|
See the Armenian version.
Ճառագայթային իրադրության գնահատումը
Ճառագայթային իրադրությունը ժամանակին գնահատելու համար օբյեկտի քաղպաշտպանության շտաբը պետք է իմանա հետեւյալ ելակետային տվյալները.
- միջուկային պայթյունի ժամը, որի հետեւանքով տեղի է ունեցել օբյեկտի ճառագայթային վարակումը կամ կազմավորումների տեղաշարժվելու երթուղիները. այն կարող է որոշվել հետախուզության մարմինների կողմից, կամ ստացվել քաղաքի, մարզի ԱԻ եւ ՔՊ վարչությունից։ Եթե ինչ-որ պատճառով միջուկային պայթյունի ժամը չի պարզվել, ապա այն որոշում են հաշվարկման եղանակով.
- օբյեկտում ճառագայթման մակարդակները (երթուղիներում, կազմավորումների տեղաբաշխման շրջաններում) եւ միջուկային պայթյունից հետո դրանք չափելու ժամը։ Ճառագայթման մակարդակները որոշվում են սարքերով եւ չափվում ռենտգեն-ժամով (Ռ/Ժ)։ Չափումների արդյունքները գրանցվում են ճառագայթային հետախուզության եւ դիտման մատյանում.
- շենքերի, կառույցների, ապաստարանների, հակաճառագայթային պատսպարանների (ՀՃՊ), տրանսպորտային միջոցների կողմից ճառագայթման թուլացման գործակիցների արժեքները.
- առաջադրանքը կատարելու համար սահմանված ճառագայթահարման թույլատրելի բաժնաչափերը (դոզաները)։
Երբ տեղանքը ճառագայթաակտիվ (ռադիոակտիվ) վարակման է ենթարկվում, ապա դժվար է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում մարդիկ գործնականում չճառագայթահարվեն։ Ուստի ճառագայթաակտիվ նյութերով վարակված տեղանքում գործելիս սահմանվում են ճառագայթահարման թույլատրելի բաժնաչափեր, որոնք, որպես կանոն, մարդկանց ճառագայթային վնասման չեն ենթարկում։ Թույլատրելի բաժնաչափերը սահմանելիս հաշվի են առնում, որ ճառագայթահարումը կարող է լինել միապատիկ եւ բազմապատիկ։ Միապատիկ է համարվում առաջին չորս օրում ստացած ճառագայթահարումը։ Իսկ չորս օրը գերազանցող ժամանակում ստացած ճառագայթահարումը բազմապատիկ է։ Օրական թույլատրելի բաժնաչափերը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ առաջին օրերին ճառագայթահարման բաժնաչափի ավելի արագ կուտակում է կատարվում (այն պայմանով, որ հաջորդ օրերին կրկնակի վարակում չի լինի)։
Ճառագայթային պաշտպանության ռեժիմներ ասելով հասկանում ենք ճառագայթաակտիվ վարակման գոտիներում մարդկանց գործելու, ինչպես նաեւ պաշտպանության միջոցներ ու եղանակներ կիրառելու կարգը՝ նրանց ճառագայթահարման բաժնաչափերն առավելագույնս նվազեցնելու նպատակով։
Ռեժիմները սահմանում են մի շարք գործոններ, որոնք պետք է պահպանել։ Դրանք են՝ պաշտպանական կառույցների (ապաստարաններ, ՀՃՊ) օգտագործման հետեւողականությունն ու տեւողությունը, բնակելի եւ արտադրական շենքերում, բաց տեղանքում գտնվելու ժամանակը‚ անհատական պաշտպանության միջոցների, հակաճառագայթային պատրաստուկների օգտագործման կարգը։ Նշենք, որ ռեժիմները կախված են ճառագայթաակտիվ նյութերը թափվելու ժամանակից, տեղանքում դրանց բաժնաչափի հզորությունից, ապաստարանների, ՀՃՊ-ների, արտադրական ու բնակելի շենքերի պաշտպանական առանձնահատկություններից։ Բացի այդ, ռեժիմները մեկ նպատակ են հետապնդում՝ բացառել մարդկանց ճառագայթային ախտահարումները եւ գերճառագայթահարումը՝ ճառագայթաակտիվ տեղանքում գտնվելիս։
Հայտնի է, որ շենքերի ու կառուցվածքների կողմից ճառագայթման թուլացման գործակիցը կախված է շինարարական նյութից, կառուցվածքից ու հարկայնությունից։ Օրինակ, փայտյատները ճառագայթումը թուլացնում են 2-3 անգամ, իսկ դրանց նկուղները՝ 7-10, միհարկանի քարե տները՝ 10, իսկ դրանց նկուղները՝ 40-50, բազմահարկ քարե շենքերը՝ 400-500, դրանց նկուղները (ապաստարանները)՝ 1000 անգամ։
