Երկրաշարժ PDF  | Print |
See the Armenian version.

Ստուգիր ինքդ քեզ


• Գիտե՞ք, թե օրվա մեծ մասը որտեղ եք անցկացնում։
• Ընտանիքի անդամները գիտե՞ն երկրաշարժից հետո որտեղ հանդիպել։
• Որոշե՞լ եք ձեր անելիքը, եթե երկրաշարժի ժամանակ շենքի ներսում եք։
• Բնակարանի‚ աշխատատեղի միջանցքներն ու ելքերն ազա՞տ են։
• Բնակարանի‚ աշխատավայրի ելքի մոտ կա՞ պայուսակ՝ փաստաթղթերով‚ առաջին անհրաժեշտության իրերով եւ դեղարկղով։
• Մեծ‚ ծանր ու դյուրավառ առարկաները տեղադրվա՞ծ են պահարանների ներքեւի դարակներում։
• Ծանր ու մեծածավալ կահույքը‚ ջահերն ու լուսամփոփները հուսալիորեն ամրացվա՞ծ են։
• Մահճակալները տեղադրվա՞ծ են պատուհաններից‚ հայելիներից հեռու, կրող պատերի տակ։ Այդ պատերի վրա չկա՞ն դարակներ‚ ծանր շրջանակով նկարներ եւ այլն։
• Կենցաղային տեխնիկայի սարքերն իրարից բաժանվա՞ծ են փափուկ միջադիրներով։
• Գիտե՞ք‚ թե ինչպես առաջին օգնություն ցույց տալ տուժածներին։
• Գիտե՞ք, որ ցնցումներից արթնանալիս պետք է օգտվեք միայն գրպանի լապտերիկից՝ հնարավոր հրդեհներից ու պայթյուններից խուսափելու համար։



Ի՞նչ անել երկրաշարժից առաջ


Երկրաշարժից առաջ հարկավոր է ամեն ինչ անել արդեն ստեղծվածը‚ մեր բոլորի տքնաջան‚ հանապազօրյա աշխատանքով կյանքի կոչվածը պաշտպանելու համար։


Հարկավոր է հիշել‚ որ երկրաշարժը չի կատարում եղանակի եւ ժամի ընտրություն, այն կարող է տեղի ունենալ տարվա բոլոր եղանակներին եւ օրվա ցանկացած ժամի։ Դա նշանակում է, որ այդ ժամանակ դուք կարող եք լինել տանը կամ աշխատատեղում, փողոցում կամ տրանսպորտում, արթուն կամ քնած։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաշվի առնել երկրաշարժի հնարավորհետեւանքներից պաշտպանվելու բոլոր գոյություն ունեցող միջոցները։ Թույլ մի՛ տվեք‚ որ երկրաշարժը ձեզ անակնկալի բերի։ Մարդիկ օրվա մի զգալի մասն անցկացնում են շինություններում (շենքերում), մանկապարտեզում, դպրոցում, ԲՈՒՀ-ում, ձեռնարկությունում կամ այլ աշխատատեղում, ուրեմն սկսեք հենց դրանից։ Պարզեք‚ թե ինչպիսի՞ շենքում եք ապրում կամ աշխատում‚ ի՞նչ պետք է անեք մինչ երկրաշարժը, երկրաշարժի ընթացքում կամ դրանից հետո։ Որպեսզի երկրաշարժը ձեզ անակնկալի չբերի‚ նախօրոք մտածեք եւ պարզեք ձեր անելիքները։


