Հրդեհ PDF  | Print |
See the Armenian version.

Այն չվերահսկվող այրումը, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ եւ կարող է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը կոչվում է հրդեհ։


Ի՞նչ անել կենցաղում հրդեհից խուսափելու համար



• Բոլոր դյուրավառ առարկաները եւ նյութերը պետք է առնվազն 80 սմ հեռավարության վրա գտնվեն ջեռուցող, տաքացնող սարքավորումներից ու վառարաններից։
• Կրակի մոտ չթողնել պայթունավտանգ նյութեր։
• Վառարանները վառելու համար չօգտագործել պայթունավտանգ հեղուկներ։
• Փայտը չչորացնել վառարանների մոտ։
• Ջեռուցող սարքավորումները եւ վառարանները պետք է գտնվեն չհրկիզվող առարկաների վրա։
• Միացրած ջեռուցող եւ տաքացնող սարքավորումները, հատկապես էլեկտրական եւ գազային, չթողնել առանց հսկողության։
• Չօգտագործել վնասված մեկուսացումով էլեկտրալարեր։
• Միաժամանակ չմիացնել մի քանի բարձր լարում ունեցող սարքավորումներ։
• Չօգտագործել ինքնաշեն ապահովիչներ։
• Երեխաներին չթողնել խաղալ հրդեհավտանգ առարկաների հետ եւ բացատրել դրանցից սպասվող վտանգը։
• Հրդեհավտանգ բոլոր առարկաները պահել երեխաներին անհասանելի տեղում։
• Երեխաներին այրվող կրակի մոտ չթողնել առանց հսկողության (մոմ, վառարան, նավթավառ եւ այլն)։
• Երեխաներին առանց հսկողության թույլ չտալ խաղալ «բենգալյան կրակների» եւ նմանատիպ սարքերի հետ։
• Սպիտակեղենը չչորացնել կրակի եւ ջեռուցիչների վրա։
• Անկողնում չծխել։


Ի՞նչ անել հրդեհի ժամանակ


Մեզանից ոչ ոք չի կարող համոզված լինել, որ հրդեհները կշրջանցեն մեզ եւ մեր երեխաներին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետք է իմանալ եւ երեխաներին սովորեցնել, թե հրդեհի ժամանակ ինչպես վարվել։ Գործելակերպը կախված է ստույգ իրավիճակից եւ հրդեհի տարածումից, սակայն ամեն դեպքում պետք չէ խուճապի մատնվել եւ կորցնել ինքնատիրապետումը։

Հրդեհի առաջացման դեպքում պետք է՝
• Շտապ ահազանգել հրշեջ ծառայություն՝ 1-01։
• Շատ դեպքերում, երբ հրդեհը նոր է բռնկվել, այն կարելի է հանգցնել նույնիսկ մեկ բաժակ ջրով կամ ավազով, խոնավ, հրդեհակայուն խիտ ծածկոցով։
• Եթե զգում եք, որ չեք կարող հանգցնել, պետք է ամենակարճ ճանապարհով շտապ լքել շինությունը։
• Հրդեհի դեպքում չի կարելի օգտվել վերելակից։
• Եթե շինության ներսն արդեն լցված է ծխով, ապա դուրս գալուց առաջ բերանը եւ քիթը պետք է փակել խոնավ թաշկինակով, դեմքը պահել հատակին մոտ։
• Եթե չեք կարող դուրս գալ շինությունից, ապա պետք է դռան ճեղքերը փակել թաց սավանով, ծածկոցով կամ այլ գործվածքով՝ ծխի մուտքը դեպի սենյակ կանխելու համար։
• Առաջին եւ երկրորդ հարկերից տարահանումը կարելի է կատարել ինքնուրույն՝ պատուհանից ցատկելով։
• Եթե ցատկելը վտանգավոր է, ապա ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով պետք է պատրաստել պարան՝ իրար կապելով սավան, ծածկոց կամ այլ հարմար գործվածքներ, ստուգել կապերի ամրությունը եւ պարանի օգնությամբ իջնել։
• Եթե ձեր հագուստը բռնկվել է, ապա պետք է հիշել` «կանգնի՛ր, ընկիր եւ գլորվիր» սկզբունքը, դադարեցնել ցանկացած գործողություն, ընկնել հատակին եւ գլորվել այնքան մինչեւ կրակը հանգչի։
• Եթե բռնկվել է մեկ ուրիշի հագուստը, ապա չպետք է թողնել, որ նա վազի, այլ նրան պիտի գցել հատակին եւ որեւէ գործվածքով հանգցնել կրակը։
• Այրվող շինություն չմտնել, մինչեւ չիմանաք, թե որտեղ է գտնվում օգնության կարիք ունեցող տուժածը։
• Եթե առանց վնասվելու կարող եք մտնել շինություն, ապա ձեր իրանի շուրջը պետք է կապել պարան եւ վերցնել ազդանշանային համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ձեզ դուրս բերել այնտեղից։
• Յուրաքանչյուր դուռ բացելուց առաջ այն պետք է շոշափել ձեռքի ափով եւ ստուգել դռան տակից դուրս եկող օդը, եթե դուռը տաք է, այն չի կարելի բացել։
• Եթե ներս մտնելն անվտանգ է, ապա պետք է խորը շունչ քաշել եւ նոր միայն բացել դուռը՝ դեմքը ձեռքով ծածկելով։


Ի՞նչ անել հրդեհից հետո


• Տուժածին դուրս բերել անվտանգ տեղ եւ նոր միայն առաջին օգնություն ցույց տալ։
• Ահազանգել շտապ օգնության ծառայություն՝ 1-03։
• Այրվածք ստացած մասերը սառեցնել միայն ջրով, ցանկալի է հոսող։
• Վարակումից խուսափելու համար չի կարելի այրված մասին դնել այլ հեղուկներ (ձեթ, մածուն, ձու, կարտոֆիլ եւ այլն)։
• Չի կարելի ջրով սառեցնել խորը թափանցող այրվածքները, որոնք ընդգրկում են մաշկի երկու շերտերը եւ խորանիստ հյուսվածքները։
• Տուժածին տալ մեկ լիտր ջրին մեկ թեյի գդալ աղ եւ 3-4 գդալ շաքարավազ պարունակող հեղուկ։
• Տուժածի մոտ մնալ մինչեւ շտապ օգնության ժամանումը կամ նրան տեղափոխել հիվանդանոց։