|
See the Armenian version.
Սահմանափակ ծավալում մեծ քանակությամբ էներգիայի ակնթարթային անջատումը կոչվում է պայթյուն։
Պայթյունն առաջացնում է խիստ տաքացած եւ շատ բարձր ճնշում ունեցող գազ, որն ընդարձակվելիս քայքայիչ մեխանիկական ազդեցություն է գործում շրջակա միջավայրի վրա՝ շարժման մեջ դնելով այն։ Այն շարժումը, որի դեպքում տեղի է ունենում միջավայրի ճնշման, խտության եւ ջերմաստիճանի կտրուկ աճ, կոչվում է հարվածող ալիք։ Որքան ալիքը հեռանում է պայթյունի վայրից, այնքան թուլանում է նրա մեխանիկական ազդեցությունը։ Ամուր, պինդ միջավայրում պայթյուններն ուղեկցվում են դրանց փլուզմամբ եւ մասնատմամբ, իսկ ջրային կամ օդային միջավայրում առաջանում են ջրային կամ օդային հարվածող ալիքներ, որոնք էլ հենց շրջապատում գտնվող շինությունների վնասման եւ փլուզման պատճառ են դառնում։
Որո՞նք են պայթյունների պատճառները
Պատճառներն իրականում առաջանում են՝ • քիմիական էներգիայի անջատումից (հիմնականում պայթուցիկ նյութեր). • ներքին ատոմային էներգիայից (ատոմային պայթյուն). • մեխանիկական էներգիայից (երկնաքարերի անկում). • սեղմված գազի էներգիայից (գազատար խողովակ, գազի բալոնի ճնշման մեծացում). • էլեկտրամագնիսական էներգիայից (կայծակ, դետոնատոր եւ այլն)։
Պայթյունից պաշտպանվածությունը կենցաղում
Վերջին ժամանակներս լայն կիրառություն է գտել բնակարաններում բալոնով գազի օգտագործումը։ Սակայն միշտ չէ, որ բնակիչները գիտեն դրա շահագործման կանոնները, որոնք պարզ են։ Այդ կանոնները պետք է իմանալ եւ սովորեցնել երեխաներին։
Գազի բալոնը պետք է տեղադրել պատշգամբում, իսկ դրա հնարավորության բացակայության դեպքում՝ • գազօջախից առնվազն 80 սմ հեռավարության վրա. • վառարաններից եւ ջեռուցիչներից 1 մետրից ոչ պակաս հեռավորության վրա. • չի կարելի գազի բալոնը միացնել բնական գազ օգտագործող սալօջախի. • չի կարելի գազի բալոններ օգտագործել բարձրահարկ շենքերում. • գազը վառելիս սկզբում այրիչին մոտեցնել լուցկին եւ հետո միայն բացել գազի ծորակը. • գազով աշխատող սարքավորումները չթողնել առանց հսկողության, հատկապես, եթե դրանք հասանելի են երեխաներին. • լվացք չորացնելու համար գազատար խողովակներից պարաններ չկապել. • գազօջախը չօգտագործել ջեռուցման համար, գազի ոչ լրիվ այրումն առաջացնում է օրգանիզմի թունավորում. • չփորձել ինքնուրույն վերացնել գազօջախի անսարքությունները, քանի որ որեւէ գործիքով աշխատելիս կարող է կայծ առաջանալ, որը ճակատագրական հետեւանքներ կունենա. • գազի արտահոսքի տեղը կարելի է հայտնաբերել օճառաջրով, երբ ի հայտ են գալիս պղպջակներ։
Գազի արտահոսք կարող է լինել՝ • եթե գազօջախի բոցը հանգչում է հեղուկից կամ քամուց, մեխանիկական անսարքությունների կամ միացումների վնասվածքների պատճառով՝ գազի վրա տեղադրված կարգավորող սարքի միացման անսարքությունից։
Գազի արտահոսքի ժամանակ՝ • կրակ չվառել. • չմիացնել եւ չանջատել լուսավորման եւ էլեկտրական սարքավորումներ. • փակել գազի մատակարարման ծորակը. • շնչուղիները փակել շորով. • բացել պատուհանները. • կանչել վթարային ծառայություն՝ 1-04։
Որո՞նք են հնարավոր հետեւանքները
• Պայթյունները նյութական վնասի պատճառ են դառնում, վնասում եւ փլուզում են շինությունները, առաջացնում մարդկային զոհեր եւ այլ աղետներ։ • Ցավոք պայթյունները հազվադեպ չեն նաեւ բնակելի տներում։ Բնակիչների մեղքով կոմունալ եւ էներգետիկ տնտեսություններում գազի արտահոսքը պատճառ է դառնում շատ լուրջ վթարային իրավիճակի կամ աղետի։
|