Եկեք քննարկենք տարբերակներից մեկը։ Վերցնենք մի բնակավայր, որտեղ գերակշռում են միհարկանի քարե (աղյուսե) տները։ Որպես ՀՃՊ օգտագործվում է նկուղը՝ ճառագայթման թուլացման 40-50 գործակցով։ Եթե այդ ավանը հայտնվել է Ա գոտում (մակերեսով ամենամեծ) եւ ճառագայթման բաժնաչափը պայթյունից մեկ ժամ անց հավասար է 80 ռենտգեն-ժամի, ապա ճառագայթային պաշտպանության ռեժիմի պահպանության ընդհանուր տեւողությունը կազմում է 4 օր։ Ինչպե՞ս օգտագործել այս ժամանակը։ Առաջին 12 ժամը պետք է անցկացնել նկուղում, այնուհետեւ 3,5 օր կարելի է տեղափոխվել տուն։ Փողոց դուրս գալ թույլատրվում է յուրաքանչյուր օրվա ընթացքում 1-2 ժամից ոչ ավելի, բնականաբար շնչառության օրգանների պաշտպանության միջոցներով եւ նախազգուշական մյուս հրահանգներն առավելագույնս կատարելով։
Ենթադրենք, որ այդ բնակավայրը հայտնվել է Բ գոտում։ Տունը եւ նկուղը նույնն են։ Միայն ճառագայթման (ռադիացիայի) բաժնաչափի հզորությունը պայթյունից մեկ ժամ հետո արդեն 240 ռենտգեն-ժամ է։ Այս դեպքում ռեժիմը պետք է պահպանել ոչ թե 4, այլ 15 օր։ Դրանցից 2 օրն անպայմանորեն գտնվել նկուղում։ Առաջին օրերի վերջին կարելի է 1 ժամով դուրս գալ։ Հաջորդ 3 օրը փոխառփոխ. 10 ժամ՝ ՀՃՊ-ում, 12 ժամ տանը, 2՝ փողոցում։ Եվ միայն վերջին 10 օրը կարելի է վերջնականապես տեղափոխվել տուն՝ օրական 1-2 ժամ փողոց դուրս գալու պայմանով։
Մարդկանց պաշտպանվածության աստիճանը տարբեր բնակավայրերում եւ օբյեկտներում, ինչպես նաեւ բնակչության զանազան խմբերի կենսագործունեության պայմանները՝ միատեսակ չեն։ Ուստի քաղպաշտպանության համակարգի բոլոր օղակները, պաշտպանության ռեժիմները կիրառելու հանձնարարականներին համապատասխան, բնակչության տարբեր խմբերի համար մշակում են պաշտպանության տիպային ռեժիմներ։
Բնակչության պաշտպանության ռեժիմները կիրարկման մեջ են դնում այդ բնակավայրերի ՔՊ պետերը, իսկ բանվորների ու ծառայողների համար՝ իրենց ձեռնարկությունների ՔՊ պետերը՝ ճառագայթային վտանգավոր օբյեկտում (հակառակորդի միջուկային հարվածից հետո) վթարի դեպքում ճառագայթային իրադրությունը գնահատելու հիման վրա։
Խոշոր բնակավայրում եւ տնտեսության մեծ օբյեկտում‚ բնակավայրի տարբեր շրջաններում եւ զանազան արտադրական տեղամասերում՝ ելնելով ճառագայթման մակարդակներից, պաշտպանական առանձնահատկություններից ու պաշտպանական կառույցների դիրքից, կարող են մտցվել պաշտպանության մի քանի ռեժիմներ։
Բացառիկ դեպքերում, երբ ճառագայթման բաժնաչափերը շատ բարձր են, հակաճառագայթային պատսպարանները եւ նկուղներն ունեն թուլացնելու ցածր գործակից, իրականացվում է բնակչության տարահանում։
Քիմիական իրադրության գնահատումը
Քիմիական իրադրության գնահատումն ընդգրկում է թունավոր եւ ուժեղ ներգործող թունավոր նյութերով վարակման մասշտաբի ու բնույթի որոշումը, օբյեկտների, ՔՊ ուժերի եւ բնակչության գործունեության վրա դրանց ազդեցության վերլուծությունը։
Քիմիական իրադրությունը գնահատելու ելակետային տվյալները
Այս գործում հիմնական տվյալներն են քիմիական զենքի կիրառման կամ ՈւՆԹՆ-երի արտահոսքի (արտանետման) շրջանն ու ժամանակը ԹՆ-երի կամ ՈւՆԹՆ-երի տիպը եւ քանակը,հարվածի, ախտահարման ժամանակ, եղանակային պայմանները, տեղանքի տեղագրական պայմանները, վարակված օդի շարժման ճանապարհին գտնվող կառուցապատման կամ բուսականության բնույթը, թունավոր նյութերի պահելու պայմաններն ու արտանետման (արտահոսքի) բնույթը, մարդկանց եւ գյուղատնտեսական կենդանիների պաշտպանվածության աստիճանը, պարենի, անասնակերի պահելու, տեխնիկայի ու այլ նյութական միջոցների պատսպարելու պայմանները։
Քիմիական իրադրությունը գնահատելու համար անհրաժեշտ է իմանալ նաեւ գետնամերձ քամու արագությունը եւ ուղղությունը, օդի ու հողի ջերմաստիճանը, օդի ուղղահայաց կայունության աստիճանը։ Այս օդերեւութաբանական տվյալներն օբյեկտի ՔՊ շտաբը ստանում է պարբերաբար օդերեւութաբանական կայաններից։
Մարտական ԹՆ-երի կիրառման հետեւանքով ստեղծված քիմիական իրադրությունը գնահատելիս որոշում են նաեւ դրանց տեղ հասցնելու միջոցները‚ գործադրման շրջանի մակերեսը, քիմիական հարվածի օջախի սահմաններն ու ԹՆ-երի տիպը, վարակված օդի տարածման խորությունը, տեղանքի ու տեխնիկայի վրա ԹՆ-երի կայունությունը‚ մաշկի պաշտպանության միջոցներում մարդկանց գտնվելու ժամանակը, բնակչության ու կազմավորումների անձնակազմի հնարավոր կորուստները։
|