Երկրաշարժից առաջ


Ձեզ համար պարզեք‚ թե օրվա մեծ մասը որտեղ եւ ինչ տիպի շենքում եք անցկացնում։ Հաշվի առնելով այդ շենքի առանձնահատկությունները (ցածրահարկ, բարձրահարկ‚ սեյսմակայուն կամ ոչ‚ հին կամ նոր կառույց)՝ մշակեք ձեր վարքագիծը հնարավոր ուժեղ երկրաշարժի ժամանակ։ Նկատի ունեցեք այն հանգամանքը, որ երկրաշարժը կարող է տեւել մի քանի վայրկյան։
• Նախապես մշակեք ընտանիքի անդամների հավաքատեղի պլան‚ որոշեք որտեղ եք դուք եւ ընտանիքի անդամները հանդիպելու‚ եթե երկրաշարժի ժամանակ իրար կորցնեք։
• Բնակարաններում մի՛ կատարեք շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ձեւափոխություններ, հատակագծային վերակառուցումներ‚ մի՛փորեք շենքի հիմքը թուլացնող նկուղներ, կրող պատերում որմնախորշեր մի՛ բացեք, տանիքներում ջրի մեծ տարողություններ մի տեղադրեք։
• Նախապես որոշեք աշխատատեղի, բնակարանի ամենաանվտանգ եւ ապահով տեղերը‚ ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ։ Դրանք են՝ շենքի միջին մասի հիմնական կրող պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները եւ այլն։
• Բնակարանների, աշխատատեղերի, շենքերի մուտքերն ու աստիճանահարթակներն ազատեք մեծածավալ առարկաներից։ Ազատ պահեք դեպի ելք տանող միջանցքները եւ պահեստային ելքերը։
• Բնակարանի ելքի մոտ ունեցեք պայուսակ՝ առաջին անհրաժեշտության իրերով (փաստաթղթեր, դեղարկղ, դրամ, տաք հագուստ, ծածկոց, քնապարկ, ռադիոընդունիչ, լապտերիկ, նոր մարտկոցներ եւ այլն)։
• Ստորին հարկերի պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձրեք շարժական։
• Բնակարաններում եւ աշխատատեղերում ճիշտ տեղադրեք կահույքը։ Բարձր եւ ծանր կահույքը, ջահերն ու լուսամփոփները, այն բոլոր իրերը‚ որոնք ցնցումներից կարող են շրջվել, պոկվել, հատուկ հարմարանքներով լավ ամրացրեք։ Ծանր առարկաները տեղադրեք դռներից հեռու, ամուր ամրացրեք հատակին կամ պատերին, քանի որ դրանք‚ տեղաշարժվելով կամ շրջվելով‚ կարող են փակել ելքը։
• Ծանր եւ դյուրաբեկ առարկաները տեղադրեք պահարանների ներքեւի դարակներում։
• Մահճակալները տեղավորեք կրող պատերին կից, պատուհաններից հեռու։ Մահճակալների վերեւում ծանր շրջանակներով նկարներ‚ հայելիներ կամ դարակներ մի կախեք։
• Կենցաղային տեխնիկայի սարքերն իրարից բաժանեք փափուկ միջադիրներով։ Ամուր ամրացրեք տաք ջրի տարաները։
• Տան էլեկտրականության եւ գազի ընդհանուր անջատիչները տեղադրեք բոլորին հասանելի տեղում‚ որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անջատել բոլորը միասին։ Սովորություն դարձրեք մշտապես գազն ու էլեկտրական սարքերն ընդհանուր վահանակից անջատել։
• Դյուրավառ հեղուկները պահեք հերմետիկ, մետաղյա տարաներում։
• Բոլոր այն տեղերը, ուր կարող է հրդեհի վտանգ առաջանալ՝ ազատեք դյուրավառ առարկաներից եւ նյութերից։
• Բաց եւ մատչելի տեղում ունեցեք կրակմարիչներ եւ ընտանիքի բոլոր անդամներին սովորեցրեք դրանց օգտագործման ճիշտ ձեւը։
• Տանը միշտ ունեցեք լապտերիկ, շարժական ռադիոընդունիչ եւ նոր մարտկոցներ։
• Եթե ունեք դպրոցահասակ երեխաներ, բացատրեք‚ թե ինչ պետք է անեն նրանք‚ եթե երկրաշարժի ժամանակ դպրոցում են։
• Նախօրոք սովորեք եւ ուրիշներին էլ սովորեցրեք տուժածներին առաջին օգնություն ցույց տալու միջոցներն ու ձեւերը։


Եթե որոշել եք, որ կարող եք դուրս գալ շենքից


• Նախօրոք զննեք տան եւ աշխատատեղի շրջակայքը‚ որոշեք եւ մեկընդմիշտ հիշեք այն բաց տարածքները՝ հրապարակ, պուրակ, մարզահրապարակ եւ այլն, որոնք կարող են անվտանգ լինել երկրաշարժի ժամանակ տնից դուրս անցկացնելու համար։
• Նախապես մտածեք‚ թե երկրաշարժի ժամանակ ինչպես եք հնարավորին չափ կարճ ժամանակում եւ արագ դուրս գալու այն շենքից, որտեղ ապրում եք, աշխատում կամ սովորում։ Հիշեք, առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերից կարող եք դուրս գալ։



Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ


Չափազանց դժվար է երկրաշարժի առաջին պահերին մնալ նորմալ հոգեվիճակում։ Բայց հարկավոր է ուժ գտնել պահելու սառը դատողությունը՝ հիշելով‚ որ կարող ենք փրկել մեզ եւ ուրիշներին‚ նրանց‚ ովքեր կարող են ունենալ մեր օգնության կարիքը։ Խուճապի մի մատնվեք։ Խուճապն ինքնին երկրաշարժի պես եւ երկրաշարժի չափ վնասաբեր է։ Երկրաշարժի ժամանակ առաջացած առաջին զգացողությունն ու ցանկությունը շենքից արագ հեռանալն է։ Դա ճիշտ է հատկապես պակաս դիմացկուն շենքերում գտնվողների համար։ Դա ճիշտ է‚ բայց ոչ միշտ է հնարավոր անել‚ հատկապես‚ եթե ապրում եք բարձրահարկի վերին հարկերում։


