուրույնաբար պահպանելու միջուկների տրոհման շղթայական ռեակցիան։ Կլանելով նեյտրոն՝ ուրան-235-ը վերածվում է ծայր աստիճան անկայուն ուրան-236-ի, որը ճեղքվում է առավել թեթեւ տարրերի (բրոմ, յոդ, կրիպտոն, բարիում եւ այլ) 2-3 բեկորների՝ 2-3 նեյտրոնների գոյացումով։
Նոր նեյտրոնները տիրապետում են հսկայական արագության ու էներգիայի։ Կողքին ուրան-238-ի առկայության դեպքում (օրինակ, ԱԷԿ-ի միջուկ ային վառելիքի մեջ) նեյտրոնների մի մասը կլանվում է ուրան-238-ի կողմից, ընդ որում կազմավորվում է պլուտոնիում-239-ը։ Այս նոր նյութը ճեղքման եւ իր ստացման եղանակի պարզության պատճառով ուներ գերազանց տվյալներ։ Այդ ժամանակվանից պլուտոնիում-239-ը դարձավ միջուկային ու ջրածնային ռումբերի անբաժանելի մասը։ Այսօր, Էկոլոգիական քաղաքականության կենտրոնի տվյալներով, զենքի համար պլուտոնիումի համաշխարհային պաշարները կազմում են 300 տոննա։
Պլուտոնիումի օգտագործումով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերով կուտակվել են 30 հազար ակտիվ միջուկային մարտալիցքեր։
Ըստ փորձագետների կանխատեսումների, արդեն 2000 թվականին ռեակտորներն ի վիճակի կլինեին թողարկելու այնքան պլուտոնիում, որը կբավարարեր եւս մոտ 40 հազար մարտալիցք ստեղծելու համար։ Բացի այդ, եւս մոտ 65 տոննա պլուտոնիում է պարունակվում ատոմային էլեկտրակայաններում արդեն օգտագործված վառելիքի մեջ։
Պլուտոնիում-239-ը գործնականում չի ոչնչանում, քիմիապես չափազանց ակտիվ է, բարձր ճառագայթաակտիվ‚ լավ լուծվում է ջրում, ունի ամենաուժեղ քաղցկեղածին հատկությունները։ Պլուտոնիումով շրջակա միջավայրի աղտոտումը կատարվում է երկու եղանակով՝ միջուկային փորձարկումների հետեւանքների եւ այն արտադրող ձեռնարկություններում վթարների արդյունքում։
Միջուկային զենքի փորձարկումներ
ԱՄՆ-ն առաջին փորձարկումը կատարել է 1945թ. հուլիսի 16-ին, ԽՍՀՄ-ը՝ 1949թ. օգոստոսի 29-ին, Մեծ Բրիտանիան՝ 1952թ. հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիան՝ 1960թ. փետրվարի 13-ին, Չինաստանը՝ 1964թ. հոկտեմբերի 16-ին, Հնդկաստանը՝ 1974թ. մայիսի 8-ին։ Միջուկային զենքի փորձարկումների աշխարհագրական ընդգրկումը բավական լայն է։ ԱՄՆ-Մարշալյան կղզիներ, Մեծ Բրիտանիա-Ավստրալիա, Մադլեն եւ Ծննդյան կղզիներ։ Մեծ Բրիտանիան փորձարկումներ է անցկացրել նաեւ ԱՄՆ-ի Նեւադա նահանգի զինափորձարանում։ Ֆրանսիա-Ալժիր եւ Մորուա ատոլ (օղակղզի), Չինաստան Սինցզյան, Հնդկաստան-Հնդստան, ԽՍՀՄ-Հյուսիսային մերձկասպյան տարածք, Արեւելյան Ղազախստան, Նոր երկիր։
1963թ. միջուկային փորձարկումները մթնոլորտում եւ ջրային միջավայրում արգելվեցին։ Առ 1 հունվարի 1989թ. աշխարհում կատարվել էր միջուկային զենքի ավելի քան 1800 փորձարկում. ԱՄՆ՝ 932, ԽՍՀՄ՝ 649, Ֆրանսիա՝ 188, Մեծ Բրիտանիա՝ 43, Չինաստան՝ 34, Հնդկաստան՝ 1։
Քիմիական զենքի էկոլոգիական հիմնախնդիրները
Քիմիական զենքն ատոմային զենքի համեմատությամբ համարվում է ավելի «էժան»՝ ինչպես արտադրության, այնպես էլ կիրառման տեսակետից։
1899-1907թթ. Գերմանական կայսրությունը ստորագրել էր ռազմական նպատակներով թունավոր նյութերի կիրառումն արգելելու մասին Հաագայի կոնվեցիան։ Բայց հենց գերմանական զորքերն առաջինը կիրառեցին թունավոր գազեր Առաջին համաշխարհային պատերազմում։ Ընդհանուր առմամբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեց 125 հազար տոննա մարտական թունավոր նյութ, այդ թվում՝ իպրիտ։ Այդ նյութերից զոհվեց 100 հազար մարդ, իսկ 12 միլիոնը դարձան հաշմանդամ։ 1925 թվականին ուժի մեջ մտավ Ժնեւյան արձանագրությունը՝ քիմիական զենքի կիրառումն արգելելու մասին համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը ստորագրեցին 42 երկրների կառավարությունն եր, վերջինը՝ ԱՄՆ-ը 1975 թ.