|
See the Armenian version.
Այն պատահարը, որն առաջացել է շարժվող մեխանիկական տրանսպորտային միջոցներից եւ կարող է մարդկանց վնասվածքի կամ մահվան, տրանսպորտային միջոցների, շինությունների վնասման, ինչպես նաեւ նյութական վնասի պատճառ դառնալ, կոչվում է ճանապարհատրանսպորտային պատահար։
Ինչպե՞ս խուսափել ՃՏՊ-ից
Սովորել եւ երեխաներին սովորեցնել երթեւեկության կանոնները՝ • Երեխաներին չթողնել առանց հսկողության։ • Փողոցն անցնել հատուկ հատկացված անցումներով։ • Քայլել երեխայի կողքից՝ նրա ձեռքը բռնած, եւ միշտ պատրաստ լինել երեխային պահելու, երբ նա փորձի վազել դեպի երթեւեկելի մաս։ • Երեխային չի կարելի թողնել, որ նա քայլի մայթեզրով. մեծերը միշտ պետք է քայլեն երթեւեկելի մասով։ • Երեխայի հետ չկանգնել մայթեզրին։ • Երեխային բացատրել եւ հասկացնել մայթուղում՝ հատկապես երթեւեկելի մասում, խաղալու վտանգավորության մասին։ • Երեխաներին բացատրել, որ երբ նրանք քար, ապակի, ձնագունդ, փայտ եւ այլ առարկաներ են նետում շարժվող մեքենաների վրա, ապա դա կարող է հանգեցնել վթարային իրավիճակների։ • Ամեն անգամ երեխային պետք է բացատրել, ցույց տալ եւ օրինակ ծառայել, որ միշտ պետք է քայլել փողոցի լայնքով, այլ ոչ թե այդ հատել, անցնել շեշտակի։ Երեխային պետք է բացատրել, որ դա արվում է երթեւեկելի մասով շարժվող տրանսպորտը լավ տեսնելու նպատակով։ • Տեսողության նորմայից զգալի շեղումներ ունեցող եւ հատկապես ակնոց դնող երեխաների ծնողներին խորհուրդ է տրվում հաշվի առնել, որ դրա պատճառով փողոցում երեխայի կողմից զննումն ու կողմնորոշումը շեշտակի դժվարանում են։ Կողմնային տեսողությունը, որ կարեւոր դեր է խաղում կողքից մոտեցող տրանսպորտը նկատելու համար, վատ տեսողություն ունեցող երեխաների մեջ զգալիորեն ավելի թույլ է, քան մյուսների։ Նպատակահարմար է, որ ակնոց դնող երեխան տեսողության պակասը լրացնի գլխի ավելի հաճախ թեքումներով եւ փողոցի աջ ու ձախ կողմերն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելով։ • Երեխային հասկանալի ձեւով պետք է բացատրել, որ լուսաֆորները (սվետոֆոր) կանգնեցնում են անցման համար ամենավտանգավոր տեղերում՝ խաչմերուկներում։ Այստեղ լինում է մարդկանց հոծ բազմություն, ամեն կողմից մոտենում են տրանսպորտային տարբեր տեսակի միջոցներ, եւ լուսաֆորների շնորհիվ է, որ խաչմերուկը կարող է լրիվ անվտանգ լինել։ Պարզապես պետք է լավ իմանալ, թե ինչ է ցույց տալիս լուսաֆորը եւ ինչպես է գործում։ • Եթե փողոցի անցումը կարգավորվում է լուսաֆորով, ապա պետք է անցնել միայն կանաչ լույսի դեպքում։ Կարմիր եւ դեղին լույսերի դեպքում չի թույլատրվում անցնել նույնիսկ այն ժամանակ, երբ շարժվող մեքենա չկա։ • Եթե լուսաֆոր չկա, ապա պետք է թողնել, որ մոտեցող մեքենան անցնի, սպասել, որ այն բավականաչափ հեռանա, քանի որ, երբ մեքենան մոտ է գտնվում, տեսադաշտը փոքր է, եւ հանդիպակաց կողմից եկող մեքենաները չեն երեւում։ • Պետք է փողոցն անցնել առանց շտապելու, եթե անգամ դիմացի մայթին տեսնում եք ծանոթ, ընկեր կամ անհրաժեշտ տրանսպորտ։ Նույնը պետք է սովորեցնել երեխաներին։ • Երթեւեկելի մասը պետք է անցնել հանդարտ քայլելով, այլապես երեխան կսովորի շտապել կամ վազել այն տեղերում, որտեղ պետք է առավել ուշադիր լինել անվտանգությունն ապահովելու համար։ • Պետք է երեխաներին սովորեցնել, թե նրանց ինչ վտանգ է սպառնում, եթե հայտնվեն շարժվող մեքենայի ճանապարհին, քանի որ վարորդը, որքան էլ փորձված լինի, ի վիճակի չէ վայրկենապես կանգնեցնելու մեքենան։ • Հասարակական տրանսպորտից իջնելու ժամանակ ծնողները պետք է երեխային օգնեն իջնելու, քանի որ փոքրիկը կարող է ընկնել եւ վնասվել, իսկ համեմատաբար մեծ երեխան՝ վազել դեպի երթեւեկելի մաս։ • Շատ կարեւոր է իմանալ հասարակական տրանսպորտից իջնելուց հետո փողոցն անցնելու ճիշտ ձեւը։ • Տրամվայից իջնելիս՝ պետք է ուղիղ անցնել փողոցը եւ հասնել մայրուղի, այնուհետեւ քայլել դեպի փողոցն անցնելու համար հատկացված հատվածը եւ նոր անցնել դիմացի մայրուղի։ Նմանապես պետք է վարվել նաեւ մնացած տրանսպորտային միջոցներից իջնելու ժամանակ։ • Չի կարելի փողոցն անցնել կանգնած տրանսպորտային միջոցի առջեւից կամ հետեւից, այլ անհրաժեշտ է սպասել, որ այն հեռանա, որպեսզի տեսադաշտն ազատ լինի։ • Երթեւեկելիս երեխաներին միշտ պետք է նստեցնել հետեւի նստարանին, չի թույլատրվում նրանց կանգնեցնել նստարանի վրա։ Սա բացատրվում է այն բանով, որ մեքենայի կտրուկ արգելակման ժամանակ երեխան կարող է իներցիայով դիպչել մեքենայի ապակուն կամ այլ պարագաների եւ վնասվել։ • Երեխային պետք է սովորեցնել , որ մեքենայից առաջինն իջնում են հայրը կամ մայրը, եւ նա պետք է սպասի մինչ ծնողներն իրեն կիջեցնեն։ • Շատ կարեւոր է երեխաներին սովորեցնել, թե նրանք ինչպես կարող են գնալ դպրոց եւ վերադառնալ տուն, ինչպես նաեւ այն տեղերը, ուր ուղարկում են ծնողները։ Տուն - դպրոց ուղին սովորեցնելու համար ծնողները երեխաների հետ նախապես պետք է անցնեն այդ ճանապարհը։ Այդ ընթացքում պետք է երեխաներին ցույց տալ ճանապարհի վտանգավոր հատվածները եւ բացատրել, թե որն է դրանց վտանգը։ Անհրաժեշտ է, որ ընտրված ուղիում քիչ լինեն փողոցն անցնելու պահեր։ • Երկկողմանի փողոցներն անցնելիս՝ նախ պետք է ուշադիր նայել դեպի ձախ, վտանգ չլինելու դեպքում նոր միայն անցնել, հասնելով ճանապարհի կեսին՝ նայել աջ եւ զգուշությամբ հատել փողոցը։ • Մեծ ուշադրություն պետք է դարձնել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների (հրշեջներ, ոստիկաններ, շտապ օգնություն, փրկարարներ եւ այլն) մոտենալուն, որի մասին նրանք տեղյակ են պահում հատուկ ձայնային ազդանշանի եւ մեքենայի վերեւի մասում տեղակայված կարմիր կամ կապույտ գույնի լուսաթարթիչների միջոցով։ • Այս մեքենաններին ճանապարհ են տալիս մյուսները, եւ հետիոտը պետք է իմանա, որ ամեն պարագայում անհարժեշտ է ճանպարհը զիջել։ Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները կարող են անցնել անգամ կարմիր լույսի տակով։ • Քաղաքից դուրս մայրուղիներն անհրաժեշտ է անցնել ճանապարհի առավել լավ երեւացող հատվածներով։ • Պետք է հիշել, որ քաղաքից դուրս գտնվող ճանապարհներով քայլելիս ամենաանվտանգ հատվածը ճամփեզրի ձախ կողմն է՝ շարժվող մեքենաներին ընդառաջ։ Այս դեպքում մեքենայի մոտենալը նախօրոք երեւում է, եւ անհրաժեշտության դեպքում ժամանակ կլինի դուրս գալ ճանապարհի անվտանգ մաս։
Ի՞նչ պետք է հիշեն վարորդները
• երթեւեկելիս չգերազանցել սահմանված արագությունը. • մեքենան պահել սարքին վիճակում. • մեքենայում ունենալ կրակմարիչ եւ առաջին բուժօգնության արկղիկ. • մեքենան վարել սթափ վիճակում. պետք է հիշել, որ դրանից կախված է ոչ միայն ձեր կյանքը. • պահպանել երթեւեկության կանոնները։
Ի՞նչ անել պատահարից հետո
• Զանգահարել շտապ օգնություն կամ փրկարար ծառայություն։ • Ապահովել անվտանգությունը, առաջին հերթին անջատել շարժիչը, ապա կատարել մնացած գործողությունները։ • Եթե դեպքի վայրն անվտանգ է, ցուցաբերել առաջին օգնություն։ • Հրդեհի կամ պայթյունի դեպքում չմոտենալ եւ որեւէ մեկին չթողնել մոտենալ մեքենային։ • Տուժածին տեղափոխել վտանգավոր տարածքից։
|