• Եթե ներսում եք‚ մնացեք այնտեղ եւ պատսպարվեք նախապես որոշված անվտանգ տեղերում։ Առաջին ցնցման ավարտից հետո անմիջապես դուրս եկեք բնակարանից։
• Շենքի ստորին հարկերում գտնվելիս անմիջապես դուրս եկեք։ Հագնվելու համար ավելորդ ժամանակ մի կորցրեք։ Վերցրեք անհրաժեշտ իրերով պայուսակը եւ հեռացեք բաց տարածք։ Դուրս գալու հնարավորություն չունենալու դեպքում պատսպարվեք ապահով տեղերում՝ հեռու մնալով արտաքին պատերից եւ պատուհաններից։
• Եթե բարձր հարկերում եք (4-րդ եւ ավելի) եւ ժամանակը չի հերիքի դուրս գալու համար‚ մի ցատկեք պատուհանից։ Հեռու մնալով արտաքին պատերից, պատուհաններից‚ վայր ընկնող‚ թափվող առարկաներից՝ պատսպարվեք եւ ցնցումների ավարտին սպասեք՝ բնակարանի նախապես որոշած անվտանգ տեղերում։ Կանգնեք շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, դրանցով կազմված անկյունների‚ հենասյուների մոտ‚ մտեք սեղանի կամ մահճակալի տակ։
• Արագ հեռացեք անկյունային սենյակներից‚ ապակեպատ միջնորմներից‚ դռների եւ լուսամուտների բացվածքներից‚ աստիճանավանդակներից եւ վերելակներից։ Հեռացեք չամրացված կահույքից եւ այն առարկաներից‚ որոնք կարող են վայր ընկնել։
• Ստորգետնյա ցնցումներից արթնանալիս օգտվեք միայն գրպանի լապտերիկից՝ հնարավոր հրդեհներից եւ պայթյուններից խուսափելու համար։ Անմիջապես փակեք գազի եւ ջրի փականները, անջատեք էլեկտրականությամբ աշխատող սարքերը։
• Եթե փոշի է բարձրացել եւ կա խեղդվելու վտանգ‚ հագուստով ծածկեք ձեր շնչուղիները։
• Եթե դրսում եք‚ շարժվեք դեպի բաց տարածք, հնարավորին չափ հեռու մնացեք էլեկտրահաղորդալարերից եւ խոշոր շինություններից։
• Մի փորձեք մտնել շենք որեւէ մեկին օգնելու համար‚ սպասեք ցնցումների ավարտին։ Եթե շենքից հեռանալիս մոռացել եք վերցնել որեւէ կարեւոր իր‚ մի վերադարձեք։ Ուժեղ երկրաշարժերը հաճախ կարճատեւ‚ երբեմն րոպեների տարբերությամբ իրար հաջորդող ցնցումներ են։ Հիմնական հարվածից խարխլված շենքը կարող է փլվել հաջորդ ավելի թույլ ցնցումներից։
• Եթե մարդաշատ հասարակական վայրում եք, մի շտապեք դեպի ելքը, բոլորը չեն հասցնի միասին դուրս գալ։ Հետեւեք վերոհիշյալ ցուցումներին։
• Եթե երկրաշարժի ժամանակ մեքենա եք վարում, արագ կանգնեցրեք այն ճանապարհի եզրին‚ եթե կարող եք՝ գտեք բնակավայրից հեռու որեւէ բաց տարածք, որքան հնարավոր է խուսափեք խոշոր կառույցներից, էլեկտրասյուներից, կամուրջներից։ Իսկ եթե բնակավայրերից հեռու եք‚ հնարավոր փլուզումներից ու քարահոսքերից խուսափելու համար մեքենան մեծ թեքություններից եւ ցցուն ժայռալանջերից հեռու կանգնեցրեք։
• Նույն կերպ պետք է վարվեն նաեւ հասարակական փոխադրամիջոցների վարորդները։ Նրանք պետք է անմիջապես բացեն դռները, իսկ ուղեւորները մեքենայից դուրս գալիս պետք է խուսափեն ավելորդ հրմշտոցից՝ նկատի ունենալով, որ մեքենայի մեջ կամ դրսում անվտանգության չափը նույնն է։



Ի՞նչ անել երկրաշարժից հետո


ՄԻ՛ հուսահատվեք
Երկրաշարժերից հետո‚ հատկապես եթե այն փլուզումներ է առաջացրել‚ շատ դժվար է մնալ սառնասիրտ‚ պահել հանգստությունը‚ բայց եթե ուզում եք օգնել ձեզ եւ ուրիշներին՝ ապա․
• Ավերիչ ցնցումներից հետո արագ գնահատեք իրադրությունը եւ կողմնորոշվեք հետագա անելիքներում։ Պահպանեք հանգստություն եւ կանխեք խուճապը։
• Ցնցումների ավարտից հետո շենքից դուրս գալու համար միօգտագործեք վերելակը‚ այն կարող է վնասված լինել։ Բացի այդ‚ էլեկտրականության անջատման դեպքում կարող եք կես ճանապարհին մնալ։ Եթե հայտնվել եք փլատակների տակ, միհուսահատվեք, փորձեք սառնասրտորեն գնահատել իրավիճակը։ Հնարավորության դեպքում տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ‚ օգնեք ձեզ եւ ուրիշներին։ Ջանացեք կապ հաստատել (գոռալ‚ հարվածել հնչեղ առարկաներով) փլատակներում եւ դրսում գտնվողների հետ։ Աշխատեք համատեղ ջանքերով գտնել այդ որոգայթից ազատվելու ելքը։
• Փլատակներում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում խուճապի մի մատնվեք‚ խնայեք ուժերը‚ ավելորդ շարժումներ միարեք‚ սննդի առկայության դեպքում պաշարը բաժանեք մի քանի մասի եւ խնայողաբար օգտագործեք։ Հիշեք‚ որ ձեզ փնտրում են։ Օգնեք ձեզ գտնել։
• Եթե դրսում եք‚ մի շտապեք շենք մտնել՝ որեւէ մեկին օգնելու‚ առավել եւս թանկարժեք իրերը փրկելու նպատակով‚ հիմնական ցնցումներից հետո լինում են ուժեղ հետցնցումներ‚ որոնց հավանականությունը մեծ է առաջին րոպեներին։ Դրանք կարող են նոր ավերածություններ առաջացնել։
• Առաջին հերթին օգնություն ցույց տվեք վիրավորներին, փլատակների տակ մնացածներին։
• Երեխաներին եւ ծերերին տեղափոխեք համեմատաբար անվտանգ տարածք։
• Միացրեք ռադիոն եւ հետեւեք պաշտոնական հաղորդագրություններին։
• Եթե ձեր կացարանը քիչ է տուժել եւ հնարավոր է այնտեղ ապրել‚ ապա ստուգեք, ձեր բնակարանում կա՞ն‚ արդյոք‚ գազատարի, ջրատարի եւ կոյուղու վնասվածքներ։
• Պահարանների եւ խորդանոցների դռները բացելիս զգույշ եղեք‚ որպեսզի ձեզ վրա չընկնեն ծանր առարկաներ կամ աչքերը փոշի չլցվեն։
• Հրդեհներից ու համաճարակներից խուսափելու համար խստորեն պահպանեք հակահրդեհային եւ սանիտարահիգիենիկ կանոնները։
• Եթե կյանքին սպառնացող անմիջական վտանգ չկա‚ միօգտագործեք հեռախոսը։ Մի ծանրաբեռնեք այն երկրորդական հարցերով։ Դրանով դուք անուղղելի վնաս կարող եք հասցնել ուրիշներին։
• Ինքներդ մի տարածեք եւ կանխեք չստուգված լուրերի‚ տեղեկությունների եւ ենթադրությունների տարածումը՝ հատկապես նոր ավերիչ ցնցումների հնարավորության մասին։
• Բաց պահեք անցումներն ու ճանապարհները։ Վտանգավոր տեղերում նախազգուշացնող նշաններ դրեք։
• Տարահանման‚ (էվակուացիայի) դեպքում ձեր գտնվելու վայրի մասին տեղեկություն թողեք տանը ձեր ընտանիքի անդամների եւ այլոց համար։
• Հաշվարկեք փրկված, վիրավորված‚ փլատակներում մնացած եւ անհայտ տեղերում գտնվող մարդկանց թիվը, պարզեք ձեր եւ շրջապատի առաջնահերթ կարիքները, կապ հաստատեք մոտակա շենքերի, տարբեր ծառայությունների ներկայացուցիչների հետ։
• Երկրաշարժի հետ առնչվող կանխանշանների, բնական փոփոխությունների (ճեղքառաջացում, սողանք, փլվածք), ուղեկցող երեւույթների (ձայն, լույս, ջրերի փոփոխություն) եւ այլ դիտարկումների մասին գրառումներ արեք։ Դրանք կարող են անփոխարինելի լինել հետագա ուսումնասիրությունների համար։