։ Այնուամենայնիվ, այդ արձանագրությունը ստորագրած շատ երկրներում հայտնվեցին այդպիսի զենքի պահեստներ, իսկ նրանցից մի քանիսը մարտական գործողությունների ժամանակ գործադրեցին թունավոր գազեր. Ճապոնիան Չինաստանի դեմ (1937-1945), Եգիպտոսն Իսրայելի դեմ (1949), Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի դեմ (1951-1952), Իրաքը Իրանի դեմ (1980-1989)։
1970 թվականից սկսած աճեց մարտական թունավոր նյութերի կիրառման դեմ հանրության դատապարտումը, քանզի պարզվեց, որ անցյալում անվնաս համարված շատ քիմիական նյութեր ունակ են առողջությանը աննկատելիոր են աղետալի վնաս պատճառել (իպրիտ, զարին, արտասվաբեր գազեր)։
Արեւմտյան կիսապաշտոնական աղբյուրների տվյալների համաձայն 1982 թ. ԱՄՆ-ն իր տրամադրության տակ ուներ 82 հազար տոննայից ավելի մարտական թունավոր նյութեր (խորհրդային աղբյուրների համաձայն դրանց քանակը կազմել է մոտ 300 հազար տոննա)։ Քողարկվելով դաշնակիցների զորքեր կարգավիճակով՝ ամերիկացիները Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում պահում են քիմիական զենքի այնպիսի զինանոց, ինչպիսին ունի Ֆրանսիան։ Արտասահմանյան մամուլի տվյալներով՝ ԽՍՀՄ քիմիական զենքի պաշարները կազմել են 120-180 հազար տոննա։ 1992 թվականին Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ թունավորող նյութերի ընդհանուր պաշարները 40 հազար տոննայից չեն անցնում։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Դատեք ինքներդ. հաշվի առնելով դրանց թունավոր հատկությունները՝ մեկ մարդու ախտահարելու համար բավական է 3 միլիգրամ VX-գազ, իսկ 1 միլիոնին՝ ընդամենը 3 կիլոգրամ։ Կամ, 5 կգ զարինը միջին մեծության գետի մեջ լցնելու դեպքում, ձկները կսատկեն տվյալ տեղից ավելի քան 10 կմ հեռավորության վրա։
Տոկիոյի մետրոյում ահաբեկման գործողության հետեւանքով, երբ օգտագործվեց ացետոնիտրիլի հետ զարինի 3 կգ խառնուրդ, տուժեց 5,5 հազար մարդ։ Նրանցից հոսպիտ ալացվեց 80 հոգի, զոհվեցին 10-ը։
1996 թ. մարտի 21-ին Ռուսաստանի կառավարությունն ընդունեց «Ռուսաստանի Դաշնությունում քիմիական զենքի պաշարների ոչնչացման» դաշնային նպատակային ծրագիրը։ Վերջինս նախատեսվել է իրականացնել փուլառփուլ։
Ներկայումս ԱՄՆ-ում քիմիական զենքի ոչնչացման ծրագրով ստեղծված է անհրաժեշտ օրենսդրական հիմք, որն ապահովում է բնակչության էկոլոգիական ավտանգությունն ու պաշտպանությունը։
Այսպիսով, քիմիական զենքը ոչնչացնելու խնդրի լուծումը բախվել է շրջակա բնական միջավայրը պահպանելու եւ բնակչության այն հատվածի կյանքի ու առողջության անվտանգությունն ապահովելու լուրջ հիմնահարցերին, որն ապրում է քիմիական զենք պարունակող օբյեկտների մերձակայքում։
Դրանից գլխավորներն են՝ քիմիական զենքի ոչնչացման շրջաններում սոցիալական ենթակառուցվածքի ստեղծումն ու զարգացումը, այդ զինանոցների ոչնչացման տեխնոլոգիական գործընթացի անվտանգության ապահովումը, մարդկանց պաշտպանությունը եւ շրջակա միջավայրի առողջացումը։
Մասնագետների կարծիքով, ծրագրված նպատակներին հասնելու համար ամենից առաջ անհրաժեշտ են զենքի ոչնչացման անվտանգ‚ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ, հատուկ նախագծված ու սարքավորված օբյեկտներ, շրջակա միջավայրի, ինչպես նաեւ ոչնչացման աշխատանքներ կատարելու տարածքների բնակչության մոնիտորինգի բարձրարդյունավետ եւ հուսալի համակարգեր։
|