Երկրաշարժի տեղեկացման կարգը PDF  | Print |
See the Armenian version.

ՍՊԱԾ-ի բազմապարամետրային դիտացանցը բաղկացած է ավելի քան 150 կայաններից, որոնք տեղակայված են հանրապետության ողջ տարածքում։

Ծառայությունում շուրջօրյա հերթպահություն է սահմանված եւ մասնագետների կողմից մշակվում են դիտացանցի կայանների գրանցած բոլոր տվյալները։

Երկրակեղեւի թեթեւ ցնցումները` մինչեւ 4 բալայնությամբ երկրաշարժերը, մարդիկ հիմնականում չեն զգում, դրանց մասին իմանում են միայն մասնագետները։ Իսկ ահա 4 եւ ավելի բալայնությամբ ցնցումները զգալի են, հետեւաբար բնակչությանը պետք է իրազեկել տեղի ունեցած երկրաշարժի մասին` իսկ դրա համար կա հատուկ սահմանված կարգ։ Նախնական տվյալները պետք է պատրաստ լինեն 20 րոպեի ընթացքում։

Երկրաշարժի գրանցումից անմիջապես հետո հեռաչափական համակարգի եւ համաշխարհային սեյսմոլոգիական ցանցի ԱՅՐԻՍ կայանի միջոցով մշակվում են տեղի ունեցած երկրաշարժի նախնական տվյալները։

ՍՊԱԾ տնօրեն Ալվարո Անտոնյանն ասում է.
- Զգալի երկրաշարժի դեպքում,անկախ նրանից, այն ավերիչ է, թե` ոչ, լինում է զանգերի գրոհ։ Եւ ոչ միայն ծառայություն, այլ նաեւ մեր աշխատակիցների բջջային հեռախոսներին, տան հեռախոսներին։ Իհարկե, մենք փորձում ենք կանխել խուճապը, քանի որ դա շատ կարեւոր է, որովհետեւ մեր փորձը ցույց է տվել, որ հաճախ խուճապի պատճառով խաթարվում է նորմալ աշխատանքը։

Ստացված նախնական տվյալների մուտքագրումից հետո համակարգչի հատուկ ծրագրի միջոցով որոշվում է գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը, հստակ ժամանակը եւ ուժգնությունը։

Եթե, օրինակ, գրանցված երկրաշարժի ուժգնությունը 7 բալ է, ուրեմն առանց րոպե կորցնելու
պետք է պատրաստել հաղորդագրություն, որը կուղարկվի հանրապետության ղեկավարությանը`
նախագահի եւ վարչապետի աշխատակազմերին, ԱԱ նախարարին, ՓԾ տնօրենին եւ զանգվածային լրատվության միջոցներին։

- Պետք է ասեմ, որ շատ հաճախ տարածվում են անհարկի, ոչ օբյեկտիվ եւ ոչ ճիշտ հայտարարություններ։ Օրինակ, այսպիսի լուր է տարածվում, որ դա կրկնվելու է եւ վաղը ժամը 2-ին լինելու է ավելի ուժեղ, ավերիչ երկրաշարժ։ Մենք պետք է բնակչությանը իրազեկենք, որ այդպիսի հայտարարություններ ոչ ոք չի կարող անել, որովհետեւ այսօր այդ խնդիրը լուծված չէ։ Այսինքն` ասել, թե ապագայում, որ օրը, որ ժամին եւ ինչ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել, ոչ մեկը չի կարող - ասում է Ալվարո Անտոնյանը։

ՍՊԱԾ-ի տնօրենը, տեղեկանալով Հայաստանի տարածքում գրանցված բավական ուժեղ երկրաշարժի մասին, պետք է շտապ հրավիրի մասնագիտական խորհրդի նիստ։ Նա կարգադրում է նաեւ, որ մի քանի հերթապահ պատասխանի միայն բնակչության զանգերին։

Մինչ մասնագիտական խորհուրդը քննարկի տեղի ունեցածն ու որոշի անելիքները, օպերատորներն արդեն վերջնական տեսքի են բերում համապատասխան հաղորդագրությունները։

ՍՊԱԾ-ի տնօրենը պատմում է, որ այնուհետեւ սեյսմիկ ռիսկի գնահատման բաժինը համապատասխան համակարգի, ծրագրերի միջոցով հաշվարկում է, թե տվյալ երկրաշարժը, որը փաստորեն զգալի է կամ ուժեղ, ինչ հետեւանքներ կարող է ունենալ, որ բնակավայրերին է մոտ, այդ բնակավայրերն ինչպիսի պարամետրեր ունեն` այսինքն բնակչության թիվ, խոցելի շենքեր, շինություններ եւ այլն։

Երկրաշարժի պարամետրերի արդեն ճշտված տվյալները, որոնք հիմնականում նախնականից գրեթե չեն տարբերվում, ՍՊԱԾ-ը 45 րոպեի ընթացքում տրամադրում է Ճգնաժամային կառավարման կենտրոնին, որտեղից էլ դրանք տրամադրվում են ԶԼՄ-ներին։

Ուժեղ Երկրաշարժի գրանցման պահից հետո 2 ժամվա ընթացքում ՍՊԱԾ-ը կազմում է նախնական սեյսմիկ վտանգի գնահատման փաթեթ, երկրաշարժի գրանցման պահից ոչ ուշ, քան 3,5 ժամվա ընթացքում նախապատրաստվում եւ անցկացվում է բրիֆինգ` համապատասխան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։